Մուշեղ Ավետիսյան. Մեր երկրից արտագաղթում է ոչ միայն բնակչությունը, այլեւ կապիտալը

12.08.2013 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր եւ խորհրդի նախագահ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերության սեփականատեր, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ասիստենտ, տ.գ.թ. Մուշեղ Ավետիսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին

Տեղեկանք. Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը ստեղծվել է մեկ տարի առաջ` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ: Միության ստեղծման գաղափարը ծնունդ է առել USAID-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Արդյունավետ բանակցությունների եւ առաջնորդության հմտություններ» թեմայով ուսուցողական սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում: Միության ստեղծման հիմնական նպատակն երիտասարդ գործարարներին համախմբելն է, նրանց աջակցություն ցուցաբերելն ու բիզնես միջավայրի համակարգելը:

- Պարոն Ավետիսյան, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել մեկ տարվա ընթացքում եւ  ինչպիսի՞ն են եղել արդյունքները:

- Մինչ այսօր մասնակցել ենք մի շարք գիտաժողովների եւ թրեյնինգների, որոնցից կցանկանայի առանձնացնել մեր մասնակցությունը «Գործարարության աջակցման գրասենյակ-Հայաստան»-ի կողմից կազմակերպվող քննարկումներին: Վերջինս ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնելու ՀՀ-ում գործարարների եւ կառավարության միջեւ կապը՝  խոչընդոտների ուսումնասիրման եւ դրանց վերհանման միջոցով:

Մասնակցել ենք նաեւ մարտ ամսին UNIDO-ի, ՀՀ կառավարության եւ «Austrian Development Cooperation»-ի կազմակերպած «Աջակցություն Հայաստանում երիտասարդների ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի շնորհանդեսին: Ծրագրի նպատակն է ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման եւ անվճար դասընթացների կազմակերպման միջոցով աջակցել երիտասարդներին, որոնք ունեն արտադրությանն առնչվող գաղափարներ: Ծրագրի թիրախային տարածաշրջաններ են ընտրվել Լոռու եւ Շիրակի մարզերը, ուղղակի շահառուներն են 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները, հատուկ ուշադրության են արժանանում երիտասարդ ընտանիքներն ու կանայք: Ծրագրի իրականացնող գործընկերը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն է:

Կարծում եմ, Միության ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաեւ այն գործարար կապերը, որոնք այս մեկ տարվա ընթացքում կառուցվել են թուրք եւ հայ գործարարների միջեւ:

Միությունն այսօր առավելապես փորձում է ինտեգրվել գործարար միջավայրում իրականացվող գործընթացներին՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին մակարդակներում: Մենք դեռեւս չենք ներկայացրել ծրագրեր ֆինանսավորման համար, այս մեկ տարին առավելապես օգտագործել ենք Միության կայացման՝ ներքին կազմակերպչական հարցերի ու նպատակների հստակեցման եւ երիտասարդ գործատուների ներգրավման համար:

- Խոսելով թուրք գործարարների հետ համագործակցության մասին՝ արդյո՞ք դիվանագիտական կապերի բացակայությունը եւ ազգային բարդույթները խոչընդոտ չեն հանդիսանում ամուր եւ վստահելի կապերի ձեւավորման համար:

- Թեեւ Թուրքիայի հետ մեր երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ, սակայն դա չի խոչընդոտում հայ եւ թուրք գործարարների միջեւ գործարար ամուր կապերի ձեւավորմանը: Կարծում եմ, գործարար կապերը, ի տարբերություն դիվանագիտականի, առավել երկարաժամկետ են, քանի որ հետապնդում են փոխադարձ շահ եւ շահույթ:

Դրա վառ վկայությունը 2012թ. հունիսին Կարսում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից կազմակերպված գործարար համաժողովն էր: Իսկ արդեն այս տարվա օգոստոսին մասնակցելու ենք Վան քաղաքում կայանալիք «Երիտասարդ գործարարները սահմանային տնտեսական համագործակցության համար» խորագիրը կրող մեկ այլ համաժողովի: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդ գործարարների միջեւ առեւտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորություններն ու նախադրյալները: Ելնելով մեր փորձից՝ կարող եմ ասել, որ  բիզնեսը ազգություն չի ճանաչում:

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Միության զարգացումը եւ ի՞նչ արգելքներ կան դրա ճանապարհին:

- Քանի որ Միությունը նորաստեղծ կառույց է, այժմ մեր հիմնական խնդիրներից է վերջինիս հանրությանը ճանաչելի դարձնելը, միության գործունեության մասին հասարակությանն իրազեկելը: Սակայն, կարծում եմ, դա սոսկ ժամանակի խնդիր է, քանի որ մենք ունենք աջակիցներ եւ հստակ նպատակներ: Միությունն արդեն իսկ ունի 30-ից ավելի անդամներ, ինչը, հիրավի, կարեւոր ձեռքբերում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ գործում ենք ոչ ավել, քան մեկ տարի:

Ինչ վերաբերում է կազմակերպության ապագային, ապա նախատեսում ենք նմանատիպ միություն ստեղծել նաեւ Արցախում եւ գրասենյակներ բացել ՀՀ մարզերում: Բացի վերոնշյալից, Միության մշակած ռազմավարության համաձայն՝ նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ գործակցելով նաեւ ԵՄ-ի  եւ Ռուսաստանի, նրանց երիտասարդ գործարարների միությունների հետ: Լինելով փորձառու եւ հմուտ կազմակերպություններ՝ վերջիններս իրականացնում են բավականին լուրջ ծրագրեր, որոնք կարող են օգտակար լինել նաեւ մեզ համար: Այնուամենայնիվ, մենք այժմ շեշտը դնում ենք Միության ներքին զարգացման վրա:

Մեր հեռանկարային ծրագրերից է նաեւ երիտասարդ մասնագետների պատրաստումը եւ վերապատրաստումը, որը պետք է իրականացվի Միության ջանքերով: Այսօր երիտասարդների համար աշխատանք գտնելու համար ամենամեծ խոչընդոտը անհրաժեշտ փորձի պակասն է, եւ մենք ցանկանում ենք օժանդակել նրանց այդ բացը լրացնելու հարցում:

- Լինելով գործարար եւ գործարարներին աջակցող միության նախագահ, ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ՀՀ-ում գործարար միջավայրի եւ բիզնեսի զարգացման համար:

- Այսօր մենք ունենք բազում սոցիալ-տնտեսական խնդիրներ: Դրանցից մեկը ներդրումային միջավայրի գրավչության ցածր մակարդակն է: Նախորդ տասնամյակում նկատվեց ներդրումների մեծ հոսք, որոնց մեծ մասը ձախողվեց, ինչն էլ իր հերթին նվազեցրեց ՀՀ-ի նկատմամբ վստահությունը: Այսօր մենք ունենք օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են ներդրումների ներհոսքին: Որոշ փոփոխություններ նկատելի եւ գովելի են, սակայն պետք է խոստովանել, որ հարկային դաշտը թերի է, իսկ խնդիրները՝ բազմաթիվ ու երկկողմանի: Բարեփոխումները պետք է սկսել  հարկային տեսուչի հոգեբանությունից եւ գործարարի իրավագիտակցությունից: Ցավալին այն է, որ մեր երկրից արտագաղթում է ոչ միայն բնակչությունը, այլեւ կապիտալը:

Մեկ այլ խնդիր, որ կցանկանայի առանձնացնել, ՓՄՁ խոցելիությունն է: Կարծում եմ, հենց վերջիններիս վրա է հիմնվում հասարակության եւ տնտեսության  զարգացումը:

Մուշեղ Ավետիսյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:

Դիտում՝ 7736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW