ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%

24.03.2015 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:

Միաժամանակ՝  իջեցվել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ մինչեւ 12%:

ԿԲ-ում նշել են, որ 2015թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

«Արտաքին հատվածում վերջին զարգացումները հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ եվրոգոտու եւ թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես եւ սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ տնտեսությունում հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության եւ շինարարության ճյուղերում սպասվածից բարձր աճով:

«Մյուս կողմից, նախորդ տարեվերջի զարգացումներով պայմանավորված, ՀՀ ֆինանսական եւ ապրանքային շուկաների լարվածությունը թուլացել է, որի հիման վրա էլ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցումը՝ իջեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը եւ վերականգնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքից դրա բնականոն՝ 1.5 տոկոսային կետով հեռացվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ն հիշեցնում է, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը, որն, առաջին եռամսյակում իրականացված մակրոպրուդենցիալ այլ միջոցառումների հետ մեկտեղ, էականորեն չեզոքացրել է նախորդ տարվա վերջին պարտադիր պահուստավորման խստացման ազդեցությունը: Դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում է եւ առաջիկայում եւս կնպաստի տնտեսական ակտիվության աճին:

Դիտում՝ 2329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW