Եվրոպական Միության (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով այսօր Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD)»: Ծրագրի իրականացման տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում €20 մլն բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման համար: Միաժամանակ՝ €5 մլն օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար: Ծրագրի թիրախում են լինելու կանայք, երիտասարդները եւ խոցելի այլ խմբեր: Միջոցառումներն իրականացվելու են Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները կարող են արդյունավետ կերպով լուծվել ԵՄ-ի եւ այլ դոնորների հետ համագործակցության շնորհիվ:ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ նշել է, որ «Եվրամիությունը ուրախ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը զգալի ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»: Ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տեխնիկական աջակցություն կտրամադրեն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ: Tweet Դիտում՝ 3535