Հայաստանի Փոքրի եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի կողմից 2014-ին պետական աջակցություն է տրամադրվել 6000 եւ ավելի ՓՄՁ-ի, ինչի համար ընթացիկ տարում պետական բյուջեից 151 մլն 983 հազ. 700 դրամ է հատկացվել:Այս մասին այսօր ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը եւ հավելել, որ միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության եւ տրամադրած դրամաշնորհների միջոցով պետական բյուջեից եղած հատկացումը եռապատկվել է:Վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար, տեղեկատվական, խորհրդատվական եւ ուսուցողական աջակցության ուղղություններով 2014-ին կառույցը շուրջ 13 հազար աջակցություն է տրամադրել, որի 95%-ն ուղղվել է մարզերում գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին:Վարկային երաշխավորությունների տրամադրման գործիքի միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 227 գործող եւ սկսնակ ՓՄՁ: Գեղամ Պետրոսյանի փոխանցմամբ, մեկ ՓՄՁ-ի հաշվով տրամադրված վարկային երաշխավորության միջին գումարը կազմել է 3,6 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014-ին տրամադրվել է 908.5 մլն դրամի երաշխավորություն: ՓՄՁ ԶԱԿ-ը, կառավարության որոշման համաձայն, աշխատանքներ էր տարել նաեւ մինչեւ 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող եւ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ուղղությամբ, որի համար ՓՄՁ ԶԱԿ-ին հատկացվել է 150 մլն դրամ: Հիմնադրամի գործադիր տնօրենի փոխանցմամբ, 2015-ին նախատեսվում է 4500 ՓՄՁ-ների` ՀԴՄ-ների ձեռքբերման 100% սուբսիդավորում:Գյուղատնտեսության զարգացման նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ը Հայաստան է ներկրել 168 բելառուսական տրակտոր, որոնք համայնքներին, կազմակերպություններին ու ֆերմերներին վաճառվել կամ լիզինգի են տրամադրվել շուկայականից ցածր գներով: Ընթացիկ տարում իրականացվել են նաեւ համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի իրազեկման աշխատանքներ, տեխնոլոգիական դասընթացներ:Կառույցն ընդլայնել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:Գեղամ Պետրոսյանի փոխանցմամբ, աջակցության ստացած ՓՄՁ-ների 70%-ի մոտ զգացվում է բարձր արդյունավետություն: «2015-ին ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագիրը կընդլայնվի` համալրվելով աջակցության նոր գործիքներով»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրենը: Tweet Դիտում՝ 2206