ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերը: Առաջին փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ձեւավորել նոր խորհուրդ, որը մինչեւ շաբաթվա վերջ պետք է խորհրդի նիստ հրավիրի` ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվել է խորհրդում ընդգրկել նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ամբողջ փաթեթը։«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100% բաժնետոմսերից բացի՝ մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաեւ առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,- ասել է նախարարը:Քննարկմանը մասնակցել են նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Յաղջյանը եւ այլք:Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապեւտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապեւտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով եւ այլն, ինչպես նաեւ ռադիոիզոտոպների արտադրություն: Tweet Դիտում՝ 1836