ԼեգալԼաբ` իրավական բուտիկ «նորաձեւ» բիզնեսի համար

02.04.2013 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բիզնեսի համար նախատեսված իրավաբանական ծառայությունների շուկայի աճը սովորաբար ուղիղ համեմատական է բիզնես-ակտիվության աճին: Բացառություն չի նաեւ Հայաստանը, որտեղ, տնտեսվարող սուբյեկտների աճին զուգընթաց, դինամիկ աճում է նաեւ բիզնես-կառույցների շահերը պաշտպանող իրավաբանական ընկերությունների թիվը: Նրանցից ոմանք, շուկայական կայուն մասնաբաժին գրավելու համար, ձգտում են համեմատական առավելություն ձեռքբերել՝ որոշակի ուղղությամբ մասնագիտանալու, ինչպես նաեւ Հայաստանի համար նորարար մարքեթինգային մարտավարության շնորհիվ:

Այդպիսին է շուրջ մեկ տարի գործող ԼեգալԼաբ ընկերությունը, որն առաջինն է Հայաստանում դիրքավորել իրեն ոչ թե որպես ավանդական ու կարծրացած իրավաբանական գրասենյակ, այլ որպես իրավական բուտիկ: Թե ինչով է իրավական բուտիկը տարբերվում այլ իրավաբանական գրասենյակներից եւ որոնք են Հայաստանում գործարար իրավունքի «թեժ կետերը», Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել են ԼեգալԼաբի հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը:   

- Երբ լսում ենք «բուտիկ» բառը, միանգամից պատկերացնում ենք նորաձեւ հագուստի կամ այլ, հաճախ թանկարժեք պարագաների ոչ մեծ խանութ: Ի՞նչ է ենթադրում «բուտիկ» հասկացությունը իրավաբանության ոլորտում:

Ստեփան Խզրթյան  - Իրավաբանական բուտիկի մեջ երկու իմաստ կա դրված: Աշխարհում ընդունված է «Law boutique» անվանել այն իրավաբանական ընկերություններին, որոնք ունեն հստակ ուղղվածություն, զբաղվում են ոչ թե իրավաբանության տարբեր ոլորտներով, այլ ոլորտներից մեկով, կամ էլ որևէ մասնագիտացված ուղղությամբ:

Մենք կենտրոնացել ենք հենց գործարար իրավունքի վրա՝ կոմերցիոն իրավունք, միջազգային բիզնեսի իրավունք, որը ներառում է պայմանագրեր, իրավաբանական «due diligence», գործարքներ, ընկերությունների կառուցվածքի հարցեր եւ այլն:

Իրավական բուտիկ կոչվելու մեր երկրորդ՝ արդեն մեր կողմից ավելացված նկատառումն այն է, որ իրավաբանական ծառայության մատուցումը չպետք է լինի չոր ու անդեմ, փոխարենը պետք է համեմված լինի տեխնոլոգիայով եւ դիզայնով, որպեսզի հաճախորդը հաճույք ստանա իրավաբանների հետ շփվելուց եւ, ամենակարեւորը, մոտեցումը լինի անհատականացված, դրա համար, երբ ստանում ենք որեւէ գործ, մենք ամբողջ թիմով ուժերը կենտրոնացնում ենք տվյալ հարցի լուծման վրա:

Մեզ համար խիստ կարեւոր է, որ մեզ մոտ եկող մարդիկ իրենց զգան ինչպես տանը:

Նարեկ Աշուղաթոյան – Մենք փոքր կազմակերպություն ենք, եւ այդ փոքրությունը հենց մեր առավելությունն է, քանի որ կենտրոնացնում ենք մեր ողջ ուժերը մեկ խնդրի վրա եւ արդյունքում ստանում ենք շատ ավելի լավ որակ:

