Երեւանում քննարկվել է ապահովված գործարքների համակարգի ներդրումը

03.04.2015 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում քննարկվել են ապահովված գործարքների համակարգի ներդրման բարեփոխումներին վերաբերող հարցեր:

«Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողովն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում:

«ԱՄՆ ՄԶԳ-ն Համաշխարհային բանկի հետ համատեղ աջակցել է Հայաստանում ապահովված գործարքների համակարգը ներդրելուն, ինչը կնպաստի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիությանը եւ կխթանի երկրում տնտեսական աճը»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի Տնտեսական զարգացման գրասենյակի ղեկավար Նարեն Չանմուգամը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսական ռեսուրսներին դժվար հասանելիությունը համակարգային խնդիր է, որի հիմնական պատճառներից մեկը խիստ անհամապատասխանությունն է ֆինանսական կառույցների կողմից որպես գրավ պահանջվող գույքի եւ ՄՓՄՁ-ներին պատկանող գույքի միջեւ: Արդյունքում, այն ՄՓՄՁ-ները, որոնք չունեն անշարժ գույք, հաճախ մերժվում են ֆինանսական հաստատությունների կողմից կամ ընդհանրապես վարկ չեն վերցնում բարձր տոկոսադրույքների պատճառով:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի համակարգող Անժելա Պրիգոժինան իր հերթին ասել է, որ այս բարեփոխումները կարող են խթանել Հայաստանում մասնավոր ոլորտի աճին:

«Հայաստանը սահմանափակ ֆինանսական միջոցներ ունի, այնպես որ դիվերսիֆիկացումը եւ նորարարական տնտեսության ստեղծումը կնպաստեն աճի ավելի մեծ տեմպերին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Եթե վարկատուն համոզված չլինի, որ իր տրամադրած վարկերն ապահովված են, ապա կդադարի դրանք տրամադրել»,- նշել է նա:  

«Հայաստանը նոր է սկսում համակարգի ձեւավորման գործընթացը, հետեւաբար մենք ունենք հնարավորություն ճիշտ քայլեր իրականացնել»,- ասել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի խոսքով՝ օրենսդրական բարեփոխումները թույլ կտան, որ ՄՓՄՁ-ները եւ անհատները որպես վարկի ապահովման միջոց գրավադրեն մեքենաներ, գույք, բերք, սարքավորումներ եւ շարժական գույքի այլ տեսակներ:

«Նշված օրենսդրական փաթեթն ԱԺ-ն ընդունել է 2014թ. դեկտեմբերին, որն այնուհետ ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ին, որից հետո ակնկալվում է վարկավորման պայմանները բավարարող, ինչպես նաեւ փաստացի վարկավորում ստացող ՄՓՄՁ-ների թվի աճ»,- տեղեկացրել է նա:

Ըստ Արսեն Մկրտչյանի՝ օրենսդրական բարեփոխումները վստահություն կհաղորդեն ֆինանսական հաստատություններին առ այն, որ վարկերի մարման ձախողման դեպքում իրենք կկարողանան ձեռք բերել տվյալ գույքը:

Դիտում՝ 3041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW