Հայաստանը դարձել է գինեգործության միջազգային OIV կազմակերպության անդամ

16.09.2014 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս Հայաստանն ավելի քան 6 ամիս տեւած գործընթացի արդյունքում դարձել է Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) անդամ 46-րդ երկիրը: Կազմակերպությանն արդեն իսկ անդամակցում են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:

Ներկայացնում ենք OIV-ի գլխավոր տնօրեն Ժան-Մարի Օրանդի հարցազրույցը Banks.am-ին:

- Ներկայացրեք, խնդրում եմ, Հայաստանի անդամակցությանը նախորդած գործընթացի մանրամասները, եւ ի՞նչ գործոններ են հիմնականում հաշվի առնվել ընտրության ժամանակ:

- OIV-ը միջկառավարական կազմակերպություն է, որը բաց է աշխարհի բոլոր պետությունների համար: Մենք չէ, որ ընտրում ենք անդամ երկրներին. անկախ պետություններն իրենք են հանդես գալիս նման նախաձեռնությամբ:

Այս տարվա ապրիլին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ նախնական բանակցությունները հանգեցրին իմ եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպմանը՝ նպատակ ունենալով հաստատել OIV անդամակցության շուրջ Հայաստանի դիրքորոշումը:

Հաշվի առնելով Հայաստանի գինեգործության ոլորտի պատմությունը, ինչպես նաեւ այսօր այդ ասպարեզում  տարվող աշխատանքները՝ Սերգո Կարապետյանը հանդիպման ընթացքում վերահաստատեց Հայաստանի՝ OIV-ին միանալու եւ այդ անդամակցության արտոնություններից օգտվելու ցանկությունը: Ուրախություն հայտնելով ՀՀ կառավարության որոշման առնչությամբ` ես հավելեցի, որ սկսվել է կազմակերպության անդամ երկրների խորհրդատվական գործընթացը, ինչի հանգուցալուծումը պետք է դառնար Հայաստանի պաշտոնական անդամակցությունը OIV-ին:

Հայաստանի անդամակցությանը միտված 6 ամիս տեւողությամբ կանոնակարգային գործընթացի արդյունքում, անդամ որեւէ երկրի կողմից չստանալով առարկություն, Հայաստանի անդամակցությունը հաստատվեց: Եվ արդեն նոյեմբերի 14-ին Արգենտինայում կայանալիք OIV գլխավոր գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը պաշտոնապես կդառնա OIV անդամ:  

- OIV-ի գնահատմամբ, ինչպիսի՞ն են Հայաստանում գինեգործության զարգացման միտումները:

- Հայաստանում գինեգործության ոլորտը նկատելի աճ է գրանցել: Հատկանշական են նաեւ միջազգային ասպարեզում ճանաչողության բարձրացմանը միտված քայլերը, ինչը ներառված է Հայաստանի կառավարության ռազմավարական զարգացման ծրագրում:

Պատմականորեն Հայաստանը Վրաստանի հետ միասին գինեգործության աշխարհի ամենահին կենտրոններից է: Արենիում արված վերջին հետազոտությունը պարզել է, որ այնտեղ գինեգործությամբ զբաղվել են դեռ մ.թ.ա. 6-րդ հազարամյակում:

Հայաստանում խաղողի այգիները, որոնք 1980-ալաններից սկսած կիսով չափ կրճատվել են, այսօր 15 հազ. հեկտար տարածք են զբաղեցնում: Բերքն օգտագործվում է հիմնականում սովորական եւ փրփրուն գինիների, ինչպես նաեւ կոնյակի արտադրության նպատակով: Ամենահաճախ օգտագործվող խաղողի սորտերն են Սեւ Արենին՝ կարմիր գինիների համար, ինչպես նաեւ Ոսկեհատը՝ սպիտակ գինիների համար:  

- Ինչպե՞ս կարող է OIV-ը նպաստել եվրոպական շուկայում հայկական արտադրության գինու ծավալների աճին:   

- OIV-ը գիտատեխնիկական կազմակերպություն է եւ ուղիղ կապ չունի վաճառքի հետ: Դրա փոխարեն մենք տրամադրում ենք միջազգային չափորոշիչներ, որոնք նպաստում են գինու արտադրության միջազգային ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Սա հայ գիտնականներին եւ ոլորտի աշխատողներին հնարավորություն է տալիս համագործակցության եզրեր գտնել գինեգործության միջազգային համայնքում՝ մասնակցելով OIV-ի աշխատանքներին եւ կազմակերպվող կոնֆերանսներին:

Ժան-Մարի Օրանդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 9226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW