Նորարարությունն անկյունաքարային է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին է վկայում Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցը, որի շնորհանդեսն այսօր կայացել է Երեւանում:Զեկույցը պատրաստվել է 2013-2014թթ. ՄԱԿ-ի Եվրոպական հանձնաժողովի մասնագետների եւ փորձագետների կատարած մեծածավալ ուսումնասիրությունների հիման վրա: Ուսումնասիրության նպատակն է բազմակողմանիորեն գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում տիրող վիճակը եւ ներուժը՝ այդ ոլորտում արդյունավետ քաղաքականություն մշակելու հարցում ՀՀ կառավարությանն աջակցելու համար: Հայաստանյան կողմից փորձագետների աշխատանքը համակարգել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն: «ՀՀ-ն որպես լուրջ գիտատեխնիկական ներուժ ունեցող պետություն կարեւոր խնդիր է համարում ինովացիոն բնագավառի բնականոն զարգացումը՝ որպես երկրի անվտանգության, մրցունակության եւ առաջընթացի բացառիկ կարեւոր գործոն: Մեր իշխանությունները հստակ գիտակցում են, որ նոր հարյուրամյակում երկրի զարգացումը հնարավոր է միայն գիտության եւ ինովացիոն գործունեության հենքի վրա»,- զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի խոսքերով, զեկույցը շատ օգտակար գործիք է Հայաստանում նորարարական քաղաքականություն մշակողների համար: «Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով: Երկիրը գտնվում է աշխարհագրական բարդ տեղանքում, ելք չունի դեպի ծով, ուստի Հայաստանի ներուժը իր ստեղծագործ մարդիկ են: Հայաստանի զարգացումը եւ առաջընթացը հնարավոր է ապահովել գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված տնտեսություն շնորհիվ»,- ասել է Բրեդլի Բուզետոն: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հայնրիխն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի փորձագետների կողմից մշակված զեկույցն արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ կկիրառվեն դրանում ներառված առաջարկությունները: «Եթե զեկույցը պարզապես դրվի պահարանում, ապա որեւէ արդյունք չի կարող տալ: Այս ոլորտին անհրաժեշտ է քաղաքական օժանդակություն, ինչն առկա է, այլապես այս զեկույցը չէր պատրաստվի: Այս աշխատանքի հիմնական նպատակներից է վերահաստատել, որ նորարարությունը շատ կարեւոր է Հայաստանի ապագայի համար: Հայաստանն իրապես կարող է ունենալ նորարարությամբ առաջնորդվող տնտեսություն»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 1644