Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն այսօր լրագրողներին ասել է, որ բանկը կապիտալի համալրման խնդիր չի տեսնում եւ 2017թ. կհասնի ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) սահմանած նվազագույն՝ 30 մլրդ դրամ կապիտալի չափին:Տիգրան Դավթյանն ասել է, որ ներկայում դիտարկում են կապիտալի համալրման բոլոր հնարավորությունները՝ բանկերի միաձուլում, բանկի գնում, իսկ այս տարբերակների բացակայության դեպքում՝ կապիտալի համալրում բաժնետիրոջ միջոցների հաշվին:«Բաժնետերն այդ խնդիրը չունի, գումարն էլ էապես մեծ չէ: Կապիտալի մեծությամբ Կոնվերս Բանկը բանկային համակարգում ներկայում առաջին տասնյակում է ՝ զբաղեցնելով 8-րդ տեղը: Մեզ համար այսօր խնդիր չէ կապիտալի համալրումը»,-ասել է նա: Տիգրան Դավթյանի խոսքով՝ պարտադիր պահուստավորման խնդիր բանկը չունի՝ շնորհիվ 2014թ. վարած կոնսերվատիվ քաղաքականության: «Կոնվերս բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. վերջին կազմել է 23 մլրդ դրամ՝ 2013-ի համեմատ աճելով է մոտ 20%-ով: Բանկի իրացվելիությունը բավական բարձր է»,-ասել է նա՝ տեսակետ հայտնելով, որ պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացումը հանգեցնելու է ծախսերի ավելացման, «ինչն անմիջական անդրադարձ է ունենում բանկի շահութաբերության վրա»:«2015թ. բավական դժվար տարի է լինելու ե՛ւ բանկային համակարգի, ե՛ւ տնտեսության համար, ինչի արդյունքում որոշակի փոփոխություն կա վարկային քաղաքականության մեջ: Դա, բնականաբար, կապված չէ վարկային պորտֆելի կրճատման հետ, այլ ռիսկերի զսպման եւ կոնսերվատիվ քաղաքականության արդյունք է: Բանկը շարունակում է վարկերի տրամադրումը, փոքր ինչ շտկումներ են մտցվել դրամային վարկերի մեջ՝ կապված դրամի տոկոսադրույքի բարձրացման հետ,- ասել է Տիգրան Դավթյանը: - Կցանկանայինք վարկային պորտֆելն ավելի ագրեսիվ աճեցնել, ինչն իր հերթին տնտեսության մեջ գումարներ ներարկելու հնարավորություն կտար, բայց բոլորս հասկանում ենք, որ կա ճգնաժամ»: Tweet Դիտում՝ 4513