«Բի Էս Սի»-ն եւ ՕՔՍՖԱՄ-ը քննարկել են պարենային անվտանգության խնդիրները

07.10.2014 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բարելավել տարածաշրջանային պարենային անվտանգությունը Հարավային Կովկասում` ազգային ռազմավարության եւ փոքրածավալ արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն եւ ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակն այսօր Երեւանում ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված հետազոտությունները, անցկացրել բաց քննարկում:

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը միտված է Հայաստանում պարենային անվտանգության ռազմավարության բարելավմանը: Ծրագրի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում մինչ օրս անցկացվել են մի շարք հետազոտություններ, վեր հանվել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները, որոնք հիմք կհանդիսանան ռազմավարության մշակման համար:

 ««Բի Էս Սի»-ի հիմնական աշխատանքն եղել է մասնավոր սեկտորի հետ, խոսել ենք  ֆերմերների հետ փոխհարաբերությունների, արտադրության մասին: Ողջ շղթայի ուսումնասիրության արդյունքում գտել ենք հիմնական խնդիրներն ու զարգացման ուղիները», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է «Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:

Խոսելով խնդիրների մասին` նա նշել է, որ դրանք հիմնականում կապված են պարենային շուկայի գների անկանխատեսելիության եւ ֆերմենտների կողմից առաջարկվող ապրանքների խառը որակական հարաբերակցության, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների եւ գիտելիքի ոչ բավարար պաշարների առկայության հետ: Սամվել Գեւորգյանը լուրջ խնդիր է համարել նաեւ տարածքային ինքնակառավարման մարմինների  հետաքրքրվածությունը ծրագրով եւ նշել, որ հիմնականում ակտիվություն է նկատվում երիտասարդ գյուղապետերի կողմից:

«Այժմ հստակ պատկերացում ունենք, թե ինչ պետք է արվի ստացված տեղեկության հետ: Ծրագրի հաջորդ` ռազմավարության մշակման եւ իրականացման փուլը կմեկնարկի նոյեմբերից»,- ասել է նա:

ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը կարեւորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը.

«Դրա արդյունքում նախաձեռնվեց «Գյուղի եւ գյուղատնտեսության  2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարության» համատեղ մշակումը, ինչն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարությանը»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաեւ ծրագրի շրջանակներում իրականացված` «Գենդերային հարաբերությունների ազդեցությունը պարենային անվտանգության վրա» եւ «Պարենային անվտանգությունը սնուցման տեսանկյունից» թեմաներով հետազոտությունները: Դրանցից մեկի համաձայն, Հայաստանում սնուցման ոլորտը գտնվում է բավական թույլ վիճակում, խոցելի է հատկապես Գեղարքունիքի մարզը:   

Դիտում՝ 3202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW