Այսօր Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից կազմակերպված «Բանկի աշխատողի օրվա»-ն նվիրված մրցույթի հաղթող է դարձել Անելիք Բանկի թիմը: Մրցութային հարցաշարում ներառված է եղել 20 հարց, որոնցից 15-ը վերաբերել են ՀՀ Կենտրոնական բանկին, իսկ 5-ը՝ արհմիություններին: Յուրաքանչյուր հարցի համար մասնակից թիմերին առաջարկվել է երեք պատասխան` մեկը ճիշտ, երկուսը` սխալ: Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայինկասացիայի, իսկ երրորդ տեղը՝ Հայէկոնոմբանկի թիմը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 6 թիմ՝ Անելիք Բանկ, Արցախբանկ, Զարգացման Հայկական Բանկ, ՀՀ Վարկային կազմակերպությունների միություն, Հայինկասացիա եւ Հայէկոնոմբանկ:«Նպատակ ունենք ավելացնել բանկային ոլորտի աշխատողների միջեւ շփման եզրերը, իսկ հաղթողները կստանան խորհրդանշական մրցանակներ՝ դրամի տեսքով շոկոլադ եւ հուշանվերներ, ինչպես նաեւ պատվոգրեր»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Նա հավելել է, որ իրենք մրցույթին մասնակցելու հրավեր ուղարկել են բոլոր բանկերին, սակայն այսօր մասնակցելու ցանկություն են հայտնել այն թիմերը, որոնք ավելի վստահ են եղել իրենց գիտելիքների վրա: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը Banks.am-ին ասել է, որ հետաքրքրված է իմանալ, թե թեմային որքանով են տիրապետում մասնակից թիմերը, որտեղ կան ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդներ: Tweet Դիտում՝ 3495