Երեւանի Դավիթաշեն համայնքում սիրիահայերի համար կառուցվող շենքում բնակարանների գները կլինեն շուկայականից ցածր: «Օգնիր եղբորդ» հիմնադրամի «Տանիք» ծրագիրը մտադիր է մատչելի բնակարանով ապահովել սիրիահայ 78 ընտանիքի: Հիմնադրամի գործադիր տնօրեն Թաթուլ Հարությունյանը Մեդիամաքս-ին ասել է, որ նախնական պայմանագրերի կնքումից եւ 2 մլն դրամ կանխավճարից հետո շահառուները գումարի մյուս մասը վճարում են 18 ամսվա ընթացքում: «Մեկ քառակուսի մետրի գինը 270 հազ-ից մինչեւ 320 հազ. դրամ է: Բնակարանների 40 տոկոսի գնման նախնական պայմանագրերն արդեն կնքվել են: Մենք գնային ճկուն քաղաքականություն ենք վարում: Իրենց գրպանին հարմար բնակարանները ընտրելուց հետո վճարում են` ըստ իրենց հարմար ժամանակացույցի»,- ասել է նա` հավելելով, որ ակնկալվում է նաեւ բարերարների աջակցությունը: Թաթուլ Հարությունյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնեն: «Իմ լավատեսությունը գալիս է սիրիահայերի հետ ունեցած անմիջական շփումներից, քաջատեղյակ ենք իրենց հնարավորություններին, նաեւ փորձում ենք ընդառաջ գնալ, օգտակար լինել վարկավորման հարցում: Բանակցային գործընթաց կա բանկերի հետ՝ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համար: Լավատեսության հիմքը նաեւ շենքի 40 տոկոսի զբաղեցված լինելն է, քանի որ ամենամսյա վճարումների շնորհիվ եւս կարողանում ենք շարունակել շինարարությունը»,- մանրամասնել է «Տանիք» հիմնադրամի գործադիր տնօրենը: 78 բնակարան ունեցող 14-հարկանի շենքի կառուցման ծրագիրը մեկնարկել է 4 ամիս առաջ. արդեն պատրաստ է ավտոտնակը, առաջին հարկը սկսել է բարձրանալ: Tweet Դիտում՝ 4092