«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են հիմնականում էներգետիկայի համակարգի ընկերությունների միջոցների հաշվին:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ այդ պատճառով ոլորտի մի շարք ընկերություններ առեւտրային վարկեր են ձեւակերպել, որպեսզի կարողանան ապահովել իրենց շահագործական ծախսերը: «Վարկերը տրամադրվում են տարեկան 12% տոկոսադրույքով, բայց դեռ հետ չեն վերադարձվում: «Նաիրիտի» եւ «Վանաձորի-Քիմպրոմի» հետագա ճակատագրի հստակեցումից հետո անդրադարձ կկատարվի այդ միջոցներին»,- հստակեցրել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչների հետ դեկտեմբերին կայացած հանդիպմանը գործարանի աշխատակիցներին խոստացել են հունվարին վճարել եւս մեկ ամսվա աշխատավարձ: Երվանդ Զախարյանը նշել է նաեւ, որ նոր պայմանագրեր կստորագրվեն գործարանի 478 աշխատակիցների հետ: «Համաշխարհային բանկի կողմից դեկտեմբերին մեկնարկել են գործարանի տեխնիկական աուդիտի հետ կապված աշխատանքները, որոնք կավարտվեն մինչեւ փետրվարի վերջ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Նաիրիտ»-ը վերագործարկվի: Գործարանում տեխնիկական վերազինումից հետո կաշխատի 600-700 աշխատակից»,- նշել է նա: Նախարարը հավելել է, որ «Նաիրիտի» բաժնետոմսերը գտնվում են գրավի տակ՝ Միջպետական բանկում: Հետեւաբար, ըստ նրա, պետությունը կկարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ բաժնետոմսերն անցնեն ՀՀ կառավարությանը: Tweet Դիտում՝ 1721