Տնտեսավարողներին ներկայացվել են ԵՏՄ տարածքի մրցակցային կանոնները

01.12.2014 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոնների վերաբերյալ այսօր քննարկում է անցկացրել ապրանքների արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող շուրջ 4 տասնյակ տնտեսվարողների հետ:

Գործարարներին տեղեկացվել է իրավական փոփոխությունների, մասին` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ տնտեսվարողը հնարավորություն կունենա մասնացել ԵՏՄ անդամ երկրներում պետական գնումների համար կազմակերպվող մրցույթներին:

«Պայմաններն ու պահանջները բոլոր տնտեսվարվողների համար կլինեն հավասար, ինչը երաշխավորված է ԵՏՄ պայմանագրի 25-րդ հավելվածով: Հայ արտադրողները կունենան ապրանքի սպառման նոր շուկա, ինչն էական առաջընթաց է»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Նրա փոխանցմամբ, երկրի տարածքում անբարեխիղճ մրցակցություն դրսեւորած տնտեսվարողների գործերը կքննվեն ազգային օրենսդրությամբ, իսկ այլ երկրի տարածքում նման վարքագիծ դրսեւորելու դեպքում նրանց գործերը կհայտնվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վարույթում:

«ԵՏՄ տարածքում կա տուգանքների ստորին եւ վերին շեմ: Ի տարբերություն ազգային օրենսդրության, ԵՏՄ տարածքում սահմանվում են մրցակցային տուգանքների բացարձակ եւ տոկոսային մեծություններ, կան որոշակի մեթոդաբանական սահմանումներ: Եթե մեր օրենսդրությամբ տուգանքը որոշվում է որոշակի տոկոսով, որը սահմանվում է տնտեսվարող հասույթի նկատմամբ, ապա ԵՏՄ մրցակցության կանոններով տոկոսը կիրառվում է միայն այն ապրանքի հասույթի նկատմամբ, որի գծով տեղի է ունեցել իրավախախտումը»,- ասել է Արտակ Շաբոյանը եւ նշել, որ պատժամիջոցները կիրառվում են անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական եւ պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՏՄՊՊՀ նախագահը կարեւոր առանձնահատկություն է համարել այն փաստը, որ հակամրցակցային գործողություններ իրականացնելու համար պատասխանատվության միջոցներ են ձեռնարկվում նաեւ պաշտոնատար անձանց նկատմամբ: Տվյալ դեպքում տուգանքը կազմում է 20 000-ից մինչեւ 150 000 ՌԴ ռուբլի:

Ներկաները հայտնել են  իրենց մտահոգություններն ու խոսել հուզող հարցերի մասին: «Գրանդ Քենդի» ընկերության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նախկին ԽՍՀՄ տարբեր երկրներում գործող միեւնույն ապրանքային նշանների վերաբերյալ, որին ի պատասխան հանձնաժողովից հայտնել են, որ նման ապարանքների տեղաշարժի մեխանիզմները հստակեցման փուլում են:

«Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ ԵՏՄ-ն մի կողմից արտահանողների համար նոր հնարավորություններ է բացում,  մյուս կողմից՝ մարտահրավերներ ու ռիսկեր բերում:

Սերգեյ Մաթեւոսյանը հետաքրքրվել է գնագոյացման, ներքին շուկայի համար Հայաստանի կողմից կիրառվող ԱԱՀ 20% հարկի, որն այլ երկրներում չկա, իսկ ՌԴ-ում՝ 10% է, ինչպես նաեւ գրանցված ապրանքային նշանների հարցերով:

Արտակ Շաբոյանը նշել է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի համար կարգավորվել է նաեւ զուգահեռ ներմուծման իրավունքը, ինչը տնտեսվարողին թույլ է տալիս Հայաստան ներկրել ցանկացած ապրանք, եթե անգամ դրա արտադրողն այստեղ ունի իր բացառիկ ներկայացուցիչը:


Դիտում՝ 1478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW