ՀՀ գործարար հատվածի ներկայացուցիչներն այսօր Երեւանում մասնակցել են «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով խորհրդակցությանը:Այն կազմակերպել էին ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հետ համատեղ:ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան ներկայացրել է ԵՏՄ միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ընթացքում անդամ երկրների շուկաների միջեւ արգելքների եւ սահմանափակումների վերացման վերաբերյալ հետազոտության արդյունքները:«Ցանկանում ենք լսել հայ գործարարին, հասկանալ ինչ խոչընդոտների առաջ են կանգնում նրանք եւ փորձել դրանց լուծում տալ»,- ասել է Տատյանա Վոլովայան՝ կարեւորելով հայ գործարարների հետ տարվող աշխատանքը՝ միասնական շուկաների ռեժիմ մշակելու ուղղությամբ: Նա նշել է, որ ԵՏՄ-ում քննարկվելու է ազգային համարվող շուկաներում միասնական շուկա ձեւավորելու հարցը, իսկ Հայաստանի համար կարեւորել է ալկոհոլի, ծխախոտի, դեղագործության, նավթի, էլեկտրաէներգիայի եւ գազի շուկաների կարգավորման խնդիրը:Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նշել է, որ նմանատիպ հանդիպումները անմիջական կապ են ստեղծում գործարար համայնքի ու պետության միջեւ եւ հարթակ հանդիսանում խնդիրների բարձրացման, ինչպես նաեւ հուզող հարցերի պատասխանների ստացման համար:ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ ՀՀ էկոնոմիային նախարարությունն ակտիվ համագործակցում է գործարար համայնքի հետ: Նա հույս է հայտնել, որ կառավարությունն ու գործարար հատվածը ձեռք ձեռքի տված քայլեր են ձեռնարկելու առկա խնդիրների վերացման համար:ԵՏՄ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանն էլ նշել է, որ նախորդ ամիսները կարելի է համարել անցումային, որի ընթացքում որոշ խնդիրներ լուծվել են: Նա կարծիք է հայտնել, որ մոտակա ժամանակներում առաջընթացն առավել նկատելի կլինի: Tweet Դիտում՝ 2346