Խախտումներ՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում

13.03.2015 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել:

Բեռնափոխադրումների գների բարձրացում

ՏՄՄՊՀ-ում նշել են, որ երկաթուղային փոխադրումների ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնող ՀԿԵ-ն չարաշահումներ է կատարել: Մասնավորապես, ընկերությունը վերջին 3 տարիներին բարձրացրել է միջպետական եւ ներպետական բեռնափոխադրումների գները:

Ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թթ. բարձրացվել են 5-17%-ով, իսկ միջպետականը՝ մինչեւ 17%:

Պարզվել է նաեւ, որ ընկերության կատարած գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին:

Այսպես, 2012թ. ընկերության ծախսերը նախորդ տարվա համեմատ 1 տոննա/կմ-ի հաշվով ավելացել են 5,4%-ով, գինը՝ 4,8%-ով: 2013թ. ծախսերն ավելացել են 2,5%-ով, իսկ բեռնափոխադրման գինը բարձրացել է 4,3%-ով: Այսինքն, եթե 2012թ. բեռնափոխադրման գները 0,6%-ով քիչ են բարձրացվել, ապա փոխարենը 2013թ. 1,8%-ով ավելի բարձր գին է սահմանվել:

Օրենսդրական խախտումներ

Հանձնաժողովը պարզել է, որ 2010-ից ի վեր ՀԿԵ-ն չի համաձայնեցրել եւ չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը
ներառում է բազմաթիվ տվյալներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները:

Բացի այդ, որոշ դեպքերում ՀԿԵ-ի ներկայացուցիչները, առանց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան լիազորագրերի, մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների միջեւ կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:

9,3 մլրդ դրամի կուտակած վնաս

Ոսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ ՀԿԵ-ի հասույթի հիմնական մասը՝ մոտ 95%-ը, ձեւավորվում է 3 ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք եւ հանքանյութ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 մլրդ դրամ, որն էլ, ըստ ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումների, եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը:

Հանձնաժողովը ստուգել է նաեւ կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը եւ պարզել, որ նման ծավալի վնասը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված եւ ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների հետեւանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում է նաեւ ընկերության վնասի չափը:

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները` ընկերության կատարած ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով:

Բացի այդ, կուսումնասիրվի նաեւ գնումների կազմակերպման գործընթացը:

Տրվել է նախազգուշացում

Հաշվի առնելով ընկերությունում ձեւավորված խոշոր վնասի առկայության փաստը` հանձնաժողովը որոշել է նախազգուշացում տալ եւ պահանջել, որ ՀԿԵ-ն այսուհետ հետեւի մրցակցային օրենսդրության պահանջներին:

«Քանի որ բացահայտումների հիմնական մասը գտնվում է ոլորտը կարգավորող մարմնի` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության դաշտում, ուստի հանձնաժողովի որոշմամբ ուսումնասիրությունների ամբողջ փաթեթը կուղարկվի նախարարություն: Բացի այդ, ոլորտի կարգավորման, ինչպես նաեւ ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով հանձնաժողովը ձեւավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք եւս կտրամադրի շահագրգիռ կողմերին»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Դիտում՝ 2796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW