Վերջերս Banks.am-ը փորձել էր պարզել, թե ովքեր են բիզնես հրեշտակները եւ ինչն է նրանց խանգարում գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում: Օրերս առիթ ունեցանք շարունակելու այս թեման. Հայաստան էր այցելել բիզնես հրեշտակ եւ ներդրող Հայկ Կայսերյանը, ով հանդիսանում է KAYWEB եւ KAYWEB Angels միջազգային ընկերությունների հիմնադիր եւ ներդրումներ է կատարել բազմաթիվ տեխնոլոգիական ստարտափներիի զարգացման մեջ՝ տարբեր երկրներում: Երեւանում հայազգի բիզնես հրեշտակը դասախոսություններ է կարդացել «Ստարտափից դեպի բիզնես» թեմայով, ներկայացնելով քայլերի այն հաջորդականությունը, որոնք հնարավորություն են տալիս ստարտափը դարձնել հաջողակ բիզնես ծրագիր: Հայկ Կայսերյանը սիրով համաձայնվեց պատասխանել նաեւ Banks.am-ի հարցերին:-Պրն. Կայսերյան, մի շարք հայ մասնագետներ պնդում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրը գրավիչ չէ արտասահմանում գործունեություն ծավալող բիզնես հրեշտակների համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք: - Հայաստանն ունի բարձրակարգ մաթեմատիկոսներ եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ: Հայաստանը հետաքրքիր է ներդրողների համար, բայց, միեւնույն ժամանակ, հնարավոր է՝ դա առաջնային հետաքրքրություն չէ: Պատճառը Հայաստանի մասշտաբներն են. այն շատ ավելի փոքր է, քան մյուս հավանական երկրները, որտեղ ներդրողը կնախընտրեր գումար ներդնել: Պատճառներից է նաեւ այն, որ Հայաստանում քիչ թիվ են կազմում հաջողված ստարտափ պատմությունները (success stories): Երբ նման պատմությունների քանակն աճի, ներդրողներն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտարկեն Հայաստանը:- Հայաստան այցելելու պատճառներից մեկը, հավանաբար, այստեղի ստարտափներով հետաքրքրվածությունն է եղել: Առիթ ունեցե՞լ եք ծանոթանալ տեղական ստարտափների հետ եւ ինչպիսի՞ն է առաջին տպավորությունը: - Հայաստան էի ժամանել մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին՝ որպես Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչ: Բայց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ Թումոյի առաջարկով որոշեցի այստեղ մի քանի օր ավել մնալ եւ դասախոսություններ կարդալ: Նման բազմաթիվ առիթներ եմ ունեցել միջազգային մեծ կոնֆերանսների ժամանակ, բայց առաջին անգամ է, որ դասախոսություն պետք է կարդայի հայկական լսարանի առջեւ: Եկել եմ, քանի որ գիտեմ, որ Հայաստանը հարուստ է տաղանդներով: Այն, ինչ միջազգային բիզնես եւ տեխնոլոգիական ոլորտը կարող է Հայաստանից ստանալ՝ վիթխարի է: Ես հպարտ հայ եմ եւ միշտ եղել եմ այդպիսին, ուստի ցանկանում եմ Հայաստանին օգնել՝ ցուցադրելով այդ մեծ ներուժը: Խոսքը չի գնում իմ կողմից այստեղ միլիոնավոր դոլարներ ներդնելու մասին: Ես կարող եմ խորհրդատվություն տրամադրել եւ կիսվել Նյու Յորքի ամենամեծ ստարտափների հետ ունեցած համագործակցության իմ փորձով: Այստեղ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում 8-10 ստարտափների ներկայացուցիչների հետ ծանոթացա: Հետաքրքիր երիտասարդներ էին, բայց կարծում եմ, որ ինչ-որ չափով միամտություն կա՝ կապված այն համոզմունքի հետ, թե իրականում ինչ են փնտրում ներդրողները: Նկատել եմ, որ տեղական ստարտափները դեռ պատրաստ չեն ներդրողների հետ հնարավոր հանդիպումներին: Միեւնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ այդ երիտասարդներն ունեն հետաքրքիր ու հիանալի գաղափարներ, եւ նույնիսկ այդ գաղափարների մատուցելու ձեւը սպասվածից շատ ավելի հաջող էր: Հայկական ստարտափների ուսումնասիրությամբ քիչ եմ զբաղվել, բայց այն, ինչ տեսա ու դեռ տեսնում եմ Հայաստանում, հիացնում է: -Երեւանում Ձեր դասախոսությունների թեման էր՝ «Ստարտափից դեպի բիզնես. ինչպե՞ս հասնել հաջողության »: Ի վերջո, ինչպե՞ս ստարտափը վերածել հաջողակ բիզնեսի: - Ստարտափը սիրո պատմություն է, եւ եթե այն հեքիաթային ավարտ է ունենում, ապա վերածվում է բիզնեսի: Երբ այդ սերը հասնում է մի կետի, երբ օգնում է ավելի բարեկեցիկ ապրել, այլ մարդկանց աշխատանքով ապահովել, ապա դա սիրո պատմության ուրախ ավարտն է: Ստարտափի հիմնադիրները սովորաբար սիրահարված են դրան, չնայած այն հանգամանքին, որ ստարտափով զբաղվելու համար չես թողնում քո հիմնական աշխատանքը, եւ հնարավոր է այն զարգացնելու համար գիշերներն ես աշխատում՝ քնելու հաշվին: -Ինչպե՞ս տարբերել բիզնես հրեշտակներին վենչուրային կապիտալիստներից եւ ինչպե՞ս է իրեն սովորաբար զգում բիզնես հրեշտակը:- Գոյություն ունեն ներդրման տարբեր ձեւեր: Սովորաբար ամենաշատ գումար տրամադրողները վենչուրային կապիտալիստներն են: Նրանք միլիոնավոր դոլարներ են հավաքում տարբեր մարդկանցից , ովքեր հետաքրքրված են ֆինանսավորել այն ոլորտը, որտեղ ներդրում է կատարում վենչուրային կապիտալիստը: Դրանք մեծաքանակ ներդրումներ են, հետեւաբար այդ մարդիկ փնտրում են ստարտափներ, որոնք հետագայում միլիոնավոր դոլարների եկամուտ կբերեն: Բայց ամեն ստարտափ չէ, որ կարող է նման մեծ գումարներ ակնկալել: Բիզնես հրեշտակը ներդրող է, ով ֆինանսավորում է տրամադրում այն բիզնեսին, որի սեփականատերը կարող է ինքը չլինել, հույս ունենալով, որ բիզնեսը կաճի եւ հաջողակ կդառնա: Բիզնես հրեշտակները հետաքրքրված են ներդրումներով, ունեն գումար. նրանք ստարտափին օգնում են թե ֆինանսապես եւ թե խորհրդատվությամբ, եւ եթե ստարտափը հաջող զարգացում է ունենում, նրանք եւս գումար են աշխատում:Ինչպե՞ս են իրենց զգում բիզնես հրեշտակները՝ երբեմն լավ, երբեմն վատ: Լավ, երբ ստարտափը հաջող զարգացում է ունենում, եւ վատ, երբ այն ձախողվում է: Եթե խոսեմ իմ օրինակով, ապա ընդամենը 3 տարի է, ինչ զբաղվում եմ ներդրումային գործունեությամբ: Հիանալի զգացողություն է ստանալ գաղափարներ, խորհուրդներ տալ դրանց հեղինակներին եւ օգնել ոտքի կանգնել: Երբ նրանք հաջողակ են լինում, դա ինձ հաճույք է պատճառում, իսկ երբ ոչ այնքան, դա ինձ այնքան էլ հաճելի չէ: Սակայն պատճառը ոչ թե իմ կողմից ներդրված գումարի կորուստն է, այլ այն, որ տվյալ ստարտափի հիմնադիրն այդքան էներգիա, ժամանակ եւ ռեսուրս է տրամադրել դրա զարգացմանը, հետեւաբար ես տխրում եմ հենց տվյալ ստարտափի վրա աշխատող թիմի համար:- KAYWEB եւ KAYWEB Angels միջազգային ընկերությունների հիմնադիրն եք: Ինչո՞վ են դրանք զբաղվող եւ ինչպե՞ս են փոխլրացնում միմյանց: -KAYWEB-ը ստեղծվեց 10 տարի առաջ Ավստրալիայում: Մատուցում ենք թվային տեխնոլոգիաներին առնչվող բազմատեսակ ծառայություններ: Ունենք երկու գրասենյակ Ավստրալիայում՝ Սիդնեյ եւ Մելբուռն քաղաքներում, ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, ինչպես նաեւ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:Տարիներ առաջ նկատեցի մի միտում, որ Նյու Յորքում այն բոլոր խելացի մարդիկ, ովքեր ունեն փայլուն գաղափարներ, իրենց ծրագրերը զարգացնելու համար չունեին աջակիցներ, քանի որ բիզնես ստարտափների զարգացման համար հիմնական կենտրոնները տեղակայված էին երկրի մյուս հատվածում: Ու մտածեցի հետեւյալը. ի դեմս KAYWEB ընկերության, ես ունեմ այն, ինչ այդ տղաներին պետք է: Իսկ իրենք ունեն աշխատող գաղափարներ, որոնք պետք են իմ ընկերությանը եւ որոնք կարելի է զարգացնել: Ու որոշեցի ստեղծել KAYWEB Angels-ը, որը հրեշտակային ներդրումներով զբաղվող ընկերություն է. այն ստարտափները, որոնք հետաքրքիր գաղափարներ ունեն, գալիս եւ դրանք ներկայացնում են մեզ՝ եթե մենք դրանք հավանում ենք, օգնում ենք զարգացնել: - KAYWEB Angels-ի գոյության այս 3 տարիների ընթացքում առիթ ունեցե՞լ եք աշխատել հայկական ծագման ստարտափների հետ: Տեղեկություններ ունե՞ք արտասահմանում գործունեություն ծավալող եւ ազգությամբ հայ այլ բիզնես հրեշտակների մասին: -Այո, առիթ եղել է ներդրում կատարել մի ստարտափում, որի համահիմնադիրներից մեկն ԱՄՆ-ում բնակվող հայ էր: Ստարտափը հաջողությամբ գործում է մինչ օրս, բայց, դժբախտաբար, այդ տղան այնտեղ այլեւս չի աշխատում: Այսպես ասեմ, յուրաքանչյուր փուլում մենք ավելի քան 200 հայտ ենք ստանում 1-3 տեղի համար, դրանք զտվում են, եւ ես դիտարկում եմ միայն այն գաղափարները, որոնք լիովին համապատասխանում են մեր չափանիշներին: Սակայն էլ. փոստիս հասցեին ստանում եմ բոլոր հայտերը, եւ յան-ով վերջացող ազգանուն տեսնելու դեպքում շատ ավելի ուշադիր եմ լինում: Մեր կողմից հավանություն ստանալու հիմնական չափորոշիչներից մեկն այն է, որ տվյալ ստարտափը կարողանա գործել ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Նյու Յորքում: Բայց ստարտափի գաղափարը կարող է պատկանել ցանկացած մարդու՝ անկախ աշխարհագրական դիրքից: Կան մի շարք այլ չափորոշիչներ եւս, եւ եթե դրանք նույնպես համապատասխանում են, ապա մենք, իհարկե, դիտարկում ենք այդտեղ ներդրում կատարելու հնարավորությունը:Ճիշտ է, տեղյակ չեմ հայ այլ բիզնես հրեշտակների գործունեության մասին, բայց կան բազմաթիվ հայեր, ովքեր ինձ հետ միասին համահիմնադիրներ են. նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում ստարտափներում: - Ներդրումներ եք կատարել հարյուրավոր ստարտափների մեջ: Հիշու՞մ եք, թե որոնք են եղել Ձեր պրակտիկայում ամենաառաջին եւ ամենառիսկային ներդրումները:- Ամենաառաջին ներդրումը կատարել եմ միանգամից երեք ստարտափներում: Դրանցից երկուսը մինչ օրս հաջողությամբ գործում են եւ զարգանում: Ինչ վերաբերում է ամենառիսկային ներդրմանը, փորձեմ բացատրել օրինակով. գալիս է մի մարդ եւ ասում՝ ուզում եմ սոցիալական ցանց ստեղծել: Այս դեպքում ինչպե՞ս ես՝ ներդրողս համոզվեմ, որ իմ ակնկալվող ներդրումը վերջիվերջո արդյունավետ կլինի եւ եկամուտ կբերի, ինչպե՞ս շուկայում թեստավորում անցկացնեմ, ինչպե՞ս այն մարդկանց, ում համար նախատեսված է ծառայությունը, հարցնեմ, թե արդյոք նրանք դրա կարիքն ունեն: Ես կատարել եմ այս տիպի մի շարք ներդրումներ, եւ կարծում եմ, որ դրանք ռիսկային ներդրումների խմբին են պատկանում: Բայց, եթե, օրինակ, ստարտափի գաղափարը ռեստորանների համար է նախատեսված, կարող եմ ուղղակի այցելել 3-4 ռեստորան եւ հարցնել, թե արդյո՞ք նրանք ունեն այդ արտադրանքի կարիքը: Ներդրումների այս տեսակը պակաս ռիսկային է: Բայց երբ քո հաճախորդները միլիոնավոր մարդիկ են, դժվար է ինչ-որ նախնական հետազոտություն անցկացնելը: Անհնար չէ, բայց դժվար է: Հայկ Կայսերյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 6439