Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի «Փոքր բիզնեսի աջակցություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 12-ից 14-ը եւ 17-ից 18-ը կանցկացվի «Կառավարման խորհրդատվության հիմունքները» թեմայով 5-օրյա դասընթաց: Թե ինչ նշանակություն ունի այս թրեյնինգների կազմակերպումը խորհրդատվական շուկայի ձեւավորման համար՝ զրուցել ենք «Ավենյու Քնսալթինգ Գրուպ» ընկերության ղեկավարների հետ: «Խորհրդատուն շատ լայն հասկացություն է եւ մենք խոսում ենք կառավարման խորհրդատուների մասին. այս մասնագիտությունը կյանքի է կոչվել դեռեւս 90-ականների վերջերից, երբ Հայաստանում սկսեցին ակտիվ իրենց գործունեությունը ծավալել տարբեր կազմակերպություններ»,- Banks.am-ի հետ զրույցում նշեց «Ավենյու Քնսալթինգ Գրուպ» ընկերության բաժնետեր, Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Կարեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, հենց այս տարիներին բավականին լուրջ հիմք դրվեց, եւ միջազգային կառույցները սկսեցին լուրջ ծրագրեր իրականացնել, ու այդ ծրագրերի արդյունքում ձեւավորվեցին նոր ընկերություններ: Այնուհետեւ թրեյնինգների մասնակցած խորհրդատուները սկսեցին իրենք իրենց կազմակերպությունները հիմնել, որոնք այսօր արդեն իսկ լուրջ համբավ ունեն Հայաստանում: Խոսելով խորհրդատվական շուկայի ձեւավորման մասին, Կարեն Մարտիրոսյանն ընդգծեց. «Խորհրդատվական շուկան ձեւավորվեց նաեւ այն պատճառով, որ այդ ժամանակ շատ արագ տեմպերով հիմնվեցին մասնավոր բիզնեսներ, ինչը խորհրդատուների համար նոր շուկա հանդիսացավ, դրան գումարվեցին նաեւ պետական բարեփոխումների ծրագրերը, որտեղ մեծ դերակատարում ունեին թե´ արտասահմանյան ընկերությունների եւ թե´ տեղի խորհրդատուները»: Նրա փոխանցմամբ, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչու չէ՝ նաեւ տեղական խորհրդատուների ներգրավումը այդ ռեֆորմների մեջ, բերեց նրան, որ բավական լուրջ փորձի փոխանակում տեղի ունեցավ, եւ ձեւավորվեցին ընկերություններ, անհատներ, ովքեր սկսեցին շուկայում դերակատարություն ունենալ: «Բայց, քանի որ ոլորտը կանոնակարգված չէ, հետեւաբար զարգացումը բավական դժվար է տեղի ունենում»:Կարեն Մարտիրոսյանի խոսքերով՝ խորհրդատվական շուկայի չկանոնակարգվածության հետեւանքով ի հայտ եկան այնպիսի խորհրդատուներ, որոնք անորակ ծառայություններ էին մատուցում եւ ստվեր էին գցում ամբողջ խորհրդատվական շուկայի վրա: «Այս քաոսային իրավիճակից դուրս գալու համար որոշակի կանոնակարգում տեղի ունեցավ, ինչին նպաստեց ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը, որի նպատակներից մեկն էր խթանել խորհրդատվական ծառայությունների զարգացումը: Եվ կանոնակարգվածության գագաթնակետը եղավ այն, որ 2010 թ.-ին Թբիլիսիում ՎԶԵԲ-ի կողմից կազմակերպվեց «Խորհրդատվական հմտությունների հիմունքներ եւ մասնագիտական էթիկայի ուսուցում» թեմայով թրեյնինգը, որի արդյունքում ծնվեց Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան), որն այսօր արդեն 40 անդամ ունի: Ես նույնպես այդ կառույցի հիմնադիրներից եմ»,- ավելացրեց Կարեն Մարտիրոսյանը: Խորհրդատուի մասնագիտության համար ոչ միայն գիտելիքն է անհրաժեշտ ու կարեւոր պայման, այլեւ այն հմտությունները, որը մասնագետը ձեռք է բերում հենց այսօրինակ թրեյնինգների ընթացքում: «Ավենյու Քնսալթինգ Գրուպ» ընկերության գործադիր տնօրեն, բաժնետեր, Օպերացիոն կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Տիգրան Գրիգորյանի կարծիքով, լավ մասնագետ լինելը դեռեւս չի նշանակում, որ դու լավ խորհրդատու ես. «Այդ դեպքում դու կարող ես դառնալ լավ փորձագետ, բայց խորհրդատու դառնալու համար պետք է ունենաս շփվելու, հաղորդակցվելու ունակություն, հոգեբանություն, մարդկանց հասկանալու, բանակցելու հմտություններ. դա ոչ միշտ է, որ սովորեցնում են կրթական հաստատություններում: Ուստի շատ կարեւոր է, որպեսզի մարդ կարողանա մասնակցի անհրաժեշտ թրեյնինգների, հայտնվի ճիշտ աշխատանքի տեղում, որտեղ կարող են կիրառվել այդ հմտությունները, եւ, եթե ինքն ունի ներուժ եւ որոշակի ձիրքեր, ապա կկարողանա դառնալ լավ խորհրդատու»,- Banks.am-ի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:Նրա փոխանցմամբ, խորհրդատուն իր մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպում է տարբեր մարդկանց հետ տարբեր իրավիճակներում. դա կարող է լինել հանդիպում դեսպանատանը դեսպանի հետ կամ գրասենյակում լուրջ բիզնեսմենի հետ, եւ խորհրդատուն պետք է հստակ իմանա՝ ում հետ ինչպես խոսել եւ շփվել: Իսկ այս ամենի համար շատ կարեւոր են վերապատրաստումները: «Մեր կազմակերպությունը շատ է խրախուսում այդ վերապատրաստումները, եւ շատ դեպքերում նաեւ մենք ենք պատրաստում վերապատրաստման դասընթացներ մեր խորհրդատուների համար»,- նշեց մեր զրուցակիցը: Խորհրդատվական շուկայի զարգացումն, ըստ Տիգրան Գրիգորյանի, շատ դանդաղ է տեղի ունենում, սակայն դրա համար կա պատճառ՝ պահանջարկը շատ մեծ չէ. «Խորհրդատուի դերը կայանում է նաեւ նրանում, որ նա ինքը պետք է ստեղծի իր պահանջվածությունը ընկերությունների, կազմակերպությունների, բիզնեսմենների կողմից: Ընկերություններին պետք է բացատրել, թե ինչի համար է իրենց անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունը եւ թե ինչ օգուտ կարող են իրենք ունենալ, եթե համագործակցեն խորհրդատվական ընկերությունների կամ անհատ խորհրդատուների հետ: Դրա համար շատ ժամանակ խորհրդատուն ինքն է իր համար շուկա ձեւավորում»: Այնուամենայնիվ, ըստ Տիգրան Գրիգորյանի, կա նաեւ դրական տեղաշարժ: «Մի քանի տարի առաջ, եթե ընկերությունը պետք է բանկից վարկ ստանար, նա ուղղակի ներգրավում էր խորհրդատուին՝ բիզնես պլան գրելու համար: Իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդատվական շուկան զարգանում է, եւ արդեն որոշ բիզնեսմեններ սկսել են գիտակցել, որ խորհրդատուի անհրաժեշտությունը իրականում կա, եւ խորհրդատուն ոչ միայն պետք է պարզապես բիզնես պլան գրելու համար, այլ լուրջ հասկանալու իրենց ֆինանսական կառավարման համակարգը, կառավարելու իրենց ֆինանսական հոսքերը, որովհետեւ առանց այդ ծառայության իրենք փող են կորցնում», - հավելեց Տիգրան Գրիգորյանը: Անդրադառնալով խորհրդատվական շուկայի ձեւավորման վրա թրեյնինգի ազդեցությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր մասնագիտական հաջողության վրա վերապատրաստումները բավական լուրջ ազդեցություն են ունեցել: «Մասնակցել եմ ՎԶԵԲ-ի կազմակերպած թրեյնինգներին եւ ստացել եմ հավաստագիր, որն ամբողջ աշխարհում ընդունելի է: Բացի այդ, թրեյնինգի ընթացքում ավելի շատ ստանում եմ ոչ թե գիտելիք, այլ տեղեկատվության աղբյուրներ, նոր կապեր, որոնցից ես հետագայում կկարողանամ օգտվել: Եվ սա ինձ համար շատ կարեւոր է»,- եզրափակեց Տիգրան Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 3870