Աշոտ Օսիպյան. գործարքների մեծ մասը պետք է կատարվի անկանխիկ

19.07.2011 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային եւ ամենակայացած ճյուղերից մեկը: Ոլորտում գործում է 21 բանկ, որոնցից շատերն ունեն իրենց հատուկ մրցակցային առավելությունները մյուսների նկատմամբ, եւ, ինչը հատկանշական է, համակարգում չկա բացարձակ առաջատար:

Բանկերի շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), ավանդաբար գլխավորում են բանկերի ղեկավարները, որոնց անկողմնակալությունը վերոհիշյալ սուր մրցակցային պայմաններում կարող է կասկածելի թվալ: Նշված հարցի եւ ՀԲՄ օրակարգային խնդիրների շուրջ Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է միության նախագահ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր  տնօրեն Աշոտ Օսիպյանը:

- ՀԲՄ-ի հիմնական նպատակն է պաշտպանել Միության անդամների, այն է` բանկերի  շահերը: Որպես կանոն,  ՀԲՄ-ի նախագահի պաշտոնում  ընտրվում են առեւտրային բանկերի գործող ղեկավարները: Չի
՞ կարող արդյոք այս հանգամանքը հանգեցնել նրան, որ նախագահության ընթացքում ՀԲՄ-ի  ղեկավարը առաջ քաշի իր ղեկավարած բանկի շուրջ ծառացած մասնավոր հարցերը:

- Միությունում ստեղծվել է մթնոլորտ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: Նման մթնոլորտի պայմաններում անհնար է, որ որոշումներ կայացվեն` հօգուտ կոնկրետ բանկի մասնավոր շահերի: Իր պատմության ընթացքում Բանկերի միությունը միշտ հանդես է եկել որպես բանկերի հավաքական կարծիքն արտահայտող կառույց:

Ինչ վերաբերում է ինձ կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին, ապա չեմ կարծում, որ կարիք ունեմ օգտագործելու Բանկերի միության նախագահի պաշտոնը սեփական հարցերը լուծելու համար:      

- Իսկ չե
՞ն խանգարում  ՀԲՄ-ի ղեկավարի պարտականությունները կենտրոնանալ Ձեր կողմից ղեկավարվող բանկի գործերի վրա:

- Պետք է անկեղծ լինեմ. իհարկե դժվար է համատեղել այդ պարտականությունները: Ես միշտ այն կարծիքին եմ, որ Բանկերի միության նախագահը պետք է լինի անկախ անձ: Իսկ այժմ, քանի որ ինձ են ընտրել Միության նախագահ, ես  պարտավորություններ ունեմ ընկերներիս առջեւ: Ինչ վերաբերում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին, ապա ժամանակային դժվարությունները հաղթահարվում են այստեղ ձեւավորված թիմի եւ ստեղծված գործուն մեխանիզմների շնորհիվ:

- Որո՞նք են այսօր Բանկերի միության օրակարգային խնդիրները:  


- Օրակարգային հարցերից ամենահրատապը բանկային համակարգի զարգացման ապահովումն է` ունենալով դրա համար համապատասխան կարգավորման դաշտ: Կառանձնացնեմ բանկային համակարգը կանոնակարգող օրենսդրության բարելավումը: Այն իր մեջ ներառում է ոչ միայն բանկային գործունեության իրավական դաշտը, այլեւ պետական եւ դատական մարմինների` բանկային համակարգին առնչվող  գործառույթների կարգավորումը: Այդ աշխատանքներն իրականացվում են տարբեր ոլորտների մեր գործընկերների հետ` ԿԲ-ի, դատական համակարգի, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի պետական կոմիտեի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ:  

- Որքանո՞վ էր հիմնավորված ՀԲՄ-ին կից  ֆինանսական արբիտրաժի ստեղծումը: Չի՞ կրկնօրինակում արդյոք այդ կառույցը Հայաստանում արդեն իսկ գործող Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակի գործառույթները:  

- Ես կարեւորում եմ ֆինանսական արբիտրաժի ստեղծումը եւ այդ մասնագիտական կառույցի միջոցով ֆինանսական վեճերի կարգավորումը: Արբիտրաժի արբիտրները  մասնագիտացած անձիք են, որոնք կարող են շատ արագ եւ պրոֆեսիոնալ քննել վեճը՝  հաշտեցնելով կողմերին կամ վճիռ կայացնելով: Ֆինանսական արբիտրաժի իրավասությանը ենթակա են առեւտրային հարաբերություններից բխող այն վեճերը, որոնց լուծումը կողմերը վերապահել են ֆինանսական արբիտրաժին` այդ մասին կնքելով արբիտրաժային համաձայնություն: Ընդ որում, հայցադիմում կարող են ներկայացնել արբիտրաժային համաձայնություն կնքած կողմերից յուրաքանչյուրը, նրանց միջեւ կնքված կոնկրետ պայմանագրի շուրջ ծագած վեճերի լուծման նպատակով:

Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջները: Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող են դիմել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները, այն էլ այն դեպքում, երբ նախապես ֆինանսական կազմակերպությանը ներկայացրել են բողոք-պահանջ եւ կազմակերպության կողմից այն չի բավարարվել:

Ինչպես տեսնում եք, ֆինանսական արբիտրաժն ու հաշտարարը իրար չեն կրկնօրինակում. արբիտրաժը վճիռ է կայացնում, իսկ հաշտարարը երաշխավորում է ֆինանսական համակարգի հաճախորդների շահերը: Արդյունքում կարելի է փաստել, որ Հայաստանի ֆինանսական շուկայում սպառողների շահերն առավելագույնս պաշտպանված են:      

- Ժամանակին Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանն առաջարկում էր օրենսդրորեն ամրապնդել անկանխիկ եղանակով անշարժ գույքի առքուվաճառքի մասին պահանջը: Կցանկանայինք լսել ձեր մեկնաբանությունը այս հարցի շուրջ:

- Ես նույն կարծիքին եմ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն անշարժ գույքի, այլ ընդհանրապես, ՀՀ-ում գործարքների մեծ մասը կատարվի անկանխիկ: Դա կբերի ստվերի կրճատմանը եւ մենք կունենանք նոր որակի հարաբերություններ ֆինանսական հաստատությունների եւ հաճախորդների միջեւ:

Հայաստանում կանխիկ գործառնությունների մասնաբաժնի կրճատումն արդեն նկատելի է: Բավականին շատ ընկերություններ աշխատավարձեր են տալիս պլաստիկ քարտերով, առեւտրի եւ սպասարկման բազմաթիվ  կետերում կարող եք տեսնել POS-տերմինալներ: Ես կողմ եմ, որ բոլոր մեծ գործարքներն իրականացվեն անկանխիկ եւ դա ամրագրվի օրենսդրորեն:

- Ինչպե՞ս կգնահատեք տնտեսությունում առկա ստվերի ազդեցությունը վարկային գործընթացների վրա:   


-Վերջերս Financial Times-ը հրապարակել էր հետաքրքիր վիճակագրական աղյուսակ, որում բերված էին մի շարք եվրոպական եւ հյուսիս-ամերիկյան երկրների ստվեր/ՀՆԱ հարաբերակցությունները: Այդ ցանկում ամենամեծ ստվերը  Բուլղարիայում էր (ՀՆԱ-ի 32%-ը), իսկ  ամենափոքրը՝ ԱՄՆ-ում (7%): Ուշագրավ է, որ եթե դիտարկենք նշված երկրների վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը, կստանանք նույն ցանկը՝ հակառակ դասավորությամբ. վարկեր/ՀՆԱ ամենափոքր հարաբերակցությունը կլինի ամենամեծ ստվերն ունեցող երկրներում: Ակնհայտ է, որ ստվերի կրճատումը կբերի տնտեսության վարկունակության բարձրացմանը:

- Եթե ձեր բերած «տնտեսության ստվերայնության» ցանկում լիներ նաեւ Հայաստանը, ո՞ր տեղը կտայիք մեր երկրին, որպես բանկի ղեկավար, որն անմիջականորեն առնչվում է մասնավոր հատվածի հետ: 
     

- Ըստ համաշխարհային տնտեսական վիճակագրության` Հայաստանի պես տնտեսություններում ստվերը գերազանցում է 40%-ը: Պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի կարող վերափոխվել միանգամից, ուղղակի մենք պետք է տեսնենք հստակ դրական տեղաշարժեր՝ այս ցուցանիշի իջեցման ուղղությամբ: Ներկայումս ընթացող հարկային վարչարարական եւ օրենսդրական փոփոխությունները, իմ գնահատականով, կարող են դա անել:

- Համահայկական Բանկը վերջերս լիցենզիա է ստացել: Ունի՞ արդյոք  ՀԲՄ-ն ձեւավորված կարծիք այս կառույցի ապագայի վերաբերյալ: Կա՞ արդյոք շահերի բախում առեւտրային բանկերի հետ:

- Համահայկական բանկի հիմքում դրվել է հետեւյալ փիլիսոփայությունը. դառնալ կամուրջ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, որը կֆինանսավորի ազգային նշանակության խոշոր ծրագրեր: Այդ իսկ պատճառով ես մտավախություն չունեմ եւ շահերի բախման վտանգ չեմ տեսնում:

Բանկի գործունեությանը գնահատական տալն այսօր դեռեւս վաղ է: Երբ այն սկսի աշխատել, մենք կտեսնենք, արդարացված է արդյոք այդ կառույցի հիմքում դրված հայեցակարգը, թե ոչ:

Դիտում՝ 16102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW