Երեւան, 6 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր առավոտյան Երեւանում սպանվել է Հայաստանի պետական հարկային ծառայության օպերատիվ քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Շահեն Հովասափյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Շահեն Հովասափյանը դուրս է եկել Բայրոնի փողոցում գտնվող իր բնակարանից: Նա նստել է իր ծառայողական մեքենան, որից հետո պայթյուն է հնչել, որի արդյունքում Շահեն Հովասափյանը տեղում մահացել է: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իրավապահ մարմիններին խիստ հանձնարարականներ է տվել ձեռնարկելու բոլոր միջոցները` Հարկային Պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը հնարավորինս արագ բացահայտելու համար: Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Ռոբերտ Քոչարյանը իր ցավակցությունն է հայտնել Շահեն Հովասափյանի հարազատներին: “Հանցավոր գործելաոճը, որն ուղղված է պետության կողմից հարկային վարչարարության խստացման եւ բոլորի համար հավասար հարկային պայմաններ ստեղծելու գործադրվող ջանքերի դեմ, խստիվ դատապարտելի է եւ ի զորու չէ փոփոխել պետության նպատակաուղղված քաղաքականությունը այդ ոլորտում՚, - ասել է Վիկտոր Սողոմոնյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8669