Ինչպիսի՞ն պետք է լինեն ՀՀ համակարգային նշանակության բանկերը

05.03.2014 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մի շարք երկրների նման Հայաստանում եւս աշխատանքներ են տարվում Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված նոր կանոնակարգի` Բազել III-ի ներդրման ուղղությամբ, որի պահանջների թվում է համակարգային նշանակության բանկերի հայտնաբերման ու կառավարման գործընթացը:

Մինչ ՀՀ Կենտրոնական բանկը մշակում է համակարգային նշանակություն ունեցող բանկերի հայտնաբերման եւ կարգավորման մեթոդաբանությունը, Banks.am-ը փորձել է տնտեսագետներից պարզել` որո՞նք կարող են համարվել նմանօրինակ բանկեր եւ ի՞նչ պահանջներ են անհրաժեշտ դրանց համար:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, համակարգային նշանակություն ունեցող բանկի առաջին եւ հիմնական պահանջը կապիտալի եւ ակտիվների մեծությունը պետք է լինի: Որպես պահանջ հաջորդաբար կարեւոր են մասնակցությունը միջբանկային եւ ֆինանսական շուկային, չափանիշ կարող է  դիտվել նաեւ մասնաճյուղերի մեծ ցանցի առկայությունը եւ հաճախորդների թիվը:

«Մեր օրենսդրությունը ներկայումս զարգանալու, փոխվելու տեղ ունի, եւ ես ավելի շատ տեսնում եմ բանկերի նկատմամբ օրենսդրորեն տարբերակված մոտեցման կիրառման անհրաժեշտություն: Շուկայում ավելի բարձր դիրք ունեցող բանկերի կապիտալի պահանջը պետք է լինի ավելի բարձր»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե որո՞նք կարող են լինել ՀՀ Համակարգային նշանակության բանկերը` մեր զրուցակիցը հստակ անուններ չի նշում, սակայն կարծում է, որ դա անհրաժեշտ է գնահատել ոչ թե տվյալ պահի, այլ առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ամենալայն մասնաճյուղերի ցանց եւ ակտիվների մեծություն ունեցող բանկերի միջինացված ցուցանիշներով:

Համակարգային նշանակության բանկերի հայտնաբերման եւ կարգավորման վերաբերյալ Բազել III-ի պահանջը, ըստ Բագրատ Ասատրյանի, պատասխանն էր 2008-ի ճգնաժամին ԱՄՆ նախագհ Բարք Օբամայի եւ այլ քաղաքական գործիչների այն հարցադրմանը, թե արդյո՞ք պետք է  նման շռայլություն թույլ տալ եւ այսքան խոշոր բանկեր ունենալ: «Բանկն, ըստ էության, ինչքան խոշոր է, այնքան մեծ սպառնալիք է, սակայն խոսքը Հայաստանի մասին չէ, քանի որ ՀՀ ողջ բանկային համակարգը հիմնական ցուցանիշների մեծությամբ համադրելի է մեր հարեւան յուրաքանչյուր մեկ բանկի հետ. մեր բանկերը շատ փոքր են, այլ հարց է, որ տեղական շուկայի համար դրանք  կարող են համակարգային դեր ունենալ»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, համակարգային նշանակության ունեցող բանկերն առաջին հերթին պետք է կարողանան իրականացնել այն գործառույթները, որոնք դրված են բանկային համակարգի վրա. սպասարկեն տնտեսության իրական հատվածն ու ինտեգրվեն տնտեսությանը` մատուցելով մրցունակ եւ պահանջված ծառայություններ, որոնց որակը երաշխավորված կլինի:

Տնտեսագետը ՀՀ բանկային համակարգը կայացած եւ մրցունակ է համարում` համեմատելով այն նախկին ԽՍՀՄ երկրների բանկային համակարգի հետ: «Սակայն որոշակի անելիքներ կան: Ընդհանրապես բազելյան կանոնները միտում ունեն թափանցիկ դարձնել ֆինանսական հաշվետվությունները ֆինանսական միջոցներ տրամադրող կառույցներին` դրանով կրճատելով ստվերային տնտեսության տեսակարար կշիռը, ինչը կնպաստի տնտեսության մրցունակության զարգացմանը եւ ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը», - ասել է նա Banks.am-ին:

Հարցին, թե ՀՀ-ում գործող, ո՞ր բանկերն են հավակնում համարվել համակարգային նշանակության` Թաթուլ Մանասերյանը պատասխանել է հետեւյալը. «Մեզանում քիչ չեն այն բանկերը, որոնք հավակնում են համարվել համակարգային նշանակության, սակայն, կարծում եմ, դա խիստ մասնագիտական վերլուծության կարիք ունի, տպավորությունները կարող են խաբուսիկ լինել»:

Մեր զրուցակիցը չի  բացառում, որ Բազել III-ի այս պահանջի կատարման համար որոշ առեւտրային բանկեր կհամախմբեն, սակայն նշում է, որ Հայաստանում խոշորացումներ արդեն տեղի են ունեցել` «կանոնադրական կապիտալի եւ շատ առումներով ՀՀ բանկերը մոտեցել են միջազգային չափանիշներին»:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai