PRINCIPS` հայ վարպետների եւ շվեյցարական տեխնոլոգիաների համադրություն

25.11.2013 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս Հայաստանում ներկայացավ «հայկական ծագումով» շվեյցարական ոսկերչական PRINCIPS ապրանքանիշը: Հոկտեմբերի 28-30-ը PRINCIPS-ը մասնակցեց Yerevan Show 2013 եռօրյա ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 6-7-ը` հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին:

PRINCIPS-ի զարդերը արտացոլում են շվեյցարական տեխնոլոգիաների եւ հայ վարպետների հմտությունների համադրությունը:

Մեդիամաքս-ը զրուցել է PRINCIPS-ի գործադիր տնօրեն Գրիգոր Ցոլակյանի հետ:

- Ընկերությունը հիմնադրվել է շուրջ 2 տարի առաջ Շվեյցարիայում: Հայաստանում PRINCIPS բրենդն առաջին անգամ ներկայացրեցինք վերջերս` մասնակցելով Yerevan Show 2013 ցուցահանդեսին: Երկրորդ ցուցահանդեսին հրավիրված էին շուրջ 40 իրաքցի հյուրեր, որոնք չափազանց տպավորված էին հայ ոսկերիչների ձեռքերով պատրաստված բացառիկ զարդերով:

- Ընկերությունն ինչպե՞ս է իրեն դիրքավորում:

- Մեր հավակնությունն է ողջ աշխարհին ցուցադրել հայ ոսկերիչների ու առհասարակ հայ մարդկանց տաղանդը: Զարգացման հեռանկարային ռազմավարությամբ նախատեսում ենք մուտք գործել Վրաստանի եւ Ռուսաստանի շուկաներ, իսկ հետո «վերադառնալ» Եվրոպա՝ այնտեղ ներկայանալով մեր դիզայներների կողմից պատրաստված զարդերի տեսականիով:

Հայտնի է, որ զարդերի աշխարհը «տնօրինում» են իտալացիները, նրանց զարդերը հայտնի են ամբողջ աշխարհում: Բայց մենք ցանկանում ենք ապացուցել, որ նաեւ հայերը կարող են պատրաստել յուրօրինակ ու բացառիկ զարդեր:

Եթե խոսենք ներքին շուկայի մասին, ապա մեր արտադրանքը հիմնովին տարբերվում է այն ամենից, ինչը ներկայացվում է Հայաստանում: Այստեղ բավական տարածված երեւույթ է կրկնօրինակել արտերկրում արտադրվող զարդերը: Մենք սկզբունքորեն  գնում ենք այլ ճանապարհով` ստեղծելով միայն սեփական եւ իսկապես բացառիկ ոսկերչական զարդեր: Ցանկանում ենք փոխել հին մոտեցումները եւ նոր ճաշակ թելադրել, փորձում ենք մեր սպառողին առաջարկել այն նրբաճաշակ ապրանքը, որը բնորոշ է հենց իրեն:

- Թիրախային ի՞նչ խմբերի համար է նախատեսված Princips-ի արտադրանքը:

- Ի սկզբանե մեր զարդերը պատրաստվում էին բացառապես պատվիրատուի ցանկությամբ եւ յուրաքանչյուր զարդը եզակի էր իր տեսակի մեջ: Պահպանելով այս մոտեցումը, մենք նաեւ ներկայանում ենք պատրաստի հավաքածուներով, որպեսզի սպառողը կարծիք կազմի Princips-ի մասին եւ միգուցե հետագայում որեւէ հատուկ զարդ պատվիրի:


Լուսանկարը` PRINCIPS:    

Հաջորդ տարի նախատեսում ենք Հայաստանում բացել PRINCIPS խանութ-սրահը, որը սպառողներին հնարավորություն կտա ընտրել իրենց բնորոշ զարդերը: Եթե խոսենք գնային քաղաքականության մասին, ապա մեր զարդերը պայմանականորեն բաժանվում են երեք խմբի` միջին, բարձր եւ «լյուքս» դասի: Ըստ էության, մեր արտադրանքը հասանելի է միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող բոլոր մարդկանց համար:

- Ինչպիսի՞ն է ընկերության տեխնոլոգիական բազան:

- Վստահորեն կարող եմ ասել, որ Շվեյցարիայից ներմուծված մեր սարքավորումները միակն են այս տարածաշրջանում: Այդ սարքավորումները առնվազն 5 տարվա ընթացքում մեզ հնարավորություն կտան հանդես գալ մրցունակ արտադրանքով:

Միաժամանակ, մեծ ուշադրություն ենք դարձնում ձեռքի աշխատանքի վրա, որը եւ ապահովում է մեր զարդերի բացառիկությունը: Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքն անփոխարինելի է: Որքան էլ տեխնիկան կատարյալ լինի, զարդի վերջնական հղկումը կատարում է վարպետը՝ ձեռքով:
 
- Վերջերս Հայաստանում գործատուները շատ են դժգոհում որակյալ կադրերի պակասից: Դուք նման խնդիր ունե՞ք:

- Իսկապես, Հայաստանում շատ դժվար է դարձել կադրեր գտնելը, քանի որ մասնագետների արտահոսքը մեծ է: Սակայն մենք ստեղծել ենք մի թիմ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իր գործի մասնագետն է: Մեր մասնագետները հնարավորություն ունեն աշխատել հայրենիքում, վարձատրվել գրեթե նույն չափով, ինչպես արտերկրում, եւ, կարծում եմ, նրանք կմնան Հայաստանում եւ կիրականացնեն մեր համատեղ ծրագրերը: Մենք ցանկանում ենք, որպեսզի մասնագետների ու առհասարակ մարդկանց արտահոսքը Հայաստանից հնարավորինս նվազի:


Լուսանկարը` PRINCIPS:    

- Ի՞նչ ծրագրեր ունի Princips-ը 2014թ.-ի համար:

- Վերջին երկու տարիները մեզ համար կայացման շրջան էին եւ հիմա սկսվում է նոր` զարգացման շրջանը: Ինչպես արդեն նշեցի, 2014 թվականին նախատեսում ենք բացել մեր բրենդային խանութ-սրահը Հայաստանում: Հաջորդ տարի մտադիր ենք նաեւ սկսել ծավալվել Վրաստանի եւ Ռուսաստանի շուկաներում: Փակագծերը չբացելով, կարող եմ ասել, որ 2014 թվականի մեր ռազմավարական ծրագիրը լի է անակնկալներով, որոնց շնորհիվ Princips-ը առավել ճանաչված կդառնա մեր հասարակության շրջանում:

Գրիգոր Ցոլակյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Դիտում՝ 12013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai