Նախկին ԽՍՀՄ-ի նոր դպրոցները

29.01.2015 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսական РБК Недвижимость պարբերականը կազմել է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում վերջին 15 տարվա ընթացքում հայտնված արտասովոր կրթական կառույցների ցուցակը, որում ընդգրկվել է նաեւ UWC Dilijan քոլեջը:

Ներկայացնում ենք ցուցակը որոշակի կրճատումներով:

Աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն Մոսկվայում (ՌԴ)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Վաղ աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը 1994–1999 թթ. նախագծել է Անդրեյ Չեռնիխովի ճարտարապետական արվեստանոցը (Andrey Chernikhov Architectural Studio):

Մանկական կառույցի ճակատային մասերը հարդարված են այնպես, որ երեխաների մոտ շրջապատող աշխարհի հանդեպ հետաքրքրություն առաջացնեն: Այդ նպատակին են ծառայում ուրվանկարի բեկյալ գծերը, արտասովոր պատուհանները, արտաքին պատերի եւ դասարանների գույները:

Բաթումիի Տեխնոլոգիական համալսարան (Վրաստան)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

2013թ. Բաթումիում ավարտվել է 35-հարկանի շենքի շինարարությունը, որը նախատեսված էր Վրաց-ամերիկյան տեխնոլոգիական համալսարանի համար: 16 քմ. մակերեսով եւ 200 մ բարձրությամբ երկնաքերը նախագծել է երիտասարդ վրացի ճարտարապետ Դավիթ Գոգիչաիշվիլին: Շենքի ճարտարապետական առանձնահատկությունն է «սատանայի անիվը», որը 100 մ բարձրության վրա է ներկառուցված: 8 խցիկներում միաժամանակ կարող է 40 հոգի գտնվել:

200-մետրանոց աշտարակը Կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր շենքներից է:

2015թ. հունվարին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Դմիտրի Կումսիշվիլին ասել է, որ համալսարանն այդ շենքը չի զբաղեցնի, եւ օբյեկտը հանվելու է վաճառքի: Փոխնախարարի խոսքով՝ շենքը կարող է որպես հյուրանոց ծառայել:

Էկոլոգների «կանաչ» դպրոցը Մոսկվայում (ՌԴ)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Էկոլոգիայի խորացված ուսուցման 446-րդ միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է 2011-2013 թթ.՝ «կանաչ» ճարտարապետության սկզբունքների կիրառմամբ:

Կիրառվել է «տաք տուն» ճակատային համակարգը, օգտագործվել է տանիքի հատուկ ծածկույթ, օդի մաքրման հատուկ համակարգ:

Դպրոցի առանձնահատկությունը բաձր առաստաղներն են, ինչի շնորհիվ բոլոր հատվածները բնական լավ լուսավորություն ունեն: Նոր կրթական շենքում կան պարարվեստի եւ սպորտի դասարաններ, որոնք ելք ունեն դեպի առաջին հարկի տանիք, որպեսզի լավ եղանակի ժամանակ բացօթյա պարապմունքներ անցկացվեն:

Երաժշտագեղարվեստական դպրոց Սալդուսում (Լատվիա)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

2013թ. լատվիական Սալդուս քաղաքում Made Аrhitekti-ի ռիգացի ճարտարապետների նախագծով կառուցվել է Երաժշտագեղարվեստական դպրոց:  

Մինիմալիստական էկո-ոճի ճակատային մաս ստեղծելու համար օգտագործվել են փայտե վահանակներ եւ մեծ պատուհաններ, իսկ կրող կոնստրուկցիաները պատրաստված են մոնոլիտ երկաթբետոնից:

Քանի որ դպրոցում պահվում են աշակերտների երաժշտական գործիքները, շենքում օգտագործվում է հատուկ կլիմայի վերահսկողության համակարգ:

UWC Dilijan College Դիլիջանում (Հայաստան)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Հետխորհրդային տարածքի UWC Dilijan College առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը գտնվում է Հայաստանի լեռնային տարածքում՝ Դիլիջանի ազգային պարկի սահմանին: Համալիրը կառուցված է Լոնդոնի Tim Flynn Architects ճարտարապետական բյուրոյի նախագծով: Ներդրողներից մեկը, ինչպես նաեւ գլխավոր նախագծողն ու կապալառուն միջազգային RD Group հոլդինգն է:

