Երեւանում բացվել է «Հայկական կամուրջները» ցուցահանդեսը

04.11.2014 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում այսօր բացվել է «Հայկական կամուրջներ» խորագիրը կրող ցուցահանդես՝  նվիրված Երեւանցի խոջա Գրիգորի 1664 թ-ին Աշտարակում կառուցված կամրջի 350-ամյակին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ցուցահանդեսը կազմակերպել է Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամը՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աջակցությամբ եւ հովանավորությամբ:

Ցուցահանեսը նպատակ ունի ճանաչելի դարձնել բազմադարյան հայկական ճարտարապետության աշխարհիկ բյութի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այդքան հարուստ է եղել հայկական բարձրավանդակը:

Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանի խոսքերով, հայկական կամուրջները, որոնք մեր ազգային ճարտարապետության հուշարձաններից են, փոքր-ինչ անուշադրության են մատնվել:

 «Հայկական ճարտարապետություն ուսումնասիրողներն առհասարակ՝ հայ թե օտարազգի,  ավելի մեծ ուշադրություն են սեեւռում  քրիստոնեական, պաշտամունքային կառույցներին: Ուսումնասիրությունների 90%-ից ավելին նվիրված են մեր եկեղեցիների եւ վանքերի ճարտարապետությանը: Դա բնական է, սակայն մեր մյուս հուշարձանները՝ կամուրջները, բերդերը, աղբյուրները եւս ուշադրության կարիք ունեն»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ, հայկական կամուրջների վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու առիթ է հանդիսացել Աշտարակում Քասախ գետի վրա կառուցված եռաթռիչք կամրջի կառուցման 350-րդ տարեդարձը:  «Ցուցահանդեսում ներկայացված հնագույն կամուրջը 2800 տարեկան է: Այն կառուցվել է Վանի թագավորության շրջանում, Վանից ոչ հեռու գտնվող Փառուխ գյուղում: Այն այժմ կիսավեր վիճակում է»,- նշել է Սամվել Կարապետյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանն ասել է, որ ցուցահանդեսի կազմակերկպմանն աջակցելը հայրենիքի հանդեպ նվիրվածության եւ սիրո յուրատեսակ դրսեւորում է:

«Ցանկանում ենք, որպեսզի մեր ժողովուրդը ճանաչի իր երկիրը, սիրի այն: Նախկինում եւս մենք նախաձեռնել ենք նմանատիպ միջոցառումներ, որոնցից վառ օրինակ է Հանրապետության հրապարակում՝ Ազգային պատկերասրահի շենքի դիմաց մեր ազգի մեծերի պաստառների ցուցադրությունը»,- ասել է Արսեն Պետրոսյանը:

Նրա խոսքերով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աջակցությունը նմանատիպ նախագծերին շարունակական է լինելու:

Դիտում՝ 1975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW