Այսօր Երեւանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը: Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Երեւան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում, ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Կարֆուր»-ի եւ «Երեւան մոլ»-ի միջեւ ստորագրվել էր դեռ 2014թ. մայիսին՝ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի ղեկավարի պետական այցի շրջանակում:«Կարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց բոլոր ակցիաները մրցակից խանութների համեմատ ավելի մատչելի են լինելու: Նրա խոսքով՝ երեւանյան «Կարֆուր»-ը առաջնահերթությունը տալու է հայկական արտադրողներին: Քրիստիան դը Նալը նշել է, որ իրենց հաջողության հիմնական գրավականը խանութի գրավիչ գներն են: «Իհարկե, մենք նաեւ ընդլայնվելու նպատակներ ունենք: Երեւանի նման մեկմիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքն արժանի է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի «Կարֆուր»»,- ասել է հիպերմարկետի տնօրենը: Առաջին «Կարֆուր» խանութը բացվել է Փարիզում 1963թ.: Ներկայում այն հիպերմարկետների երկրորդ ամենախոշոր ցանցն է աշխարհում, 30 երկրում ունի մոտ 16 հազ. խանութ: Tweet Դիտում՝ 74151