Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է 6.75%
11.11.2014 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ dailycomm.ru

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:
ՀՀ ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստում արձանագրվել է, որ հոկտեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջակայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%: ԿԲ Խորհրդի կարծիքով, առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին եւ կկայունանա դրա շրջակայքում:
ԿԲ խորհրդի անդամները նկատել են, որ արտաքին հատվածում հիմնականում պահպանվում են արտաքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպերը, ինչի ներքո ապրանքահումքային շուկաներում շարունակվում են դրսեւորվել գնանկումային միտումներ: Խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռեւս պահպանում են էական անորոշություններ՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների եւ ապրանքահումքային շուկաների հետ:
Չնայած ՀՀ տնտեսությունում 2014 թ. երրորդ եռամսյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացմանը` ԿԲ խորհուրդը նկատել է, որ տնտեսական աճը շարունակում է մնալ ցածր մակարդակում:
ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը եւ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետ ապագայում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, ինչին հնարավոր է նպաստի նաեւ հոկտեմբերից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը: Արդյունքում, խորհուրդը հույս է հայտնել, որ 2015 թ. եւ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշին մոտ` տատանվելով թույլատրելի միջակայքի սահմաններում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն պատրաստվում է արձագանքել դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: