Հաջողված բիզնեսի գրավականը. «շարքայինից՝ գեներալ»

30.04.2013 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

 «Այվազյան Ընդ Փարթնըրս» ընկերության տնօրեն Վահե Այվազյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- «Պահանջվում են երիտասարդ եւ փորձառու մասնագետներ». Ձեր կարծիքով, նման ոճի հաճախ հանդիպող հայտարարություններն ի սկզբանե անհասցե՞ են, թե՞ գործատուների որոշակի հատված, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանում գործում են երիտասարդ եւ, միաժամանակ, փորձառու մասնագետներ պատրաստող «ինկուբատորներ»:

- Այստեղ տեսանելի է երկու միտում: Նախ` ակնհայտ է, որ գրեթե բոլոր գործատուները փորձառու մասնագետներ են փնտրում, այն դեպքում, երբ ուսանողը, ով նոր է ավարտել բուհը, բնականաբար, չի կարող ունենալ համապատասխան փորձ: Չէ՞ որ բոլորս էլ մի օր առաջին անգամ ենք գնացել աշխատանքի: Մյուս կողմից, երբ զրուցում եմ գործընկերներիս (գործատուների) հետ, ի հայտ է գալիս այն մտահոգությունը, որ ընկերության կողմից անփորձ մասնագետի վրա բավականին ժամանակ ու ֆինանսներ ծախսելուց հետո, վերջինս չի կարողանում կարճաժամկետ հատվածում արդարացնել ներդրումները եւ ընկերությանը հասցնում է մեծ վնասներ: Ուստի յուրաքանչյուր՝ թե անփորձ, թե փորձառու մասնագետ կարիք ունի գործնական հմտությունների ձեռքբերման ու դրանց շարունակական կատարելագործման:

Այս նկատառումներից ելնելով եւ փորձելով լրացնել եղած բացը՝ մեր ընկերությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համատեղ գործարկեց 7 հանդիպումներից բաղկացած «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1» գործնական թրեյնինգների ծրագիրը, որի նպատակն է մեկտեղել գիտական եւ գործնական կառույցների ներուժը:

«Այվազյան Ընդ Փարթնըրս»-ն ի սկզբանե մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում՝ մեր կողմից կազմակերպվող թրեյնինգները, որպես կանոն, ներառում են բիզնեսի կառավարման եւ վաճառքի կազմակերպման ոլորտները: Մինչ օրս այդ թրեյնինգները միայն կորպորատիվ էին՝ ուղղված կոնկրետ պատվիրատու ընկերության աշխատակիցներին: Մինչդեռ «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1» ծրագրի շրջանակներում մեր ընկերության աշխատակիցները հրավիրվում են՝ անցկացնելու դասընթացներ արդեն անհատ ունկնդիրների համար՝ շեշտը դնելով գործնականի եւ հայկական իրականությանը համահունչ օրինակների վրա:

ՀՊՏՀ-ն, իր հերթին, մասնակցություն է ունենում թեմաների ընտրության, թրեյնինգների համատեղ խմբագրման, ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանի տրամադրման հարցերում:

Ծրագրի տեւողությունը 1 ամիս է, որից հետո մասնակիցներին տրամադրվում են համապատասխան հավաստագրեր: Առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդը կմեկնարկի մայիսի սկզբին: Առաջին խմբի մասնակիցների մոտ 25%-ն ուսանողներ էին, իսկ 75%-ը՝ տարբեր ընկերության աշխատակիցներ, որոնք առանձնացան նպատակասլացությամբ, տարբերվելու եւ բոլորից մեկ քայլ առաջ լինելու ձգտումով: Ահա նման մարդկանց համար է «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1»-ը:

 ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու երկուստեք ցանկություն եւ նախնական ծրագրեր կան, որոնց հիմնական նպատակն է՝ մեծացնել հայաստանյան բիզնես-միջավայրում գիտության ու գիտելիքի դերը: Դրանից բացի, տարբեր բուհերի հրավերով այցելություններ ենք կազմակերպում նաեւ իրենց հաստատություններ՝ մասնակցելու բաց դասերին, որպեսզի ուսանողներին փոխանցենք մեր ունեցած փորձն ու գիտելիքները արագ զարգացող բիզնես գործընթացների վերաբերյալ եւ ավելի մոտ դարձնենք իրենց աշխատաշուկայի ներկայիս պահանջներին:

- Բայց եւ այնպես, այսօր կարելի է հանդիպել հակառակ պատկերի՝ «նորաթուխ» մասնագետները հավակնում են գործի անցնել ոչ թե «շարքային» աշխատակցի, այլ ղեկավարի կարգավիճակում: Բացառություն չեն դեպքերը, երբ դա նրանց հաջողվում է: Չե՞ք կարծում, որ այս պարագայում խիստ վտանգված է ոչ միայն այդ ընկերությունների միջնաժամկետ ապագան, այլեւ դրանց ծառայություններից կամ ապրանքներից օգտվող սպառողներիս իրավունքները:

- Գերմանիայում բնակվող ընկերոջս տղային մի օր տեսել էինք շուկայում իր խաղալիքները վաճառելիս: Ընկերս բավականին հաջողակ գործարար է: Երբ իրեն ասացի, որ տղան շուկայում խաղալիքներն էր վաճառում, ծիծաղելով պատասխանեց, որ տղան խնդրել էր հեծանիվ գնել, նա էլ հարցրել էր որդուն. «Իսկ դու կարո՞ղ ես քո աշխատած գումարով այն գնել»: Համոզված եմ, փոքրիկը կհասնի մեծագույն հաջողությունների ու կդառնա լավ ղեկավար:

 Կարծում եմ, հեշտ տրված պաշտոնը հեշտ էլ կկորցնես: Իսկ վաստակած պաշտոնն արդեն խոսում է փորձի մասին: Հետեւաբար, ճիշտ եմ համարում գեներալ դառնալը` լավ ու փորձառու զինվոր լինելուց հետո: Եթե բիզնեսի ղեկավարն ինքը որոշ ժամանակ արտադրել կամ անձամբ վաճառել է իր ապրանքը, ապա շատ լավ կհասկանա եւ իր թիմին, եւ իր սպառողին, հետեւաբար՝ բիզնեսը կզարգացնի ճիշտ ուղղությամբ:

- Ձեր գործունեության հիմնական ուղղություններից է բիզնեսի (ընկերությունների) կառավարումը: Խնդրում եմ, ներկայացրեք, ինչպիսի՞ հիմնական խնդիրներ կան այսօր նշված բնագավառում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, ազդեցիկ այդ գործընթացներում հայերիս բնորոշ հոգեկերտվածքը՝ «ես «դեմք եմ» անկախ ամեն ինչից»:

- Մեր ընկերությունը դեռեւս միակն է Հայաստանում, որը զբաղվում է բիզնեսի կառավարմամբ եւ զարգացմամբ: Այսօր Հայաստանում դժվար է գտնել թոփ-մենեջեր, որը միեւնույն ժամանակ եւ լավ մասնագետ է, եւ լավ ղեկավար, օրինակ` ֆինանսական տնօրեն, կոմերցիոն տնօրեն, գլխավոր տնօրեն: Միեւնույն ժամանակ, հայկական շուկան շատ փոքր է, որպեսզի պատրաստի հաջողակ թոփ-մենեջերներ: Մեր ընկերությունը, համագործակցելով գործընկերոջ ղեկավար անձնակազմի հետ, համատեղ իրականացնում է բիզնեսի գործառնական կառավարումը` նպաստելով շրջանառության աճին, մոտիվացիայի բարձրացմանն ու ներքին պոտենցիալի մաքսիմալ օգտագործմանը, ինչպես նաեւ ծախսերի կրճատմանը, մարժայի եւ շահույթի մեծացմանը: Այս գործում ամենակարեւորը վստահությունն է, որը պետք է ապահովել նվիրված աշխատանքով ու շոշափելի արդյունքով:

Համենայն դեպս, գործնական շփումներիցս ելնելով, կարող եմ ասել, որ «ես դեմք եմ» արտահայտությունը հիմնականում օգտագործում են փոքր բիզնես ունեցող գործարարները, որոնք դեռ հաջողությունների հասնելու ճանապարհին են: Խոշոր գործարարներից նման բան, թերևս, չեմ լսել, ավելին` գործարարների մեծ մասը բիզնեսի գրագետ կազմակերպման ու կառավարման կարիք ունու, բայց կա վստահության պակաս B2B ոլորտում գործող կազմակերպությունների եւ մասնագետների նկատմամբ:

- Այսօր քիչ չեն հայաստանյան այն ընկերությունները, որոնք B2B հարթության վրա նախընտրում են համագործակցել «հնչեղ» անվանումներով, սակայն ոչ միշտ հեղինակավոր արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք, առանց հաշվի առնելու բիզնեսի ազգային առանձնահատկությունները, ներմուծում են այստեղ արտասահմանյան տեսական ստանդարտները: Դուք հայկական ընկերություն եք, այս առումով Ձեզ դժվար չէ՞ առաջ շարժվել:

- Համաձայն եմ, արտասահմանյան ընկերություններն ու նրանց կողմից ներդրված ստանդարտները բազմիցս անհաջողություններ են ունեցել Հայաստանում: Դրա պարզ հետեւանքն են վերջին շրջանում հայկական որոշ խոշոր ընկերությունների մոտ ծագած ֆինանսական խնդիրները: Բացի այդ, երեւույթը շատ վատ է անդրադառնում Հայաստանի տնտեսության ու հենց պատվիրատուի վրա հետեւյալ տեսանկյունից:

Ենթադրենք, Հայաստանում սննդի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը B2B ծառայություն է պատվիրում եվրոպական որեւէ ընկերության: Ի՞նչ ստացվեց: Մեծ գումարներ դուրս եկան Հայաստանից, ու այդ գումարները ծախսվեցին նույն եվրոպական արտադրության սնունդը գնելու ու եվրոպական արտադրողին հարստացնելու համար: Օրինակից պարզ երեւում է, որ ծառայություն պատվիրելով արտասահմանյան ընկերություններին՝ Հայաստանից մեծ գումարներ են դուրս գալիս, շուկայի փոքր լինելու հետեւանքով չեն արդարացվում այդ ծառայության համար կատարված ներդրումները, եւ արտասահմանյան շատ ստանդարտներ Հայաստանում պարզապես չեն աշխատում: Կարծում եմ, նման իրավիճակներից խուսափելու համար ուղղակի պարտադիր է ծառայություններ պատվիրել տեղական շուկային քաջատեղյակ ու հաջողություններ ունեցած ընկերություններին:

Մեր ընկերությունը հայկական ընկերություն է` եվրոպական ու ռուսաստանյան բիզնես-մոդելներին, մեթոդներին տիրապետող ու հայ սպառողի վարքագծին ծանոթ մասնագետներով: Դժվարություններ յուրաքանչյուր բիզնեսում էլ կան, սակայն նույնիսկ լինելով թանկ գնային սեգմենտում աշխատող ընկերություն` գտնում եմ, որ քիչ հաջողությունների չենք հասել մեր գործունեության այս կարճ ժամանակահատվածում եւ մեր գործընկերների շրջանում ունենք վաստակած վստահություն:

Վահե Այվազյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:



Դիտում՝ 6964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW