ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը իրականացնում է ինտեգրացիոն գործընթաց՝ դյուրացնելու համար հայ բեռնափոխադրողների աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում:Այսպես, ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար այսուհետ չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաեւ դեպի երրորդ երկիր եւ երրորդ երկրից՝ մեկանգամյա թույլտվություններ: Հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից ԵՏՄ անդամ երկիր եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս:ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների հետ հանդիպմանը ձեռք է բերվել համաձայնություն՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում կիրառելու «Կաբոտաժային» փոխադրումներ։ Իսկ 2015թ. փետրվարին ՌԴ մայրաքաղաքում ստորագրվել է «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնելու մասին արձանագրություն:ՀՀ բեռնափոխադրողներին 2016թ. հունվարի 1-ից հնարավորություն կընձեռվի իրականացնելու մինչ այժմ արգելված «Կաբոտաժային» փոխադրում, ինչը այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի կողմից մեկ այլ պետության տարածքում գտնվող երկու կետերի միջեւ իրականացվող ներքին փոխադրում է:«Կաբոտաժային» փոխադրումները կներդրվեն 4 փուլով: Եթե առաջին փուլում անդամ պետությունները հնարավորություն կունենան միայն արձանագրությունում նշված մարզերի միջեւ կատարել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում, ապա գործընթացի հաջորդական փուլերով՝ մինչեւ 2025թ., առավել կդյուրացվի եւ հնարավորություն կտրվի «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնել ԵՏՄ անդամ պետությունների ամբողջ տարածքով:«Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն այս տարբերակը «հիանալի լուծում է համարել հայ բեռնափոխադրողների համար»:«Այսօր արդեն Ռուսաստանում բեռի ձեւակերպումից հետո մեքենաները մաքսային ձեւակերպում ստանում են միայն Վերին Լարսի եւ Բագրատաշենի անցակետերում, որտեղից մեքենան անմիջապես գնում է պատվիրատուի հասցեով: Սա թե ժամանակի խնայողություն է (մինչ այս մի քանի օր շարունակ մեքենաները մնում էին ճանապարհին), թե ավելորդ թղթաբանական ձեւակերպումներից է զերծ պահում»,- ասել է Հերբերտ Համբարձումյանը:Նա տեղեկացրել է, որ հայ բեռանփոխադրողները դիմել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ Վերին Լարսի անցակետում ԵՏՄ անդամ պետություններում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղի ունենալու խնդրանքով: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը բարձրացված հարցի վերաբերյալ այս պահին քննարկումներ է սկսել ԵՏՄ անդամ պետությունների հետ՝ մաքսակետերում փոխադրումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այդ գործընթացը կկրճատի ժամանակը՝ նպաստելով բեռների փոխադրման ինքնարժեքի իջեցմանը:«Թվարկված միջոցառումների իրականացումը միտված է ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ձեւավորելու միասնական շուկա»,- նշել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Tweet Դիտում՝ 2533