Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին
 
- Կարեն, վերջերս քո կյանքում մի շատ պայծառ իրադարձություն տեղի ունեցավ՝ դու հայրիկ դարձար: Դժվար չէ՞ այս նոր կարգավիճակում մի ամբողջ օր գտնվել աշխատավայրում՝ չե՞ն լինում պահեր, երբ ուզում ես թողնել ամեն ինչ եւ «սլանալ» բալիկիդ մոտ:

- Աղջիկս օրերս դարձավ երկու ամսական: Երբ նա ծնվեց, առաջին անգամ կյանքում օգտագործեցի արձակուրդս ամբողջությամբ եւ անցկացրեցի այն աղջկաս կողքին: Շատ կապվեցինք այդ ընթացքում, ու իրոք, չթաքցնեմ, մեծ դժվարությամբ վերադարձա աշխատանքիս: Եվ եթե հաշվի առնենք, որ մի ամբողջ օր աշխատավայրում գտնվելուց հետո բոլոր երեկոներս էլ անց եմ կացնում Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որը շուտով կավարտեմ` ստանալով MBA որակավորում, ապա դժվար չէ կռահել, թե որքան հաճախ են լինում պահեր, երբ առաջանում է «սլանալու» ցանկությունը:

- Բայց եւ այնպես, ենթադրում եմ, որ կլինեն պահեր, երբ կարող է ցանկություն առաջանալ գեթ մեկ ժամով «փախչել» առօրյա ընտանեկան հոգսերից, միեւնույն ժամանակ՝ լիցքաթափվել եւս մեկ աշխատանքային օրվա անցուդարձից: Ինչպե՞ս ես վարվում նման դեպքերում:

- Ցանկացած մարդ ունի ժամանակ առ ժամանակ առօրյա միջավայրը փոխելու եւ լիցքաթափվելու կարիք: Նման պահերին ընկերներիս հետ մի գավաթ գարեջրի շուրջ զրուցելը լավագույն միջոցն է: Չնայած, կյանքիս այս շրջանում, ժամանակի սղության պատճառով, նման հանդիպումներ անհամեմատ ավելի քիչ է հաջողվում կազմակերպել, քան կցանկանայի:

- Ի՞նչն է, որ ստիպված ես լինում անել ի պաշտոնե, եւ հակառակը՝ ի՞նչն է քեզ աշխատավայրում հաճույք պարգեւում: Ի դեպ, պաշտոնը լա՞վ բան է:

- Պրոմեթեյ բանկում եմ արդեն 9-րդ տարին: Բնականաբար, շատ դժվար կլիներ երկար տարիներ գտնվել մի վայրում, որտեղ մթնոլորտը խորթ լիներ: Այս տարիների ընթացքում ես մեծ հաճույքով եմ գնացել աշխատանքի, քանի որ շրջապատված եմ եղել կիրթ, բանիմաց, նվիրված, մարդկային բարձր հատկանիշներով օժտված եւ պարզապես լավ մարդկանցով:

Իսկ պաշտոն կոչվածը, նախ եւ առաջ, մեծ պատասխանատվություն է, երբ մշտապես պետք է գտնվես քո «թիմի» առաջատարի դերում, հանդիսանաս օրինակ, բոլոր գիտելիքներդ, կարողություններդ, փորձդ ու ժամանակդ ներդնես միասնական արդյունքի հասնելու ուղղությամբ: Իսկ սխալների կամ բացթողումների դեպքում չես կարող քեզ թույլ տալ «թաքնվել ուրիշի մեջքի ետեւում». պետք է համարձակություն ունենաս, ընդունես բացթողումներդ, սովորես դրանց վրա եւ շարժվես առաջ:

Չեմ սիրում, երբ ի պաշտոնե ստիպված եմ լինում  նկատողություն անել: Բարեբախտաբար, շատ հազվադեպ է դրա կարիքը զգացվում: Չեմ սիրում, երբ նկատում եմ իներտություն: Չպետք է անտարբեր «հաճախել» աշխատանքի՝ կատարելով սահմանված որոշակի պարտականություններ: Իմ կարծիքով, ցանկացած ոլորտում աշխատելիս պետք է մշտապես ձգտել ինքնակատարելագործման: Ինչպես ասում են, շատ ավելի կարեւոր է կատարել ճիշտ գործեր, քան կատարել գործերը ճիշտ:

- Լինու՞մ են արդյոք պահեր, երբ մտածում ես՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց մի՞ թե ես չեմ կարող հասնել էլ ավելիին, օրինակ, սեփական գործ հիմնել:

- Այսօր ինձ դժվարությամբ եմ պատկերացնում ֆինանսական համակարգից դուրս: Չեմ գտնում, որ կա նման էքսպերիմենտ անցկացնելու անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, ես սիրում եմ իմ աշխատանքը եւ բնույթով այնպիսին եմ, որ աշխատանքիս վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեի սեփական գործիս:

- Կիսու՞մ ես այն կարծիքը, որ ընկերոջ հետ պետք է միայն ընկերություն անել, այլ կերպ ասած, որ բիզնեսն ու ընկերությունը անհամատեղելի են:

- Տարածված կարծիք կա, որ ընկերն այն մարդն է, ով դժվար պահերին քո կողքին է: Համաձայն եմ, բայց մասամբ: Ըստ իս, ընկերն այն մարդն է, ով կողքիդ է թե´ դժվարության եւ թե´ հաջողության պահերին: Շատ հաճախ ես ականատես լինում, երբ բիզնեսի սկզբնական շրջանում ընկերները միասին միահամուռ հաղթահարում են ծառացած բոլոր դժվարությունները, բայց, հաջողության հասնելու դեպքում, ի վիճակի չեն լինում կիսել դժվարություններով ձեռք բերված հաջողության արդյունքները: Բիզնեսը ենթադրում եւ պարունակում է բարձր ռիսկ: Կարծում եմ, ընկերությունը պետք է հնարավորինս զերծ պահել նման ռիսկերից:

- Չե՞ս կարոտում «քո» մանկության Երեւանը: Սա «քո՞ Երեւանն է, այստեղ դու տա՞նն ես»:

- Վերջերս Facebook-ում մի լուսանկար էր շրջանառվում: Հին Կասկադի լուսանկարը: Շատ ու շատ մարդիկ կարոտով լի մեկնաբանություններ էին անում: Կարելի է հասկանալ այդ մարդկանց: Ինքս եմ ցավում, որ տարիներ շարունակ Երեւանում բազմաթիվ բացասական երեւույթներ են տեղի ունեցել: Միանգամից մտաբերում եմ Երիտասարդական պալատը` իմ մանկության Երեւանի խորհրդանիշներից մեկը, որը, ցավոք, անվերադարձ կորցրել ենք: Այո, զգալիորեն պակասել է քաղաքի ջերմությունը, կոլորիտը:

Բայց պետք չէ նկատել միայն վատը: Բազմաթիվ դրական երեւույթներ նույնպես կարելի է տեսնել: Քաղաքը չէր կարող մնալ 80-ականներում, չէր կարող չզարգանալ ժամանակին համընթաց: Համաձայն եմ, որ նոր կառույցները հնարավոր է եւ մոդեռնիզմի գլուխգործոցներ չեն, այնուամենայնիվ, դրանք նոր շունչ են հաղորդում մեր քաղաքին:

Վերադառնալով Կասկադի լուսանկարին՝ չէ՞ որ ուրախալի է, որ 80-ականների Կասկադը վերջապես կառուցվեց, որ աշխարհահռչակ Բոտերոյի քանդակներն են այսօր զարդարում հարակից պուրակը: Ուզում եմ հավատալ, որ այսուհետ մեր քաղաքը կհարստանա միայն բարձրաճաշակ կառույցներով եւ կզարգանա քաղաքակիրթ եղանակով:

- «Միայն հոգեւոր հարստությունն է, որ չի արժեքազրկվում». որքանո՞վ են այս խոսքերը համահունչ մեր ժամանակների հետ: Ի դեպ, դու հարո՞ւստ մարդ ես քեզ համարում:

- Ես չեմ կիսում այն տարածված կարծիքը, թե «մեր ժամանակները» ավելի վատն են, քան «այն ժամանակները», եւ որ «այն ժամանակներում» ավելի շատ էին բարի եւ հարուստ հոգեւոր աշխարհ ունեցող մարդիկ: Հոգեւորի եւ նյութականի հակադրությունը նոր չի առաջացել: Այն դարերի պատմություն ունի: Բոլոր ժամանակներում էլ եղել են ագահ եւ նյութապաշտ մարդիկ, որոնք հարստանալու մրցավազքում կորցրել են իրենց մարդկային դիմագծերը: Նույնը կատարվում է եւ մեր ժամանակներում:

Ավելորդ լավատեսությամբ չեմ տառապում, բայց շատ ուրախալի է, երբ տեսնում եմ, որ ունենք շատ լավ երիտասարդություն, շատ որակյալ սերունդ է հասունանում` կիրթ, գրագետ, զարգացած, մարդկային բարձր հատկանիշներով եւ ձգտումներով օժտված: Նրանք ունեն թե´ ուսում ստանալու, թե´ իրենց ուսումը ի նպաստ մեր երկրի բարօրության կիրառելու շատ լայն հնարավորություններ, որոնք նախկինում չկային կամ հասանելի չէին շատերին:

Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հարստությունն իմ աղջիկն է: Այնպես որ, հանգիստ կարող եք հայտարարել, որ ես օլիգարխ եմ (ծիծաղում է – հեղ.):

Կարեն Եղիազարյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 11155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW