«Բի Էս Սի»-ն բիզնես խորհրդատվություն է տրամադրում սիրիահայերին

05.12.2014 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) հանդիսանում է «Աջակցություն Սիրիահայերին» 6-րդ ծրագրի իրականացման պատասխանատուն:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համատեղ իրականացվող ծրագրի հերթական փուլը մեկնարկել է նոյեմբերի 10-ին:

«Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Banks.am-ին տեղեկացրել է, որ ծրագրի շահառու են ընտրվել Հայաստանում բնակություն հաստատած եւ ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնած սիրիահայերը, ինչպես նաեւ Իրանից, Իրաքից եւ Ադրբեջանից բռնագաղթած անձինք, ովքեր ցանկանում են սեփական բիզնես հիմնել հայրենիքում կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ծրագրի սկզբում շահառուները հնարավորություն ունեցան 1 ամսյա վերապատրաստում անցնել բիզնեսի պլանավորման եւ կառավարման, շուկայավարման, պետական գրանցման ընթացակարգերի, հարկային դաշտի եւ այլ թեմաների շուրջ` արդյունքում ծանոթանալով Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկություններին եւ ձեռք բերելով սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ հմտություններ:

Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ, վերապատրաստում անցած յուրաքանչյուր շահառու մինչեւ տարեվերջ ՓՄՁ ԶԱԿ-ի եւ «Բի Էս Սի»-ի փորձառու խորհրդատուների աջակցությամբ կմշակի եւ կներկայացնի իր բիզնես ծրագիրը, որն ընդգրկում է գործունեության տարբեր ոլորտներ` սկսած առողջապահական կլինիկա հիմնելուց, երկաթյա կաղապարներ պատրաստելուց, մինչ ամսագրերի թողարկում եւ ավանդական սիրիական սննդատեսակների պատրաստում:

Ներկայացման հիման վրա էլ՝ հանձնաժողովի որոշմամբ առավել իրատեսական եւ նորարարական մոտեցումներ պարունակող բիզնես գաղափարների հեղինակներին կտրամադրվեն արտոնյալ պայմաններով վարկեր: Սամվել Գեւորգյանը նշել է, որ «Բի Էս Սի»-ն կշարունակի աշխատել վարկավորում ստացած բոլոր շահառուների հետ` հետագա 4 ամիսների ընթացքում անհատական խորհրդատվության միջոցով գործարար աջակցություն տրամադրելով վերջիններիս:

«Կարեւոր է այն փաստը, որ ծրագիրը ոչ միայն պարզապես արտոնյալ վարկային պայմաններ է տրամադրում սիրիահայերին, այլ նախ եւ առաջ վերապատրաստում է իրենց, այսինքն ինտենսիվ կերպով փոխանցում է այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են` հայաստանյան միջավայրում սեփական բիզնես սկսելու եւ զարգացնելու համար: Նման ամբողջական ծառայության միջոցով մենք աշխատում ենք հնարավորինս նվազեցնել իրենց գործունեության ընթացքում անկանխատեսելի ռիսկերի առաջացման հավանականությունը, քանի որ մեր առաջնային նպատակն է ոչ թե պարզապես քանակապես խթանել բիզնեսի հիմնումը, այլ նրանց զինել հայրենիքում ձեռնարկատիրական հաջող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքներով»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Սամվել Գեւորգյանը:

 

Դիտում՝ 3421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW