Հատուկ նախագիծ «Made in Armenia». «Դոլմամա»

07.09.2012 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

1998 թվականից Երեւանի կենտրոնում գործում է «Դոլմամա» ռեստորանը, որը տեղացիներից ու զբոսաշրջիկներից բացի, հյուրընկալել է Հայաստան այցելած գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, կազմակերպել պաշտոնական ճաշկերույթներ ՀՀ պաշտոնյաների ու նրանց հյուրերի համար:

«Դոլմամա»-ի հիմնադիրը ծննդով երեւանցի, մասնագիտությամբ արվեստաբան Ժիրայր Ավանյանն է, ով 1970 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, մինչ անկախության հռչակումն ապրել այնտեղ, ապա մշտական բնակություն հաստատել հայրենիքում:

«Այդ ժամանակ Հայաստանում իմ մասնագիտությամբ գործ հիմնելն այդքան էլ նպատակահարմար չէր, որոշեցի զբաղվել իմ սիրած գործով` մարդկանց համեղ կերակրել: 1994-ին բացեցի մի փոքրիկ ռեստորան, որը կոչվում էր «Հավաբուն», այն փորձ էր ոլորտն ուսումնասիրելու համար»,- Մեդիամաքսի թղթակցին պատմել է ռեստորանի հիմնադիր տնօրեն Ժիրայր Ավանյանը:

1998-ի դեկտեմբերի 8-ին՝ իր իսկ ծննդյան օրը, Ժիրայրն ինքն իրեն նվեր է արել` բացելով «Դոլմամա» ռեստորանը: «Մեկ սենյականոց, փոքրիկ ռեստորան էր, որտեղ տեղավորվում էր 22-23 մարդ,  խոհանոցը հենց սենյակի մեջտեղում էր: Հաջողությունն անսպասելի էր, բայց գնահատելի»,- հիշում է տնօրենը:

Ժամանակի ընթացքում մեկ սենյակին ավելացել են նորերը, այժմ ռեստորանն ունի 6 սրահ եւ բացօթյա հատված: Տնօրենի կարծիքով, այն ուշադրության է արժանացել ոչ թե հայկական ոճի, այլ խիստ մարդկային լինելու պատճառով. «Բոլոր ազգերի համար էլ հարազատ միջավայր է, նրանք մտածում են, որ այն նման է իրենց տատիկի տանը. այնտեղ էլ հատակը փայտից էր, պատերի հաստությունը՝ մեկ մետր…»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Ինտերիերի ձեւավորման հարցում կարեւորվել է շենքի տարիքին համապատասխան իրերի ընտրությունը, պարզ ու աչքին հաճելի գույները: Ժիրայր Ավանյանը պատմում է, որ պատերից մեկի գույնն առաջացել է ժամանակի ընթացքում. «Պատը քերում էինք, երբ տեսանք՝ ներկի տարբեր շերտերի գույները միախառնվել են, գեղեցիկ համադրություն է ստացվել, որոշեցինք ուղղակի լաքապատել ու թողեցինք այնպիսին, ինչպիսին կա: Գտանք կահույքի մի քանի կտորներ, նկարներ, որոնք համապատասխանում էին այս տան տարիքին ու պատմությանը, կամաց-կամաց ստացվեց նրա ոճը: Այս ամենի մեջ մեծ հաճույք կա. պահել ու գուրգուրել է պետք»:


\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Ռեստորանում համադրել են արեւմտյան ճաշատեսակներն ու հայկական խոհանոցը, ձեւաչափը հետեւյալն է` սեղանի վրա ամեն ինչ չի դրվում, պատվերները հերթականությամբ են բերվում, չնայած հայերին օղին է ավելի հարազատ, այստեղ ավելի շատ գինի են խմում, վերացրել են պարել հասկացությունը, որը հատուկ է ռեստորանին: «Սա աչքին հաճելի եւ ստամոքսի համար համեղ ուտելու վայր է»,- ասում է Ժիրայր Ավանյանը:

