ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլիի գլխավորած պատվիրակությանը: ԿԲ նախագահը բարձր է գնահատել ՍԱԶԲ գործակցությունը ՀՀ բանկային համակարգի հետ, մասնավորապես, տնտեսության մի շարք կարեւոր ճյուղերի ու նախագծերի ֆինանսավորման հարցում: Արթուր Ջավադյանը նշել է, որ ՍԱԶԲ-ը ցուցաբերում է բավական ճկունություն՝ ֆինանսավորելով տնտեսության այնպիսի կարեւոր ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բնակարանային ֆինանսավորումը, ՓՄՁ վարկավորումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ նույն օրը բանկերից մեկի հետ ՓՄՁ ֆինանսավորման վարկային ծրագրի ստորագրումը: ՍԱԶԲ նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլին իր հերթին նշել է որ Հայաստանը մշտապես գտնվել է բանկի տարածաշրջանային ծրագրերի ուշադրության կենտրոնում, եւ հաշվի առնելով մինչ օրս Հայաստանում իրականացված ծրագրերի հաջողությունը, բանկը պատրաստակամ է Հայաստանի իր գործընկերների հետ քննարկել հետագա գործակցության հետ կապված եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն ուղղված ԿԲ քաղաքականությունը եւ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշներն ու ձեռքբերումները: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրեր, որոնցում ՍԱԶԲ կարող է ունենալ իր մասնակցությունը:ՍԱԶԲ նախագահին ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը Իհսան Դելիքանլին նշել է, որ բանկը կարեւորում է Հայաստանի իրական հատվածի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա տեղեկացրել է, որ բանկը նախատեսում է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում: Tweet Դիտում՝ 2495