Մենք ունենք նաեւ գործընկեր իրավաբանների ցանց, որոնց հետ պարբերաբար խորհրդակցում ենք ու իրենց ուշադրությունն ենք հրավիրում մեր կողմից քննվող գործերի վրա: Դրանով մենք փորձում ենք նոր մշակույթ բերել իրավաբանական ծառայությունների հայկական շուկա, ցույց տալ հաճախորդներին, որ իրավաբանությունը կարող է ընդհանուր պատկերացման շրջանակներից դուրս գալ: Դա կարող է մի քիչ խորթ թվալ Հայաստանում, բայց մենք փորձում ենք հաղթահարել եւ հաստատել դա որպես մշակույթ:

- Ո՞ր տիպի իրավական խնդիրների դեպքում բիզնեսի համար նպատակահարմար կլինի դիմել հենց ձեզ:

Ն. Աշուղաթոյան – Բիզնեսին վերաբերող ամենատարաբնույթ հարցերի դեպքում՝ թե տեղական, թե միջազգային բնույթի: Միգուցե բիզնեսը գործունեություն է ծավալում Հայաստանում եւ ուզում է ընդարձակվել այլ երկրներում, կամ հակառակը, գալ այստեղ ու ներդրումներ կատարել: Մենք կոմպետենտ ենք աջակցելու բիզնեսին այս բոլոր հարցերում:

- Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում բիզնեսի պահանջարկը իրավաբանական ծառայությունների նկատմամբ եւ ի՞նչ հարցերով է հիմնականում բիզնեսը դիմում իրավաբանների օգնությանը:

Ս. Խզրթյան  - Մինչ այժմ մեզ դիմած ընկերությունները հիմնականում հետաքրքրվում էին իրենց բիզնեսի ընդարձակմամբ: Եղել են ընկերություններ, որոնց պետք էր ռիսկերը օպտիմալ կերպով կարգավորել կամ տեղական ընկերություններ, որոնք ցանկանում են ընդարձակվել արտերկրում: Զբաղվել ենք նաեւ սփյուռքահայերին պատկանող այնպիսի ընկերություններով, որոնք գործում են արտերկրում եւ ցանկանում են մասնաճյուղ հիմնել նաեւ Հայաստանում: Այնպես որ, խոսքը գնում է կամ բիզնեսի ընդարձակման կամ բիզնեսի ռիսկերի ճիշտ իրավական կառավարման մասին, որպեսզի բիզնեսի տարբեր ճյուղերը չունենան վնասակար ազդեցություն մեկը մյուսի վրա:

Կարեւոր է նաեւ կորպորատիվ կառույցների կողմից ֆինանսական ռեսուրսների ներգրավման ժամանակ պայմանագրերի ճիշտ կարգավորումը, որպեսզի ֆինանսական միջոցներ ներգրավողը չընկնի ավելորդ պարտականությունների տակ:

Եղել են նաեւ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող հարցեր:

- Իրավական բնույթի ի՞նչ խոչընդոտներ են հիմնականում առաջանում Հայաստանում ընդլայնվող ոչ ռեզիդենտի մոտ:

Ն. Աշուղաթոյան – Իրավական բնույթի մանր եւ խոշոր խոչընդոտներ, իհարկե, կան, բայց դա նորմալ է, աննորմալ կլիներ, եթե խոչընդոտներ չլինեին: Հենց դրա համար էլ գոյություն ունեն իրավաբանները:

Կարեւորն այստեղ այն է, որ մենք կանխատեսում ենք, թե որտե՞ղ եւ ի՞նչ խոչընդոտներ են ծագելու կամ հնարավոր է ծագեն ու փորձում ենք դա ներկայացնել պոտենցիալ ներդրողներին: Բիզնեսը պետք է գիտակցի, որ վճարում է իրավաբանին, որպեսզի իր հոգսերը թեթեւանան:

- Ո՞րն է ներդրողի հիմնական մտահոգությունը՝ կապված Հայաստանում բիզնես հիմնելու հետ:      