Ռեստորանի հիմնադիրն ի սկզբանե նպատակ է ունեցել  զարգացնել հայկական  խոհանոցը: «Երբ մեկի տուն էի գնում, անպայման տոլմա էին հյուրասիրում, խաշ կամ խորոված: Հայաստանում ուտելիքը շատ սահմանափակ թվաց ինձ: Որոշեցի ստեղծագործել` հիմք ընդունելով հայկական ավանդական խոհանոցն ու ազգային բնավորությունը»,- նշում է Ժիրայրն ու ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը:

«Վերցրեցի տոլման ու այն դարձրեցի ռեստորանային ուտելիք` ոչ թե աղացած, այլ մեջքի շերտավոր մսով, որը համեմվում է, հետո փաթաթվում խաղողի թփի մեջ»: Ժիրայր Ավանյանին պարզ է թվացել ջրով եփված խաշլաման, ռեստորանում ջուրը փոխարինվել է հայկական Խերես տեսակի գինով, չամիչով փլավի գաղափարն էլ նրան թույլ է տվել չամիչ ավելացնել իշլի քուֆտայի մեջ, իսկ համեմունքների ոչ մեծ տեսականին ստիպել խոհանոց բերել նաեւ ուրցը, դոշաբի ու քացախի խառնուրդը, որը, նրա խոսքերով, կարող է փոխարինել բալզամներին. «Ես ուտելիքը ստանում եմ իմ մտքում, հետո փորձում ենք, գործընկերներիս հետ քննարկում, փառք Աստծո, ստացվում է»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Այստեղ կարեւորվում է հայ խոհարարի ներկայությունը. «Մենք ունենք հայ կանայք, ովքեր հրաշալի ձեռքեր ունեն»: Ռեստորանն այժմ ունի շուրջ 30 աշխատակից: «Դոլմամա»-ի բրենդային ուտեստը, ըստ Ժիրայր Ավանյանի, տոլման, խաշլաման ու  կրակի վրա պատրաստված խոզի միսն է, որը մատուցվում է կծու դոշաբի հետ: Հաջողության գրավականը «հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքն է: 

«Հաճախորդները մեծ մասամբ Հայաստան այցելող հյուրերն են, ժամանակի ընթացքում ՀՀ պետական այրերին եւս հետաքրքրեց մեր խոհանոցը, այնպես ստացվեց, որ նրանց հյուրերն էլ դարձան մեր հյուրերը, շատ անգամ կազմկակերպում ենք պետական ճաշկերույթներ, ունենք նաեւ տեղացի հաճախորդներ, ովքեր սիրում են ճաշի այս ձեւը, առանց տաշի-տուշիով ուտելը»,- ասում է տնօրենը:

Ճաշացանկի ոչ այնքան մատչելի գները Ժիրայր Ավանյանը պատճառաբանում է դրանց լավը լինելով. «Գնային առումով հսկայական տարբերություն չեմ տեսնում երկրորդ հորիզոնականում գտնվող ռեստորանի ու մերի միջեւ: Իմ կարծիքով, ռեստորանում սնվելը տոն, հաճույք պետք է լինի: Ինչպես, օրինակ, օպերայի տոմսը, որը չպետք է արժենա 300 կամ 400 դրամ: Օպերա գնալու դեպքում պետք է լավ հագնվես, գոնե մի քիչ զգալի գումար վճարես, որ գնահատես դրա արժեքը: Եթե տոմսը լինի անվճար կամ շատ մատչելի, արվեստը տուժում է: Անկախ ինքնարժեքից, պետք է լինեմ այն գնային քաղաքականության մեջ, որը զգոն է պահում մարդուն վայելելու այն րոպեները, որոնք այստեղ է անցկացնում»:

2009 թվականին կայացած “Լավագույն  ռեստորան” մրցույթի ժամանակ «Դոլմամա»-ն  ճանաչվել է Երեւան քաղաքի լավագույն ռեստորան, սակայն  ճաշկերույթի նոր ձեւաչափը, որ փորձում է ներդնել այս ռեստորանը, ինչպես տնօրենն է փաստում, մեզանում դեռեւս ընդունված չէ. «Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, ես չէի ուզում: Այնտեղ գնահատում էին ըստ հայտնիության: Կան ռեստորաններ, ուր մինչեւ 3000 մարդ է լինում, իսկ ես չէի ուզում մրցել մի սանդղակում, որտեղ չէի կարող. այն, ինչ ես անում եմ իմ շրջանակներում, անում եմ շատ լավ եւ գոհ եմ դրանից: Արդյունքում մեզ գնահատեցին: Կարծում եմ, ժամանակի ընթացքում կընդունվի նաեւ ճաշելու այս կուլտուրան»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Ժիրայրը պատմում է, որ ռեստորանը հիմնել է բավական քիչ գումարով: Կարծում է`  ոչինչ դժվար կամ հեշտ չի լինում, ուղղակի ճիշտ մոտեցում է պետք, իսկ առկա խնդիրներից տեսնում է հետեւյալը. «Կան ներքին խնդիրներ, ինչպես, օրինակ, աշխատողների պակասը. երբեք չկարողացա գտնել մեկին, ով այստեղ կփոխարիներ ինձ, իսկ ես կստեղծագործեի. իմ խոհանոցը հիմա կարող էր շատ ավելի համեղ լինել, բայց միաժամանակ աշխատացնել եւ ստեղծագործել չեմ կարող: Խնդիր է եղել, երբ նպատակ կար քանդել այս փողոցը, ես դեմ եմ արտահայտվել, ցուցահանդես կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Մենք ստացանք կառավարության արձագանքը, որ ճիշտ ենք մտածում: Այլեւս չի կարելի քանդել հին Երեւանը: Սա 1880 թվականի կառույց է, պատմություն ունենալու համար պարտադիր չէ, որ այն ճարտարապետական նշանակություն ունենա: Մեր երեք նախագահներն ու աշխարհի գրեթե բոլոր նախագահները, որ երբեւէ եղել են Հայաստանում, եղել են մեր հյուրը, կինոռեժիսորներ, արվեստի մարդիկ եւ այլ հայտնիներ. սա արդեն պատմություն է»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Խոսելով  հարյուրավոր հայտնի հյուրերից ու նրանցից ստացած արձագանքներից` Ժիրայր Ավանյանը հիշում է. «Չարաբաստիկ ժամանակներ էին, հոկտեմբերի 27-ից հետո Հայաստան էր եկել Իտալիայի պաշտպանության նախարարը, ով իր պատվիրակությամբ եղավ մեզ մոտ: Մեր ճաշացանկում կա “կարպաչո” անվանումը, որը ծեծած միսն է, իրենք էլ ունեն նման անվամբ ուտեստ: Մեր իտալացի հյուրը հեգնանքով ասաց. “Տվեք փորձենք ձեր կարպաչոն”, նույն հեգնական տոնը կրկնեցին նաեւ պատվիրակության անդամները: Երբ կերան, նա առանց ամաչելու ոտքի կանգնեց ու ասաց. «Սա աշխարհի ամենահամեղ կարպաչոն էր, որ ես երբեւէ կերել եմ»: Նույնը կրկնեցին նաեւ մյուսները, վստահ եմ, սուտ էին ասում`հաճոյանալով նրան, բայց նախարարի ասածն ինձ մոտ տպավորվեց»:

«Դոլմամա»-ն հանդիսանում է նաեւ կերակրատեսակների միջազգային տուրիստական գործակալություններից մեկի ցանցի անդամ, որը տարվա մեջ երկու անգամ աշխարհի տարբեր կողմերից համեղ ուտել սիրողներին մեկ օրով բերում է Հայաստան` հատուկ այս ռեստորանի կերակրատեսակները փորձելու համար:  

Ժիրայր Ավանյանը նշում է, որ միշտ սիրել է բիզնես ստեղծել ու վաճառել, իսկ այս մեկն արդեն իր հարազատ զավակն է դարձել. «Հաջողված եմ համարում այն, արդեն 14 տարի է նույն գործով եմ զբաղվում: Գումար վաստակելու այլ ու ավելի հեշտ միջոցներ կան, բայց ես հաճույք եմ ստանում այս գործից: Հիմա ինքս իմ առջեւ նպատակ եմ դրել, որ 300 տարի անց այս շենքի ճակատային մասում գրված լինի. «Այս ռեստորանը հիմնադրվել է 1998 թվականին` 300 տարի առաջ»: Հաճելի է մտածել, որ ինչ-որ բան ես թողել մարդկությանը»,- ամփոփել  է տնօրենը:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի






Դիտում՝ 11570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW