IFC-ն եւ ՎԶԵԲ-ը Ամուլսարում կապահովեն ամենաբարձր բնապահպանական չափանիշները

22.10.2014 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակություններն անցյալ շաբաթ այցելել են Ամուլսար՝ ծրագրի զարգացման վերահսկողական ամենամյա այցի շրջանակներում եւ աշխատանքային հանդիպումներ ունեցել Գեոթիմ-ի ներկայացուցիչների հետ:

Ամուլսարում ավարտվել է ծրագրի որոնողահետախուզական փուլը: Հանքի շահագործման վերջնական թույլտվությունը ստանալուց եւ բոլոր բնապահպանական ու սոցիալական մեղմացման միջոցառումները ապահովելուց հետո, Գեոթիմը նախատեսում է 2015թ. սկսել հանքի շինարարությունը: Նախնական կապիտալ ներդրումները, ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման, կկազմեն $426 մլն:

IFC-ի եւ ՎԶԵԲ-ի վերահսկողական պատվիրակությունները կազմված էին բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական եւ արդյունահանման ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Լիդիանի եւ Գեոթիմի անձնակազմի հետ, այցելել Ամուլսար, Գնդեւազ համայնք, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաք, գնահատել ընթացիկ վերականգնողական աշխատանքները, սոցիալական զարգացման ծրագրերը, հանդիպել համայնքի բնակիչների հետ եւ այցելել ապագա հանքի տեղանք:  

Այցին մասնակցում էին նաեւ այն միջազգային փորձագետները, որոնք մասնակցել են հանքի նախագծմանը, բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատմանը եւ տրամադրել են այլ տեխնիկական աջակցություն:  

Գեոթիմը ծրագրում է 2014թ. նոյեմբերին հրապարակել բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման զեկույցը (ԲՍԱԳ), որի առկայությունը պարտադիր պայման է միջազգային ֆինանսավորման համար: Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ ԲՍԱԳ-ը շահագրգիռ կողմերին կապահովեն անհրաժեշտ տեղեկատվութամբ, ծրագրի բնապահպանական եւ սոցիալական հարցերի շուրջ ավելի արդյունավետ հանրային քննարկումներին մասնակցելու համար:

«IFC-ն Հայաստանում աջակցում է տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական աճին»,- ասել է IFC-ի ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Կարստեն Ֆյուելստերը,- «Այս ջանքերի շրջանակներում մենք նաեւ աջակցում ենք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը: Թույլտվություն ստանալուց հետո Ամուլսարի ծրագիրը, որը IFC-ի միակն ներդրումն է Հայաստանում այս ոլորտում, կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել, ներառյալ՝ երկրի եկամուտների աճը եւ համայնքներում աշխատատեղերի ստեղծումը: IFC-ն իր հաճախորդ ընկերությունների եւ իր կողմից ֆինանասավորվող ծրագրերի, այդ թվում եւ Ամուլսարի ծրագրի դեպքում կիրառում է ամենաբարձր բնապահպանական եւ սոցիալական չափանիշները: Դա ապահովելու միջոցներից մեկը անցյալ շաբաթվա նման կանոնավոր մշտադիտարկման այցերն են: Մենք կշարունակենք հետեւել, որ  ծրագիրը համապատասխանի IFC-ի չափանիշներին իրականացման ողջ ընթացքում»:

«ՎԶԵԲ-ը նպատակ ունի աջակցելու տնտեսական զարգացմանը այն երկրներում, որտեղ ներդրումներ է իրականացնում: Այս առումով Ամուլսարի ծրագիրը տարածաշրջանի եւ երկրի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի: Մենք հետեւում ենք, որ մեր ծրագրերը համապատասխանեն բնապահպանական եւ սոցիալական ամենաբարձր չափանիշներին: Նմանօրինակ այցերը շատ կարեւոր դեր են կատարում այդ նպատակին  հասնելու համար: Լիդիանի եւ Գեոթիմի կողմից իրականացված շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաեւ սոցիալական եւ բնապահպանական  աշխատանքները խրախուսելի ենք համարում: Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը կլինի հաջորդ կարեւոր քայլը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ծրագրի զարգացման համար: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին ծանոթանալու հնարավորությանը, մեր բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությանը դրա համապատասխանությունը որոշելու համար, ինչպես նաեւ լայնածավալ հանրային խորհրդակցությունների արդյունքներին, որոնք ընկերությունը  նախատեսում է իրականացնել ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո»,- ասել է ՎԶԵԲ-ի բնապահպանության գծով ավագ մասնագետ Սեմ Ուոկերը:
   
«Գեոթիմի եւ Լիդիանի ղեկավարությունը շնորհակալ են IFC-ին եւ ՎԶԵԲ-ին այցի համար եւ վերահաստատում են էկվատորյան սկզբունքներով սահմանված, ինչպես նաեւ IFC-ի եւ ՎԶԵԲ-ի բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությունը: Գեոթիմը եւ Լիդիանը աշխատելու են Ամուլսարի ծրագիրը օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր դարձնելու ուղղությամբ՝ ապահովելով, որպեսզի ծրագրից տնտեսապես շահեն երկիրն ու համայնքները, եւ այն սահմանի բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ»,- ասել է Գեոթիմի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

2015 թ-ին հանքի շինարարության մեկնարկից Ամուլսարի ծրագիրը կապահովի մոտ 1300  աշխատատեղ: Շուրջ 770 մարդ մշտական աշխատանք կունենա հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ IFC-ն եւ ՎԶԵԲ-ը Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի բաժնետերերն են: Լիդիանի դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:

IFC-ն եւ ՎԶԵԲ-ը իրականացնում են տարեկան վերահսկողական այցեր ծրագրի բնապահպանական, սոցիալական եւ տեխնիկական բաղադրիչները գնահատելու համար:  

Դիտում՝ 3878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW