Գործունյա կնոջ կերպարը հատուկ հարգանքի է արժանի, քանի որ, չնայած այսօրվա առաջադեմ հայացքներին, գործարար աշխարհը տղամարդկանց է պատկանում, կինն էլ առաջնահերթ ընկալվում է որպես օջախի պահապան: Երբ տեղեկանում ես, որ գործունյա կինը նաեւ բազմազավակ մայրիկ է՝ հարգանքը վերաճում է անկեղծ հիացմունքի: Եվ պարզվում է, որ երեխաները ոչ միայն չեն խոչընդոտում հաջողություններին, այլ ընդհակառակը՝ յուրահատուկ խթան են հանդիսանում: Մեդիամաքսը որոշել է ներկայացնել մեր կողքին ապրող այդպիսի մայրիկներից մի քանիսին: Հնարավոր է, որ նրանք՝ մարմնավորելով ժամանակակից հայ կնոջ կերպարը, օրինակ ծառայեն այլ կանանց եւ աղջիկների համար: Սոնա Մարկոսյան`38 տարեկան;«Հրաշք Մանկիկ» մանկապարտեզի տնօրեն;Ունի 4 երեխա. Քրիստինա՝ 16 տարեկան, Էլեն՝ 14 տարեկան, Տիգրան՝ 10 տարեկան, Լեւոն՝ 7 տարեկան:- Ի սկզբանե մտածու՞մ էիք մեծ ընտանիք ունենալու մասին: - Ամուսնացել եմ 21 տարեկանում եւ 22-ում ունեցել եմ առաջին երեխայիս: Երբ ամուսնանում էինք, մտածում էինք ամենաշատը երեք երեխա ունենալու մասին: Այսօր չորսն ունենք եւ դա միայն կրկնապատկում է ծնողներ լինելու երջանկությունը: - Ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ սեփական մանկապարտեզ բացելը: - Մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ եմ: Ամուսնացա, երբ սովորում էի բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում: Այնուհետեւ ավարտեցի մագիստրատուրան՝ օրթոպեդ-ստոմատոլոգի նեղ մասնագիտացմամբ: Առաջնեկիս ծնվելուց մեկ ամիս անց արդեն աշխատում էի Բժշկական համալսարանին կից ստոմատոլոգիական կլինիկայում: Բացի այդ, տասը տարի դասավանդել եմ ստոմատոլոգիական ֆակուլտետում: Հինգ տարի առաջ ստիպված եղա թողնել դասավանդումը, քանի որ մանկապարտեզն արդեն գործում էր եւ համատեղելն այլեւս հնարավոր չէր: - Ինչպե՞ս որոշեցիք սեփական գործ սկսել: - Սեփական գործ սկսելու հստակ ցանկություն չեմ ունեցել: Անգամ եթե նման մտքեր ծագում էին, դրանք պտտվում էին ստոմատոլոգիական կլինիկա բացելու շուրջ: Մանկապարտեզի գաղափարն առաջացավ, երբ աղջիկներս սկսեցին մասնավոր մանկապարտեզ հաճախել: Այն տարիներին մասնավոր մանկապարտեզները քիչ էին եւ ուսումնասիրելով դրանք ու հաշվի առնելով բոլոր թերությունները եւ առավելությունները, մտածեցի, որ կարող եմ փորձել մանկապարտեզ բացել: Սոնա ՄարկոսյանըԼուսանկարը՝ ՄեդիամաքսԱյս տարածքը ժամանակին մի մասնավոր դպրոցի էր վարձակալությամբ տրված եւ մանկապարտեզը բացելուց առաջ հիմնովին վերանորոգեցինք այն՝ համապատասխանեցնելով բոլոր չափանիշներին: Մանկապարտեզը սկսեց գործել 2007 թ. հոկտեմբերի 1-ից: Սկզբում ընդամենը երեք բալիկ ունեինք, որոնցից մեկն էլ իմ տղան էր: Չնայած երեխաների սակավությանը, 10 հոգուց բաղկացած աշխատակազմ էի հավաքել՝ դաստիարակ, դայակ, ռուսերենի եւ անգլերենի դասատուներ, երաժիշտ, խոհարար, խոհարարի օգնական, բժիշկ: Չորս ամիս անց արդեն տասը երեխա ունեինք: Աստիճանաբար երեխաների քանակը այնքան աճեց, որ մեծացրեցինք տարածքը, ընդլայնեցինք ճաշարանի հատվածը եւ կառուցեցինք երկրորդ հարկը: Այս տարվա սեպտեմբերից կունենանք նաեւ մարզադահլիճ, որտեղ շաբաթը երկու անգամ միջին եւ ավագ խմբերի երեխաների համար անց են կացվելու սպորտային գիմնաստիկայի պարապմունքներ: Առաջին երկու տարին բավականին դժվար էր, քանի որ անփորձ էի: Շատ էի համապատասխան գրականություն ուսումնասիրում: Այսօր էլ պարտադիր ծանոթանում եմ Մոսկվայից բերվող մանկավարժական գրականության հետ, իսկ մեր ծրագրերը կազմելիս հիմնվում ենք ռուսական մեթոդաբանության վրա: Ուրախ եմ, որ մեր երեխաները դպրոց գնալուց բավականին մեծ կրթական պաշար են ունենում: Միշտ ողջունում եմ, երբ դաստիարակներն էլ ինչ-որ նորություն են առաջարկում՝ ուսումնական ծրագրի կամ հանդեսների վերաբերյալ: Չնայած նրան, որ այդքան կանանց հետ աշխատելը հեշտ չէ, մեզ մոտ կազմավորվել է լավ թիմ, որի ներսում շատ ջերմ մթնոլորտ է տիրում: Մանկապարտեզն ավարտելուց հետո շատ երեխաներ պարբերաբար գալիս են մեզ այցելության, եւ դա մեզ համար ամենաբարձր գնահատականներից մեկն է: Սոնա ՄարկոսյանըԼուսանկարը՝ Մեդիամաքս- Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը: - Արթնանում եմ առավոտյան 07:30: Երեք երեխաներիս ճանապարհում եմ դպրոց եւ փոքր տղայիս հետ (նա սովորում է երկրորդ հերթում) գալիս ենք մանկապարտեզ, որտեղ անց եմ կացնում օրվա մեծ մասը: Երեկոյան պարտադիր պետք է ստուգեմ երեխաների դասերը եւ զրուցեմ նրանց հետ: Ուշ եմ քնում, ժամը 02:00-ից ոչ շուտ: Միշտ չէ, որ հասցնում եմ բոլոր գործերս, սակայն չեմ նեղվում, քանի որ բնույթով շատ ակտիվ մարդ եմ եւ նստակյաց եւ չափված ապրելակերպն ինձ համար չէ: Շաբաթ-կիրակի օրերը անցկացնում եմ ընտանիքիս հետ: Շատ եմ սիրում, երբ կիրակի առավոտյան ամբողջ ընտանիքով հավաքվում ենք մի սեղանի շուրջ: Մեծ ընտանիքում ապրելը դժվար է, բայց շատ հետաքրքիր: Եթե երեխաներից ինչ-որ մեկը բացակայում է, տունը, կարծես, դատարկվում է:- Ինչպե՞ս եք հասցնում կարգավորել կենցաղային հարցերը: - Երբ ծնվեց երկրորդ երեխաս, դայակ ունեցանք: Իհարկե, շատ էին օգնում նաեւ տատիկները: Այսօր տնային տնտեսուհի ունենք, քանի որ գրեթե ողջ օրը մանկապարտեզում եմ լինում: Սակայն տան ուտեստները միեւնույն է ես եմ պատրաստում, քանի որ երեխաներս իմ պատրաստած կերակուրներն են սիրում: - Որքանո՞վ կարեւոր է ֆինանսական կողմը՝ բազմազավակ ծնողներ լինելու հարցում: - Չեմ կարծում, որ ֆինանսական միջոցները ուղիղ կապ ունեն բազմազավակության հետ: Մանկապարտեզում բալիկներ ունենք շատ ապահովված ընտանիքներից, որտեղ միայն մեկ երեխա կա: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես պատրաստ ինքդ քեզ «նեղություն» տալ: Սակայն պետք է նշեմ, որ տարիների ընթացքում ավելի շատ ընտանիքներում կարելի է տեսնել երեք եւ ավելի երեխաներ: Սոնա Մարկոսյանը ամուսնու եւ երեխաների հետԼուսանկարը՝ Ս. Մարկոսյանի արխիվից- Երբեւէ չե՞ք մտածել դպրոց բացելու մասին: - Այդ հարցն ինձ պարբերաբար տալիս են նաեւ մեր մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները, սակայն այսօր հստակ պատասխան չունեմ: Սովոր եմ բոլոր մանրուքներով անձամբ զբաղվել, իսկ ավելի ծանրաբեռնված դառնալու դեպքում դա անհնարին կդառնա ու ես չեմ տեսնի այն արդյունքը, որը ցանկանում եմ: Ինձ համար առաջնայինը որակի պահպանումն է: Այսօր ունենք երկարօրյա, նախատեսված մինչեւ չորրորդ դասարանի աշակերտների համար: Այնտեղ հաճախում են միայն մեր մանկապարտեզն ավարտած երեխաները: - Ի՞նչ եք կարծում, կինը պետք է աշխատի՝ անկախ նրանից, ֆինանսապես ապահովված է, թե ոչ: - Կինն անպայման պետք է աշխատի, այդպես նա իրեն ավելի լիարժեք եւ վստահ է զգում: Աշխատող կինը միշտ ավելի գնահատված է լինում՝ առաջին հերթին իր ամուսնու եւ երեխաների կողմից: Աշխատող կինը նաեւ ժամանակ չի ունենում բացասական մտքերի եւ բամբասանքների համար, որոնք ուշ թե շուտ ի հայտ են գալիս որպես կենցաղի մի մասնիկ: Սոնա Մարկոսյանը դստրերի հետԼուսանկարը՝ Ս. Մարկոսյանի արխիվիցԱղջիկներիս էլ փորձում եմ նման կերպ դաստիարակել: Հանգիստ չեմ թողնում՝ լրացուցիչ լեզուներ են սովորում, սպորտի են հաճախում: Միշտ ասում եմ, որ պետք է լավ սովորեն եւ ակտիվ լինեն՝ դա շատ կարեւոր է: Սոնա Մարկոսյանի հետ զրուցել է Աննա ԲուբուշյանըՀ.Գ. «Բազմազավակ ու գործունյա» շարքի նախորդ հերոսուհու հետ կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 10680