Այսօր ՀՀ կառավարության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող երեք ֆինանսական փաստաթուղթ:Առաջին փաստաթուղթը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի €10 մլն ծավալով վարկային համաձայնագիրը, ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը: Բացի այդ՝ ստորագրվել է նաեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:Ծրագրի շրջանակում նախատեսվում է Վրաստանի սահմանին մոտ գտնվող Այրում քաղաքում (Հայաստան) կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի նոր փոխակերպիչ կայան, ինչպես նաեւ կառուցել էլեկտրահաղորդման գիծ երկու երկրների միջեւ: Ծրագրի նպատակն է անվտանգ եւ տնտեսապես շահավետ եղանակով բավարարել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը: Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն են տրամադրել նաեւ այլ կառույցները. Գերմանիայի կառավարության անունից €85.2 մլն-ի վարկային աջակցություն է տրամադրել գերմանական Վերականգնման վարկերի բանկը (KfW), €10 մլն-ի դրամաշնորհ է տրամադրվել ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակում, ինչպես նաեւ հատկացումներ են կատարվել Հայաստանի (€1.5 մլն) եւ Վրաստանի (€6.6 մլն) սեփական միջոցներից: «Անվտանգ եւ հուսալի էներգամատակարարումն էապես կարեւոր է Հայաստանի եւ Վրաստանի բնակչությունների կենսամակարդակի բարձրացման համար: Ծրագիրը նաեւ կխթանի տարածաշրջանային առեւտուրը, հիդրոէլեկտրաէներգիայի օգտագործման ներուժը, ինչպես նաեւ կնպաստի օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացմանը` օտարերկրյա ներդրողներին հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու միջոցով»,- ասել է Վիլհելմ Մոլտերերը:«ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի քաղաքացիների հիմնական կարիքների բավարարման, մասնավորապես, արդյունավետ էլեկտրացանցերի միջոցով կայուն էներգամատակարարման հնարավորության ապահովման հարցում»,- իր հերթին ասել է ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:Ստորագրված երրորդ փաստաթուղթը «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրումային համաձայնագիրն է: Համագործակցության առաջին փուլում Հայաստանը, ներդնելով €1 մլն, կստանա մոտ €20 մլն դրամաշնորհ: Այդ միջոցները պետք է օգտագործվեն ավելի մեծ ներդրումային ծրագրերում: Հայաստանում իրականացվելիք ծրագրերի նպատակն է վերջնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար տնտեսապես շահավետ դարձնել էներգախնոյողության, վերականգնվող էներգետիկայի եւ շրջակա միջավայրի բարելավման ծրագրերը: Համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվող ծրագրերը կանցնեն քննարկման փուլ եւ Հայաստանի կողմից հավանության արժանանալու դեպքում կսկսվի դրանց իրականացումը: Tweet Դիտում՝ 2337