Այսօր Երեւանում կայացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ կազմակերպված «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի 14-րդ սեմինարը, որին մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների ղեկավարներ: «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ն օգնում է հայ ներկրողներին եւ արտահանողներին իրականացնել առավել արդյունավետ միջազգային առեւտուր, նվազեցնել ռիսկերը, լիարժեք բացահայտել իրենց ներուժը եւ ընդլայնվել դեպի միջազգային շուկաներ: Սա պարբերաբար իրականացվող միակ համակարգված աշխատաժողով դասընթացն է հաճախորդների եւ տեղական բիզնեսների համար: Միջոցառման ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առեւտրի ֆինանսավորման փորձագետները ներկաներին փոխանցել են միջազգային առեւտրի ոլորտում արդի միտումների մասին իրենց գիտելիքները եւ փորձը: «Հայաստանի նման երկրների համար չափազանց կարեւոր է ունենալ առեւտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք: Կարեւոր է նաեւ այն, որ հայաստանյան ներկրողներին եւ արտահանողներին հասանելի լինեն անհրաժեշտ ֆինանսական գիտելիքները»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:Նրա խոսքով՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում իրենց ունեցած 150 տարվա միջազգային փորձը թույլ է տալիս նման աջակցություն ցուցաբերել: «Օրեցօր ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են կազմակերպություններն առեւտրի ֆինանսավորման գործիքները գերադասում կանխավճարային տարբերակից, քանի որ առաջիններն ավելի ապահով են, նվազ ռիսկային եւ ֆինանսապես առավել արդյունավետ»,- հավելել է նա:Թիես Քլեմենցը նշել է, որ 2014թ. արդյունքներով, ԱՄՆ-ն Հայաստանից արտահանող երկրների 5-րդ տեղում է, ինչը փաստում է, որ հայկական բիզնեսները կարող են անել շատ ավելին՝ օգտվելով ԱՄՆ-ում արտահանման հնարավորություններից՝ հաշվի առնելով նաեւ խոշոր Սփյուռքի առկայությունը: Նա հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի, որ հավակնոտ հայկական կազմակերպությունները դիտարկեն ամերիկյան շուկայում իրենց բիզնեսն ընդլայնելու հնարավորությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ իր հիմնական նպատակներից է երկու երկրների միջեւ բիզնեսի եւ առեւտրային հարաբերությունների զարգացումը: «Եթե ամերիկյան եւ հայկական բիզնեսներն ավելի շատ իմանան միմյանց մասին, ապա կկարողանանք խորացնել կապերը: Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում հինգերորդը լինելը դրական ցուցանիշ է: Սակայն ամերիկացիները սիրում են առաջինը լինել, եւ եթե հնարավորություն կա այդ մասնաբաժինն ավելացնել, ցանկանում եմ որ մենք դա անենք»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:Նա նշել է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում որոշակի ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ն ունի տեխնիկական փորձառություն՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, ագրոբիզնես, հանքարդյունաբերութուն: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը՝ Ռիչարդ Միլսը նշել է, որ առեւտրային ներդրումների համար ԱՄՆ-ի դռները մնում են բաց: Բանկի Առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանն էլ նշել է, որ «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի հիմնական նպատակն է հայ գործարարներին ծանոթացնել առեւտրի ֆինանսավորման գործիքների հետ: Այս անգամ միջոցառման շեշտը դրված է ԱՄՆ-Հայաստան առեւտրային հարաբերությունների վրա: «Ներգրավել ենք կազմակերպություններ, որոնք կա՛մ արդեն իրականացնում են կա՛մ պլանավորում են առեւտրային հարաբերություններ հաստատել ամերիկյան շուկայում»,- ասել է նա:Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առւետրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը, ներկայացնելով 2014թ. արդյունքները, նշել է, որ բանկի առեւտրի ֆինանսական բաժինը գրանցել է առեւտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալների 35% աճ (31.8 մլրդ դրամ): Նույն տարվա ընթացքում առեւտրի ֆինանսավորման գծով եկամուտներն աճել են 51%-ով: Առեւտրի ֆինանսավորման շուկայական մասնաբաժինը կազմել է 37%: Tweet Դիտում՝ 15834