Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի (120 բնակարան) շուրջ: Խնդիրն այն է, որ այդ շենքի մի խումբ ապագա բնակիչներ տարիներ շարունակ վճարել են բնակարանի ձեռքբերման գումարի մի մասը կամ ամբողջությամբ այն պայմանով, որ շինարարության ավարտին, որը նախատեսվում էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, ստանալու են իրենց բնակարանները: Սակայն մինչ օրս ոչ միայն չեն ստացել ոչ բնակարանը, ոչ էլ դրա սեփականության վկայականը, այլեւ հայտնաբերել են, որ տվյալ շենքը գրավադրված է Արցախբանկում եւ գտնվում է արգելանքի տակ:Մեդիամաքս-ի թղթակիցը փորձել է պարզել խնդրի էությունը` լսելով դրանում ներքաշված կողմերի կարծիքները:Բնակարանատերերի տեսակետը«Տոնուս» շինարարական ընկերության հետ նշված հասցեում կառուցող շենքում բնակարանի առք ու վաճառքի նախնական պայմանագիր կնքած քաղաքացիներից Գայանե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ 2010 թ-ից մինչ օրս ընկերությանը վճարել է 77,7 քմ մակերեսով բնակարանի գումարի շուրջ 50%-ը` յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց` 310 հազար դրամ, իսկ այժմ շինարարական ընկերության ներկայացուցիչներն «առաջարկում են» մոռանալ այդ բնակարանի մասին: «Պատճառաբանությունը հետեւյալն է. «մենք ոչինչ չեն կարող անել, շինարարությունը կիսատ է մնացել, քանի որ բանկը գույքը դրել է կալանքի տակ»: Մեր ստացած տեղեկությամբ, «Տոնուս» ընկերությունը սնանկության դիմում է ներկայացրել դատարան»,- ասում է Գայանե Պողոսյանը:Իր հայտարարության մեջ Արցախբանկը նշել էր, որ «որեւէ մեկնաբանություն չունի «Տոնուս» ընկերության եւ նրա գնորդների միջեւ կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերում»:Մինչդեռ կան քաղաքացիներ, ովքեր կատարել են բնակարանի գումարի 80%-ի, ընդհուպ մինչեւ 100%-ի վճարում: Մեկ այլ բնակարանատեր Հրաչ Մխիթարյանը, ով 2012-ին կնքած առք ու վաճառքի նախնական պայմանագրով վճարել է 51 քմ տարածքով բնակարանի ողջ գումարը, մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախբանկի եւ «Տոնուս» ընկերության միջեւ կնքված վարկային առաջին պայմանագիրն եղել է դեռեւս 2007 թվականին, իսկ որպես գրավ դիտվել է 2006-ից կառուցվող շենքը:«Մինչ բանկի հետ առաջին վարկային պայմանագրի կնքումը, «Տոնուս»-ը տարբեր քաղաքացիների հետ կնքել է առք ու վաճառքի նախնական պայմանագրեր, որոնց մի մասն ունեցել են նոտարական վավերացում: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Արցախբանկը «Տոնուս» ընկերությունից որպես գրավադրվող գույք ընդունել կիսակառույց շենքը, որն արդեն իսկ ծանրաբեռնված է եղել առքուվաճառքի պայմանագրերով»,- ասում է նա:Պետության տեսակետըՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը շահառուների հետ հանդիպման ընթացքում խորհուրդ է տվել սպասել մինչ շինարարական ընկերության սնանկ ճանաչվելը` նշելով, որ որպես գերակա շահ պետությունն աջակցելու է քաղաքացիներին: «Նա նշեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի այս խնդրով, պետք է նաեւ որոշվի լրացուցիչ սակագին, որը կավելանա բնակարանի յուրաքանչյուր քմ-ի վրա, որպեսզի բանկն այն վերջնական տեսքի բերի եւ տա մեզ, ինչի հետ մենք համաձայն չենք, քանի որ արդեն իսկ մեծ գումարներ ենք ծախսել»,- նշում է Հրաչ Մխիթարյանը:Ի դեպ, կառավարության դիրքորոշման մասին մանրամասն փորձեցինք տեղեկանալ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանից, սակայն Մեդիամաքս-ի հարցումն անպատասխան մնաց: Բանկի տեսակետըՀրաչ Մխիթարյանն անընդունելի է համարում նաեւ Արցախբանկի մեկնաբանությունը, թե տեղյակ չեն եղել բնակարանների վաճառված լինելու մասին. «Մի շարք ընտանիքներ բնակարանի դիմաց գումարը վճարել են հենց Արցախբանկում` նշելով նպատակը, շենքի հասցեն եւ «Տոնուս» ընկերությունը` որպես գումարի հասցեատեր:Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում հաստատեց, որ 2007 թ-ին բանկի եւ «Տոնուս»-ի միջեւ եղել է առաջին վարկային պայմանագիրը: «Կառուցապատողը ներկայացրել է իր բիզնես-ծրագիրն ու այն անշարժ գույքը, որը տվյալ վարկի համար պետք է