Երեւան, 19 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթի արդյունքները կարող են ամփոփվել ոչ թե հուլիսին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ օգոստոսի կեսերին կամ վերջում, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է մրցույթի ընթացքին ծանոթ տեղեկացված աղբյուրը: Աղբյուրի խոսքերով, ներկայումս շարունակվում է մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակում են 4 թեկնածուներ` MTS եւ “Բիլայն” ռուսական օպերատորները եւ երկու կոնսորցիումներ, որոնցից առաջինը բաղկացած է Emirates Telecommunications Corp (ETISALAT), Istithmar PJSC եւ Emergent Telecom Ventures (ETV) ընկերությություները, իսկ մյուսը կազմված է VTEL Holdings եւ Knightsbridge Associates ընկերություններից: MTS-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ “մրցույթի մասնակիցների գնային առաջարկները հրապարակվելու են վերջնական, երրորդ փուլում”: “Հուսով ենք, որ մրցույթը կավարտվի մինչեւ հուլիսի վերջը: Վաճառողի հետ մեր կնքած պայմանագրի պայմանների համաձայն, այս փուլում ավելինն ասել չենք կարող”, - այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել է “Բիլայն”-ի մամլո քարտուղար Յուլյա Օստրոուխովան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Միացյալ Արաբական Էմիրությունների ETISALAT օպերատորի գործադիր տնօրեն Մուհամեդ Հալֆան ալ-Կամզին հուլիսի 18-ին հաստատել է “ԱրմենՏել”-ը ձեռք բերելու մտադրությունը: Նա նշել է, որ ETISALAT-ը շարունակելու է արտասահմանյան ակտիվների ձեռքբերումը եւ նպատակ ունի ընդգրկվել աշխարհի հեռահաղորդակցության առաջատար ընկերությունների տասնյակում: Tweet Դիտում՝ 8904