ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ Հայաստանը Քուվեյթի համար կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շուկա դուրս գալու լավ հարթակ:Այս մասին վարչապետն ասել է Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ ալ Վազանի հետ հանդիպմանը:Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, կազմակերպել բիզնես ֆորումներ: ՀՀ վարչապետը հանդիպել է նաեւ «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ ալ Ուաքայանի հետ: Վերջինս նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում եւ պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար:Նա հիշեցրել է, որ արաբական հիմնադրամը Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում: Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Ավելի վաղ ՀՀ եւ Քուվեյթի կառավարությունները ստորագրել էին զբոսաշրջության եւ գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Tweet Դիտում՝ 2065