Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ գլխավոր ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին- Ի՞նչպես ստացվեց, որ դարձաք Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School-DIS) Հոգաբարձուների խորհրդի անդամ: - Լինելով ՎԶԵԲ-ի փոխնախագահ եւ Միավորված աշխարհի քոլեջների (United World Colleges, UWC) ցանցի միջազգային խորհրդի անդամ` ես մշտապես աջակցել եմ Դիլիջանում առաջատար միջազգային դպրոցի ստեղծման գաղափարին, որը կոչվելու է UWC Dilijan: Նոր դպրոցի տեղակայումը Հայաստանում եւ Կովկասում էական երկարաժամկետ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա: Ինձ համար պատիվ էր ստանալ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու առաջարկը, որը կկառավարի նոր UWC Dilijan-ը:- Որո՞նք են DIS-ի այն ուժեղ կողմերը, որոնք թույլ կտան դպրոցին մրցունակ լինել համաշխարհային կրթական շուկայում:- UWC գլոբալ կրթական կազմակերպության մաս կազմելու շնորհիվ այն կկարողանա ներգրավել մանկավարժների եւ աշակերտների լայն տարբերակված շրջանակ ողջ աշխարհից: UWC անդամ 12 դպրոցների շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր, եւ նույնը կկարողանան անել UWC Dilijan-ի շրջանավարտները:- Ակնկալվում է, որ DIS-ն այս տարվա հոկտեմբերին կդառնա UWC ցանցի լիիրավ անդամ: Որքանո՞վ է կարեւոր անդամակցությունն այդ կազմակերպությանը: - UWC-ն բացառիկ առավելություն կտա դպրոցին: Առաջին հերթին, UWC-ի առաքելությունն է օգտագործել կրթությունը որպես միջազգային փոխըմբռնման, խաղաղության եւ կայուն զարգացման խթան: Սա շատ կարեւոր է UWC Dilijan-ի համար, որը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում՝ մի տարածաշրջանում, որը դեռ տառապում է պատմական լարվածությունից եւ կանխակարծությունից:Երկրորդ հերթին, UWC-ի կրթության հիմքում ընկած է աշակերտների՝ տեղի սոցիալական եւ հանրային ծրագրերում ներգրավված լինելու գաղափարը: Համայնքը եւ շրջապատող բնաշխարհը բացառիկ հնարավորություն են ընձեռում UWC Dilijan-ի աշակերտներին՝ ներգրավվելու տեղի սոցիալական եւ հանրային ծրագրերում:Երրորդ. հնարավորություն ունենալով աշակերտներ ընտրել աշխարհում UWC-ի 130 ազգային կոմիտեների միջոցով, UWC Դիլիջանը կկարողանա ներգրավել աշակերտների խիստ բազմազան խումբ: Ընտրության ժամանակ կարեւորվելու են երեխաների արժանիքները՝ անկախ վճարունակության գնահատականից, ինչը թույլ կտա UWC Dilijan ընդունվել մեծ ներուժ ունեցողներին:Եվ, վերջապես, UWC ցանցի միջազգային հեղինակությունը կօգնի դպրոցի շրջանավարտներին ընդունվել աշխարհի առաջատար բուհեր, իսկ Հայաստանին՝ ներգրավել բարձրակարգ մանկավարժների:- Մենք երբեմն լսում ենք կարծիքներ, որ DIS նախագիծը չափազանց հավակնոտ է Հայաստանի համար, որն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ինչպե՞ս կարձագանքեք թերահավատներին: - Կարծում եմ՝ Հայաստանը հենց այն երկիրն է, որտեղ UWC կազմակերպության անդամ միջազգային դպրոցը կկարողանա լրջորեն նպաստել տեղական համայնքի եւ կրթական համակարգի զարգացմանը: UWC Dilijan-ը կկարողանա լրջորեն նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ համագործակցության հաստատմանը՝ կրթելով երեխաներին, որոնք առաջնորդներ կդառնան ապագա անձնական եւ մասնագիտական կյանքում: UWC Dilijan-ում ձեռքբերածն իրենց կյանքում շատ կարեւոր դեր կխաղա:- Դպրոցն իր դռները կբացի 2014-ի սեպտեմբերին: Որո՞նք են այն գլխավոր փաստարկները, որոնք Դուք կբերեք DIS-ի օգտին, եթե Ձեր ընկերներն ու ծանոթները խորհուրդ հարցնեն իրենց երեխաների համար դպրոց ընտրելու վերաբերյալ:- UWC Diijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու՝ առաջնակարգ կամպուսով, գեղեցիկ եւ ապահով վայրում, մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, մի տարածաշրջանում, որտեղ երեխաները կսովորեն, թե ինչպես դիմակայել ապագայի մարտահրավերներին: UWC Dilijan-ի աշակերտները, սովորելով ամբողջ աշխարհից մի տեղում հավաքված երեխաների շրջանում, իրական միջազգային եւ միջմշակութային փոխըմբռնում ձեռք կբերեն:- Կարծո՞ւմ եք արդյոք, որ DIS-ը կարող է դառնալ Դիլիջանի զարգացման խթան: Հայաստանի կառավարությունն էլ ծրագրեր ունի Դիլիջանի զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, այնտեղ վերջերս բացվել է ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը: Հնարավո՞ր է արդյոք սիներգիա նմանատիպ նախագծերի միջեւ:- UWC Dilijan-ը խիստ դրական ազդեցություն կունենա Դիլիջանի վրա: UWC Dilijan-ի աշակերտները կմասնակցեն տեղի սոցիալական ու բնապահպանական ծրագրերին, ինչը կխթանի նրանց կապերը համայնքի հետ: Լինելով UWC կազմակերպության մաս՝ UWC Dilijan-ը միջազգային ուշադրությունը բավականաչափ կուղղի դեպի Հայաստան եւ Դիլիջան: Tweet Դիտում՝ 12061