Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանումն ու ներմուծումը

25.02.2015 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունը դյուրացրել է ենթաակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացը՝ պայմանավորված Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությամբ:

«ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված` ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքների համար նախկինում «Արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով ձեւակերպում ստանալու փոխարեն, այժմ լրացվում է պարզեցված «Տարանցիկ հայտարարագիր»: Իսկ օդային ճանապարհով արտահանվող ենթաակցիզային ապրանքները մաքսային ձեւակերպում չեն ստանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում հենց ԵՏՄ անդամ երկրներում, կարելի է ասել, որ Միության անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար»,- ասել է ֆինանսների նախարարության՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը:

Միաժամանակ՝ դյուրացվել է ԵՏՄ երկրներ արտահանվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացը:

Ըստ Սուրեն Ղազարյանի՝ ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում եւ ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձեւակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքներին, ապա այս դեպքում նույնպես ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն եւ ձեւակերպումներ չեն իրականացվում:

«Տնտեսվարողները նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում եւ վճարվում է մաքսային մարմիններին»,- ասել է նա:

Նշենք, որ ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների համար ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն պահանջվում:

Մաքսատանը հայտնել են նաեւ, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չեն կատարվել երրորդ երկրներից Հայաստան ենթաակցիզային ապրանքների ներուծման ընթացակարգերում, սակայն, պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, որոշ ապրանքների մասով ավելացել են մաքսատուրքի դրույքաչափերը: Մասնավորապես, բարձրացվել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտի մաքսատուրքի դրույքաչափերը, իսկ դիզվառելիքի, էլեկտրամեկուսիչ հատկություններով յուղերի մաքսատուրքը 0-ից դարձել է 5%:

Դիտում՝ 2235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW