Երեւանում մեկնարկել են աղբահանության միջազգային օպերատորի աշխատանքները

01.12.2014 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվանից Երեւանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ:

Երեւանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

Դեռեւս 2012 թ-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արեւմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը եւ Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» եւ «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

«Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր ու Երևանն էլ բացառություն չէ: Եվ մենք ոլորտի կանոնակարգման ուղղությամբ դեռևս 2012 թվականից սկսեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նախ ներգրավեցինք միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը, հիմք ընդունելով արտադրվող աղբի ծավալներն ու առավելագույն մակերեսների համաչափությունը, առաջարկեց Երևանը բաժանել երկու հատվածների՝ Արեւմտյան և Արեւելյան, եւ այդ սկզբունքով անցկացնել մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերություններն, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արեւմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց եւ ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երեւանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետը։



«Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռեւս աճելու է եւ հասնի մինչեւ 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,-  նշել է«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը:



«Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015թ.-ին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է քաղաքապետը:


Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW