«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջեւ այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել: Ինչպես հայտնել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում, հուշագրով նախատեսվում է ուսումնական պլանների եւ ապահովագրական առարկայական ծրագրերի համատեղ մշակում, մագիստրոսի կրթական ծրագրի գիտահետազոտական եւ բակալավրիատի ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակեպում, դասագրքերի եւ այլ ուսումնական նյութերի համատեղ հրատարակում, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների եւ քննարկումների կազմակերպում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում: Նախատեսվում է նաեւ, որ ընկերության աշխատակիցները կարող են մասնակցել համալսարանում մագիստրատուրայի ընդունելությանը, ինչպես նաեւ ընկերությունն ու համալսարանը կարող են համատեղ ընտրել մագիստրոսական թեզի թեմաներ, որոնք պետք է համապատասխանեն ընկերության կողմից համալսարանի շրջանավարտներին առաջարկվող աշխատանքի բնույթին:ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշագրի ստորագրման արարողությանը նշել է, որ որակյալ կրթության տրամադրման գործում անչափ կարեւոր է աշխատաշուկայի դերը՝ հանձին գործատուի, «եւ առանց աշխատաշուկայի պահանջների իմացության համալսարանները չեն կարող որակյալ կրթական ծառայություններ մատուցել»: «Երեկ տեղի ունեցած ՏՏ ոլորտում նախագահական մրցանակների շնորհման ժամանակ հանրապետության նախագահը մեջբերեց CISCO ընկերության կարգախոսը` «Վաղը սկսվում է այստեղ», ինչը, կարծում եմ, շատ լավ բնորոշում է նաեւ մեր այսօրվա միջոցառումը: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի վաղվա կադրային համալրումը սկսվում է հենց այստեղ` ՀՊՏՀ-ում: Մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը եւ վստահեցնում ենք, որ լավագույն ուսանողները միշտ կգտնեն իրենց մեր ընկերությունում»,- իր հերթին նշել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: Tweet Դիտում՝ 3924