ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը կօգնեն ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման հարցում
22.10.2014 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրոպական Միության (ԵՄ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-24-ը Երեւանում կանցկացվի ՓՄՁ-ների համար դասընթաց` ուղղված կառավարչական եւ ներդրողների տեղեկատվական թերթիկի մշակման թեմային:
Դասընթացը կվարի ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստան հրավիրված ֆինանսական արդյունաբերության մասնավոր կապիտալի ներդրման ոլորտի միջազգային փորձագետ Գեւին Ռայանը:
Այն կիրականացվի վերոնշյալ կառույցների կողմից ՀՀ-ում ՓՄՁ զարգացման համար ֆինանսավորման եւ նոու-հաույի հասանելիության կարեւորության ընդգծման ծրագրի շրջանակներում:
«Դասընթացը կօգնի ֆինանսական խորհրդատուներին առավել արդյունավետ սպասարկել հաճախորդներին եւ արագ հասնել իրենց վերջնական նպատակին»,- ասել է Գեւին Ռայանը:
«ԵՄ առաջնահերթ խնդիրներից մեկը ՓՄՁ-ների զարգացումն է, ինչը նպաստում է աղքատության վերացմանը: Հայաստանում այն առանձնակի թիրախային ոլորտ ենք համարում: ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագիրը թույլ կտա խթանել ՓՄՁ-ների աշխատանքը, բարելավել այն»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Հոա-Բին Ադջեմյանը:
«Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ու խորհրդատվական գործունեության հիմնական դոնոր հանդիսացող ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը հնարավորություն կտան միջազգային լավագույն փորձն ու նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ների աջակցման հարցում»,- նշել է Հոա-Բին Ադջեմյանը:
«Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել կենսունակ մասնավոր սեկտոր, որը կխթանի մատակարարման շղթայի զարգացումն ու արտահանումը: Այս տեսանկյունից ՎԶԵԲ-ը հայաստանյան ՓՄՁ-ներին տրամադրում է ինչպես ֆինանսավորում, այնպես էլ խորհրդատվություն` ֆինանսավորման ներգրավման եղանակների ուղղությամբ»,- ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
Նա նկատել է, որ ՓՄՁ ոլորտը Հայաստանում կապիտալի բացակայության պատճառով սահմանազատված է: «Կապիտալի ակտիվ շուկայի ձեւավորումը շատ կարեւոր է ՓՄՁ-ների զարգացման համար»,- ասել է նա:
ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցման խմբի ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշել է, որ «Հայաստանում բիզնեսները փորձառու եւ որակավորված խորհրդատուների կողմից նոու-հաու մասնագիտացված խորհրդատվության կարիք ունեն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: