Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պարզաբանում է

20.03.2015 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը Banks.am-ի խնդրանքով պարզաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումները՝ երաշխավորված ավանդի չափերի հնարավոր փոփոխության վերաբերյալ:

«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է երաշխավորված ավանդների չափերի վերանայման վերաբերյալ հարցը եւ առաջարկություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկին: Նախատեսվում է օրենքով սահմանված երաշխավորված ավանդների սահմանաչափերի  բարձրացում. միայն դրամային ավանդների երաշխավորման չափը՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամ, իսկ միայն արտարժութային ավանդների երաշխավորման չափը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ»,- նշել է Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ներկայում գործող օրենքի համաձայն՝ բոլոր բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի միայն դրամային ավանդները երաշխավորվում են մինչեւ 4 մլն ՀՀ դրամ, իսկ միայն արտարժութային ավանդները`մինչեւ 2 մլն ՀՀ դրամ սահմանաչափով:

Հիմնադրամի տնօրենը Banks.am-ի հետ զրույցում մեկնաբանել է նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները՝ նշելով, որ դրանք բխում են ավանդատուների շահերից, մասնավորապես.

- գործող օրենքի համաձայն՝ հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ավանդատուի նույն բանկում ունեցած ավանդի եւ պարտավորության տարբերության հիման վրա, իսկ նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա գումարը պետք է հաշվարկվի ավանդատուի՝ նույն բանկում ունեցած ավանդի եւ միայն խնդրահարույց պարտավորության տարբերության հիման վրա,

- եթե ներկայում ավանդատուն երաշխավորված ավանդը ստանալու համար գրավոր պահանջ կարող է ներկայացնել 1 տարվա ընթացքում, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ավանդատուն պահանջը կարող է ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, ընդ որում՝ 3 տարվա ընթացքում:

Ինչպես տեղեկացրել է Հերմինե Հարությունյանը, նախագիծը, որի մշակման աշխատանքներին մասնակցել է նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ներկայում ընդգրկված է Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի օրակարգում:

«Երաշխավորված ավանդների չափերի փոփոխությունը, ինչպես նաեւ նախագծում տեղ գտած լրացումներն ու փոփոխությունները կնպաստեն ավանդատուների շահերի պաշտպանության ամրապնդմանը եւ ավանդների երաշխավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,- վստահեցրել է Հերմինե Հարությունյանը:

Դիտում՝ 5017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW