Հայաստանում ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է 44%, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ:Այս մասին են վկայում այսօր ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) ներկայացրած «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները-2014» հետազոտության արդյունքները:Բնակչության ֆինանսական ունակությունների (գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի եւ վարքագծի ամբողջություն) գնահատումն իրականցվել է 7 ուղղություններով՝ ֆինանսական ներգրավվածություն, պարտքի կառավարում, բյուջեի կառավարում, խնայողություններ, տնտեսության ազդեցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգություն: Հետազոտության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, կարեւորում եւ զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն գիտելիքների պակասի պատճառով՝ ոչ այնքան արդյունավետ: Օրինակ, մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը եւ խուսափում է անհարկի պարտքերից, սակայն, ընդամենը 23%-ն է տեղյակ, թե ինչ են իրենցից ներկայացնում վարկի անվանական եւ փաստացի տոկոսադրույքները: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի խոսքով՝ հետազոտությունը կնպաստի, որ ֆինանսական կրթման ծրագրերը լինեն ավելի հասցեական եւ արդյունավետ: «Հետազոտությունը յուրահատուկ է նրանով, որ դրա մեթոդաբանությունը մշակվել է մեր կողմից: Արդեն իսկ ստացել ենք միջազգային փորձագետների դրական արձագանքները եւ վստահ ենք, որ շարունակելով գործակցել Ֆինանսական ներգրավվածության ալիանս (AFI) միջազգային կառույցի հետ, ֆինանսական ունակությունների գնահատման այս նոր մեթոդաբանությունը տարածում կգտնի նաեւ զարգացող այլ երկրներում»,- ասել է նա:Հետազոտությունը կատարել է ՀՀ ԿԲ-ն` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆինանսական ներգրավվածության ալյանս (AFI) միջազգային կառույցի աջակցությամբ: Tweet Դիտում՝ 3411