երաշխիք ծառայեր: Գործող ընթացակարգի համաձայն, բանկում կատարվել են համապատասխան վերլուծություններ, որից հետո հավանություն է տրվել ծրագրին, իսկ արդյունքում կնքվել են վարկի եւ գրավի պայմանագրերը՝ վերջինս վարկային պարտավորության իրավական երաշխիքն է»,- պատմեց Գեւորգ Չաքմիշյանը: Նա նշեց, որ մինչ այդ Արցախբանկի եւ «Տոնուս»-ի միջեւ կատարվել էր 4 բարեհաջող գործարք. ««Տոնուս»-ը պարտաճանաչ վարկառուի համբավ է ունեցել, հետեւաբար՝ բանկի կողմից որեւէ մտավախություն չի եղել»:Փաստաբանի տեղեկություններով, գրավի պայմանագրի ստորագրման ժամանակ շենքից, որպես կառույց, եղել է ընդամենը 4 բետոնե սյուն. «Գրավ է դրվել հողը, որի վրա կառուցվել է շենքը, եւ այն, ինչ այդ պահին կար: Ստացվում է, որ շենքը կառուցվել է հիմնականում բանկի վարկի հաշվին»,- շեշտեց փաստաբանը: Գեւորգ Չաքմիշյանը նշեց, որ շինարարական ընկերությանը տրվել է նպատակային վարկ, որը պետք է ուղղվեր նշված շենքի բիզնես-նախագիծն իրականացվելուն: Մի քանի փուլով տրամադրված վարկի ընդհանուր գումարի մասին տեղեկություն փաստաբանը չտրամադրեց` նշելով, որ բանկը նպատակահարմար չի գտնում հրապարակել այն: Ի դեպ, վարկի գումարի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել նաեւ «Տոնուս»-ը, ինչի մասին մեզ տեղեկացրին շինարարական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները:Անդրադառնալով շինարարական ընկերության եւ քաղաքացիների միջեւ կնքված առք ու վաճառքի պայմանագրերին` բանկի փաստաբանը նշեց.«Եթե խնդրին նայենք իրավական տեսանկյունից, կառուցապատողի եւ քաղաքացիների միջեւ կնքվել է առք ու վաճառքի նախնական պայմանագիր, որի նպատակն է կողմերի միջեւ ստեղծել պայմանավորվածություն հիմնական պայմանագիր կնքելու համար, որից կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի հրաժարվել: Բանկը որեւէ կանխատեսում չի կարող ունենալ, թե բնակարանը, որն առք ու վաճառքի առարկա կարող է դառնալ, վաճառվել է տվյալ գնորդին, թե ոչ, բացի այդ, բանկն իրավասու չէ երկու մասնավոր անձանց` քաղաքացու եւ կառուցապատողի միջեւ մասնավոր պայմանագրի մասին տեղեկություն հայթայթել եւ ստանալ»:Գեւորգ Չաքմիշյանը նշեց, որ 2007-2011թթ-ին ՀՀ-ում անշարժ գույքի առք ու վաճառքի նախնական պայմանագրերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հաշվառման չէին ենթարկվում. «Նման պայմանագրերը մեզանում հաշվառման են վերցվում 2012-ից, մինչ այդ, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, բանկը չէր կարող նման տեղեկության տիրապետել»: Փաստաբանը կարեւորեց նաեւ առք ու վաճառքի նախնական պայմանագրերի նոտարական վավերացումն ու ժամկետները: Խոսելով նշված հասցեում բնակարանի գնման նպատակով քաղաքացիների կողմից Արցախբանկում կատարված վճարումների մասին` Չաքմիշյանն ասաց հետեւյալը. «Ամենապարզ դիտարկմամբ, դժվար էր հասկանալ, քանի որ «Տոնուս»-ն իրականացնում է մի քանի շինարարական ծրագրեր. անգամ եթե նշվեր հասցեն եւ ընկերությունը, որի օգտին փոխանցվում է գումարը, անտեղի է հարցնել, թե ինչու է այն մուտքագրվում»:Բանկի փաստաբանը չցանկացավ խոսել վարկառուի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու մասին: Նա նշեց, որ վարկային պայմանագրով նախատեսված գործողություները դեռ չեն սկսվել. «Պայմանագիրը թույլ է տալիս դատական կամ արտադատական կարգով բանկի սեփականության իրավունքը տարածել գրավի առարկայի նկատմամբ, բանկի ղեկավարությունը կորոշի` որն ընտրի: Բանկը հանրային միջոցներով գործող հաստատություն է, մենք չենք կարող որեւէ կերպ վտանգել այդ հանրային միջոցները: Բանկն օրենքի շրջանակներում հետամուտ է լինում իր իրավունքների պաշտպանությանը, որոնք կպաշտպանվեն գրավադրված գույքի` երաշխիքի հաշվին»:Փաստաբանի կարծիքով, բանկի կամ կառուցապատողի վրա ամեն ինչ բարդելը ճիշտ չէ. «Քաղաքացիներն այս դեպքում բանկից որեւէ պահանջ չեն կարող ունենալ, բանկը նրանց հանդեպ որեւէ պարտավորություն չի ձեռք բերել, սակայն շահագրգռված է, որպեսզի քաղաքացիները դժգոհ չհեռանան այս գործարքից»,- ասել է փաստաբանը:Այնուամենայնիվ, բանկը չի համարում, որ «Տոնուս»-ը խաբել է իրեն. «Զուտ պայմանագրի կետը կատարելու եւ պահպանելու իմաստով «Տոնուս»-ը, որպես բանկի հաճախորդ, հետեւողական չի եղել», - կարծում է փաստաբանը:Ընկերության մասինՄեր բոլոր փորձերը կապ հաստատել «Տոնուս» շինարարական ընկերության հետ ապարդյուն էին, իսկ տնօրենին ուղղված մեր նամակը անպատասխան մնաց: Նշենք, որ շինարարական ընկերության սեփականատերը 2007-2012թթ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանն է: Շահառուներից ոմանք հույս ունեն, որ խնդրի լուծման հարցում իրենց կաջակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում եւս պատրաստվում են դիմել:Անկախ գնահատականՍտեղծված իրավիճակին խնդրեցինք իրավական գնահատական տալ անկախ մասնագետի`«Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ընկերության տնօրեն Հակոբ Թադեւոսյանին, ում պատասխանը ներկայացնում ենք ստորեւ: «Անդրադառնալով առկա իրավիճակին եւ հաշվի առնելով վերեւում շարադրված փաստերը՝ կարող եմ նշել, որ «Տոնուս» ՍՊԸ-ի եւ մի շարք քաղաքացիների միջեւ կնքված նախնական պայմանագրերը կնքվել են «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների հետագա ձեռքբերման հիմնական պայմանագրեր կնքելու նպատակով: ՀՀ օրենսդրության համաձայն՝ անշարժ գույքի ձեռքբերման հիմնական պայմանագրերը պետք է կնքվեն նոտարական ձեւով, այսինքն՝ այդ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման: Այս պարագայում «Տոնուս» ՍՊԸ-ի եւ քաղաքացիների միջեւ կնքված այն նախնական պայմանագրերը, որոնք չեն ստացել նոտարական վավերացում, առոչինչ են:Նշեմ նաեւ, որ նախնական պայմանագրերի կնքման պահին գործող ՀՀ օրենսդրությունը չէր սահմանում նախնական պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման ընթացակարգ, հետեւաբար, այդ ընթացակարգի բացակայության պարագայում նախնական պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման չիրականացումը չի կարող հիմք հանդիսանալ այդ պայմանագրերն առոչինչ որակելու համար: Մինչդեռ անշարժ գույքի նկատմամբ կնքված պայմանագրերից ծագող գույքային իրավունքների, օրինակ` վարձակալության պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման պահանջը չպահպանելն այդ պայմանագիրը դարձնում է առոչինչ:ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն նաեւ մինչեւ գույքը գրավ դնելը տվյալ գույքի նկատմամբ նախնական պայմանագրի կնքման ուժով ծագած իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես՝ գրավի պայմանագրի կնքմամբ պայմանավորված նախնական պայմանագրից բխող իրավունքի պահպանման կամ դադարման, ինչպես նաեւ նախնական պայմանագրի գոյության պարագայում գրավի պայմանագրի կնքման հնարավորության սահմանափակման հարցերը, հետեւաբար, համապատասխան կարգավորման եւ սահմանափակման բացակայության պարագայում «Արցախբանկ» ՓԲԸ-ի եւ «Տոնուս» ՍՊԸ-ի միջեւ գրավի պայմանագրի կնքմանը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից այդ պահին արդեն իսկ կնքված նախնական պայմանագրերի առկայությունը: Ներկա իրավիճակում «Տոնուս» ՍՊԸ-ի հետ նախնական պայմանագրեր կնքած քաղաքացիների պահանջը կարող է ուղղվել ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի, եւ ներկայիս փաստական հանգամանքների եւ օրենսդրական կարգավորումների պայմաններում հնարավոր է, որ այն բավարարվի միայն նախնական պայմանագրերի հիման վրա վճարված գումարների վերադարձման մասով: Այս ենթադրությունը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի եւ «Տոնուս» ՍՊԸ-ի միջեւ կնքված գրավի պայմանագրի իրավաչափության պայմաններում գրավի իրացման արդյունքում գրավի առարկա հանդիսացող կառուցվող շենքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի «Արցախբանկ» ՓԲԸ-ին”,- ասաց Հակոբ Թադեւոսյանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ այս պատասխանը, ավելի մանրամասն եւ փաստաթղթային ուսումնասիրություն կատարելու պարագայում, կարող է փոփոխվել:Մեդիամաքս-ը շարունակում է հետեւել իրավիճակի զարգացմանը եւ պատրաստ է ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները: Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 5778