Ն. Աշուղաթոյան – Հիմնականում հարկայինն ու մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը: Ուզում են հասկանալ, թե ո՞վ կարող է գալ ու խլել իրենց ստեղծածը կամ ձեռքբերածը:

Ս. Խզրթյան  - Վատ լուրերը շուտ են տարածվում, հեռու են տարածվում եւ ընթացքում աղճատվում են: Հաճախ ենք լսում հետեւյալը. «մեր ընկերն այստեղ եկավ, իր բիզնեսը խլեցին» կամ «մենք լսել ենք, որ այսինչ բիզնեսմենին սպանել են»: Իհարկե, չկա ծուխ առանց կրակի, բայց նկատել ենք, որ հաճախ այդ պատկերացումներն աղճատված են:

Մեր առաջին գործը մարդկանց ցույց տալն է, որ կան հաջողված փորձեր, հստակ ընթացակարգ, փորձառություն եւ այլն:

Ն. Աշուղաթոյան – Պարզ օրինակ. խոսում եմ Հայաստանի բիզնես-միջավայրի մասին ընկերոջս հետ, որը երկար տարիներ Եվրոպայում է բնակվում ու ուղղակի ապշում եմ, որովհետեւ մենք, այստեղ ապրելով, չենք լսում Հայաստանի մասին այնպիսի պատմություններ, ինչպիսիք ձեւափոխված վերադառնում են մեզ այնտեղից:

Վատ լուրերը բացարձակ ճշմարտության տեսքով տարածվել են ամբողջ հայկական աշխարհով: Դա շատ ցավալի է, ու երեւի հենց դա է խոչընդոտում խոշոր ներդրումների ներհոսքը Հայաստան:

Մի կողմից պետք է փոխել Հայաստանի ընկալումը միջազգային ներդրումային հանրության շրջանում, իսկ մյուս կողմից՝ շարունակել ինտենսիվ բարեփոխումները բիզնես-միջավայրը թափանցիկ ու բարենպաստ դարձնելու ուղղությամբ:

- Թեեւ, ճիշտ է, Հայաստանը բիզնես վարելու հեշտությամբ հեռու է «վատը» լինելուց, այնուամենայնիվ, մենք հետ ենք մնում Վրաստանից ռեֆորմների արագությամբ, ինչը մեր տարածաշրջանում պոտենցիալ ներդրողների ուշադրությունը հաճախ շեղում է մեզնից դեպի հարեւան երկիր:    

Ն. Աշուղաթոյան – Այս պահի դրությամբ Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը շատ ավելի նպաստավոր է, քան շրջափակման մեջ գտնվող Հայաստանինը: Վրաստանը Հայաստանից շատ ավելի ինտենսիվ արտաքին առեւտուր ունի ու այնտեղ փորձը ցույց է տալիս, որ որքան թեթեւանում է վարչարարությունը, այնքան շատ փող է մտնում երկիր:

Վրաստանի բարեփոխումները նաեւ քաղաքական թիմի կամքի դրսեւորումն է, որովհետեւ մենք այդ փոփոխությունները նկատեցինք Շեւարդնաձեից հետո:

Դեռեւս վաղ է խորը դատողություններ անել Վրաստանի մասին` երբ վերջին շրջանում տեսնում ենք վրացական պատկերը, այն բավականին անկայուն է: Այստեղ ավելի նախընտրելի է դանդաղ բայց կայուն զարգացում, ինչպես Հայաստանի դեպքում, ու դրա հետ մեկտեղ, պատերազմի բացակայություն, որից Վրաստանը վերջին տարիներից չկարողացավ խուսափել:

Հուսով ենք, բիզնես ոլորտի զարգացման համար պետությունը շատ կտրուկ քայլերի կգնա եւ միջավայրը շատ ավելի կբարելավվի: Հիմա, երբ հիմնում ես բիզնեսդ Հայաստանում, պետությունը քեզ սկսում է դիտարկել որպես իրեն պոտենցիալ խաբող: Չկա վստահության մթնոլորտ: Պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ լինի վստահության մթնոլորտ բիզնեսի եւ պետության միջեւ ու ոչ մեկ չմտածի, որ հարկերից խուսափելն իր համար ավելի ձեռնտու է:

- Ինչպիսի՞ն է մրցակցությունը իրավաբանական ծառայությունների մատուցման հայաստանյան ոլորտում:

Ս. Խզրթյան  - Նկատել ենք, որ իրավաբանական ծառայությունների ոլորտը Հայաստանում շատ դինամիկ է: Անընդհատ հիմնադրվում են նոր իրավաբանական գրասենյակներ, վերջերս հիմնադրվել է փաստաբանական դպրոցը, որը կարգավորելու է նոր փաստաբանների մուտքը շուկա: Անընդհատ տեսնում ենք նոր դերակատարներ:

Նկատում ենք նաեւ կոնսոլիդացման տենդենց: Երբ անհատ իրավաբաններն ու փոքր գրասենյակները չեն կարողանում ապահովել բավարար շուկայական մասնաբաժին, ապա միավորվում են: Համոզված եմ, դա բխում է թե իրավաբանական ծառայությունների ոլորտի, թե ամբողջ շուկայի շահերից: Արդյունքում շուկայում մնալու են մի քանի հիմնական դերակատարներ:

Ն. Աշուղաթոյան – Այսօր շուկան շատ բազմապրոֆիլ է եւ հագեցած ամենատարբեր գնային առաջարկներով, ինչը դրական է:

Ոլորտը առանձնանում է մեկ հետաքրքիր հատկությամբ: Ի տարբերություն այլ ոլորտների, իրավաբանական գրասենյակները հաճախ իրար չեն համարում մրցակիցներ, որովհետեւ շատ դեպքերում այդ գրասենյակները եւ անձինք համագործակցում են:

Կասկածով վերաբերվեք այն իրավաբանին կամ գրասենյակին, որն ասում է, որ ամեն ինչ կարող է իրավաբանության ոլորտում, որովհետեւ իրավաբանությունն այնքան լայն է, որ դու ստիպված ես համագործակցել տարբեր գրասենյակների եւ անձերի հետ: Այստեղ ձեր մրցակցությունն անցնում է երկրորդ պլան եւ առաջ է գալիս համատեղ շահը:

- Մեր իրավական համակարգը հաճախ է մեղադրվում, որ այն հեռու է կատարյալ լինելուց, ի տարբերություն, օրինակ, եվրոպական երկրների: Որո՞նք են նման պայմաններում աշխատելու առանձնահատկությունները:     

Ս. Խզրթյան  - Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ իրավաբանության մեջ, պետք է ունենալ մասնագիտական գործունեության քարտեզ. հասկանալ, թե որտեղ ինչ վտանգներ եւ ռիսկեր են առկա եւ, այդ ամենը հաշվի առնելով, մարտավարություն կառուցել: Մենք չպետք է տառապենք այն իդեալիզմով, որ քանի դեռ համակարգը գտնվում է անկատար վիճակում, մենք չենք կարող ունենալ պատշաճ մասնագիտություն: Պետք է կատարել պրագմատիկ հաշվարկ՝ շատ իրական գնահատելով ռիսկերի հավանականությունն ու հնարավոր վնասը:

Մենք փորձում ենք առաջարկել մեր մասնագիտության ընկալման նոր շրջանակներ: Սովորեցնում ենք հաճախորդներին չդիտարկել իրավաբանությունը, որպես հարցերին պատասխաններ տվող «սեւ տուփ»՝ չոր եւ անդեմ ծառայություն, այլ դիտարկել իրավական ծառայությունը որպես հաճելի մարդկային շփում, որը նաեւ հարցերի լուծման է բերում:

Ստեփան Խզրթյանի եւ Նարեկ Աշուղաթոյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:   

Դիտում՝ 7834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai