«Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի եւ «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջեւ այսօր ստորագրվել է միջազգային կառավարման պայմանագիր:Փաստաթուղթը ստորագրել են «Գոլդեն Փելես» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը եւ «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման մասով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը: Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Արտաշես Ավետիսյանը, էկոնոմիկայի նախարարության, «Կարլսոն Ռեզիդոր»-ի եւ «Գոլդեն Փելես»-ի ներկայացուցիչներ: Կարեն Ճշմարիտյանը ողջունել է «Կարլսոն Ռեզիդորի» մուտքը Հայաստան եւ նշել, որ այն կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ կնպաստի երկրում հյուրանոցային արդյունաբերության եւ ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը:«Նման հյուրանոցային ցանցերի ավելացումը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար կարեւորագույն իրադարձություններից է, որովհետեւ սա ընդգծում է եւս մեկ անգամ Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, եւ ընդհանրապես` համաշխարահային զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանի դիրքերի ուժեղացման ազդակ է», - ընդգծել է նախարարը:«Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման գծով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որն ունի ահռելի պատմություն, հայտնի է մշակութային բազմաթիվ վայրերով, հուշարձաններով եւ անչափ հետաքրքիր է: Հիշեցնենք, որ «Կարլսոն Ռեզիդորը» աշխարհում ամենամեծ եւ ամենաարագ զարգացող հյուրանոցային խմբերից մեկն է, որը ներկա է 105 երկրներում՝ գործող եւ կառուցվող ավելի քան 1350 հյուրանոցներով եւ 180 000 հյուրասենյակներով: «Կարլսոն Ռեզիորի» պորտֆելը ներառում է մի շարք հզոր համաշխարհային ապրանքանիշեր. Quorvus Collection, Radisson Blu, Radisson, Radisson Red, Park Plaza, Park Inn by Radisson եւ Country Inns & Suites By CarlsonSM: Խումբն ունի 88 000 աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակները գտնվում են Մինեապոլիսում (ԱՄՆ) եւ Բրյուսելում (Բելգիա): Tweet Դիտում՝ 7051