Միջազգային դպրոցի շինարարությունն ընթացել է կլիմայական ու հիդրոերկրաբանական բարդ պայմաններում: Դպրոցը սեյսմակայուն է եւ ապահովված է հակասողանքային պաշտպանությամբ: Համալիրի շենքերն ընդունակ են դիմակայելու 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Բացի այդ, ճարտարապետները ձգտում էին ստեղծել մի միջավայր, որը կնպաստեր ուսանելու եւ աշխարհը ճանաչելու ցանկությանը: Հատուկ ուշադրություն է դարձվել էկոլոգիայի հարցերին եւ դպրոցի շենքի՝ շրջակա միջավայրին համահունչ կառուցմանը: Այդ նպատակով օգտագործվել են տեղական նյութեր, ստեղծվել է տանիքի կանաչ ծածկույթ, ճակատների կանաչապատում («կենդանի պատեր»):

Balsiai դպրոցը Վիլնյուսում (Լիտվա)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Դպրոցի ճարտարապետական տեսլականի հիմքը դարձել է շախմատի տախտակի թեման: Այն Վիլնյուսում կառուցել է Sigitas Kuncevičius Architecture Studio լիտվական բյուրոն:

Դասարանները այնպես են տեղակայված, որ տարբեր տարիքի աշակերտները ունենան առանձնացված ներքին բակեր՝ զբոսնելու համար:

Մեղմ մոխրագույն ֆոնի վրա շախմատի տախտակի կարմիր, դեղին եւ կապույտ տարրերը ոչ միայն վառ տեսք ունեն, այլեւ օգնում են կողմնորոշվել տարածքում:

Փորձառական դպրոց Մինսկում (Բելառուս)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Երեքհարկանի դպրոցը նախատեսված է 880 աշակերտների համար: Շենքի տարածքը բաժանված է փակ եւ բաց հատվածների: Առաջինում դասարաններն են, բազմաֆունկցիոնալ տարածքներն ու ճաշարանը, որոնք օգտագործվում են միայն աշակերտների կողմից: Երկրորդում, որից կարող են օգտվել նաեւ հյուրերը, կա երկու սպորտ դահլիճ, երկու լողավազան, հոկեյի դաշտ, սաունա, նորաձեւության թատրոն, դիզայնի սենյակ, հաստոցներով հագեցած արհեստանոցներ, մի քանի սրճարան, շքադահլիճ, գրադարան, ինտերնետ-կաֆե:

Վալգայի բիզնես դպրոց (Էստոնիա)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Թեեւ դպրոցը ներկված է վառ գույներով, այնտեղ ուսանում են բուհերի շրջանավարտները՝ Լոգիստիկայի ու միջազգային փոխադրումների ծրագրերով: Վերապատրաստման կենտրոնը բացվել է 2011թ.:

Sirkel&Mall ճարտարապետական բյուրոյի դիզայներական գաղափարի հիմքում մեղրախորիսխի կառուցվածքն է: 410 պատուհանների շնորհիվ մասնաշենքերը լավ եղանակի ժամանակ՝ ցերեկային ժամերին ամբողջությամբ լուսավորվում են բնական լույսով:

Դպրոցականների պալատը Աստանայում (Ղազախստան)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Սանկտ Պետերբուրգի «Ստուդիա 44» ճարտարապետական արհեստանոցի նախագծով Աստանայում 2011թ. կառուցվել է Դպրոցականների պալատը:

Շինարարության ժամանակ օգտագործվել են նորարարական տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ արեւային մարտկոցներ, քամու գեներատորներ, ջեռուցման ջերմային պոմպային սարքեր:

Նավթի եւ գազի միջազգային համալսարան Աշխաբադում (Թուրքմենստան)


Լուսանկարը՝ http://realty.rbc.ru

Երկնաքերը նավթային աշտարակ է հիշեցնում: 17-հարկանի վարչական շենքը կառուցել է թուրքական Renaissance ընկերությունը:

Դիտում՝ 6908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW