2014թ. հունվար-սեպտեմբերի արդյունքով համադրելի գներով իրականացվել է 132,2 մլրդ դրամի մետաղական հանքաքարի արդյունահանում (անկումը` 8,8%) եւ արտահանվել է 85,8 մլրդ դրամի արտադրանք (0,7% անկում):Այս մասին երեկ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նախարարության կողմից կազմակերպված հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրների քննարկման ժամանակ, որին մասնակցել են ոլորտի ընկերությունների ղեկավարները:2014թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 18.2%, իսկ մետաղական հանքաքարի արտահանման եւ բաց հանքերի շահագործման մասնաբաժինը` մոտ 2,8%:Նախարարը նշել է, որ մետալուրգիական ոլորտը մեծ կշիռ ունի հանրապետության մշակող արդյունաբերության կառուցվածքում, որտեղ հիմնական մետաղների արտադրությունը կազմում է շուրջ 23%: Ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատում է 7048 հոգի: Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, «առաջիկայում հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտներում նախատեսվում է մի շարք ծրագրերի գործարկում, որոնց համար արդեն իսկ կատարվել են ներդրումներ, մասնավորապես` Ամուլսարի, Թեղուտի, Մեղրասարի եւ այլ հանքավայրերի շահագործման ուղղությամբ»:Քննարկման մասնակիցների հետ նախարարը խոսել է ոլորտի խնդիրների, նրանց հուզող հարցերի եւ նոր աշխատատեղի բացման մասին:Ոլորտի ներկայացուցիչները կարեւորել են միջազգային օրենսդրության տեղայնացման հարցը, իսկ որպես խնդիր առանձնացրել հատկապես էլեկտրաէներգիայի անջատումներն ու գազի կալորիականության նվազումը: Բարձրացված հարցերի վերաբերյալ նախարարը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել` դրանց լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ սահմանելով: Tweet Դիտում՝ 1923