ԼՂՀ կառավարությունը որոշել է բնակչության մի շարք խմբերին սուբսիդավորել հիփոթեքային վարկի տոկոսագումարները եւ կանխավճար տրամադրել:Անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամներին, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների եւ փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն, որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորմամբ եւ կանխավճարի տրամադրմամբ:Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչեւ 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչեւ 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչեւ 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:«Սույն որոշումը համարում եմ 2015 թվականի՝ կառավարության ամենակարեւոր սոցիալական ծրագրերից մեկը, որը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից էր հանդիսանում: Այն ոչ թե վերցվել է որեւէ երկրի փորձից, այլ հաշվի են առնվել ԼՂՀ քաղաքացիների կարիքներն ու հնարավորությունները»-, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 2950